Բելգիայի հայտնի հայերը. ինչպես դուդուկը Վարդան Հովհաննիսյանին հասցրեց Եվրոպայի բեմեր
16 րոպեի ընթերցում

Բելգիայում ավելի քան երեք տասնամյակ բնակվող դուդուկահար Վարդան Հովհաննիսյանի համար հայկականությունը պարզապես ծագում կամ հիշողություն չէ։ Այն նրա առօրյայի անբաժանելի մասն է, ապրելու և ինքնությունը պահպանելու ձև։
Ավելի քան 40 տարի բեմում լինելով՝ Վարդան Հովհաննիսյանը տասնամյակներ շարունակ դուդուկի միջոցով պատմում է Հայաստանի մասին՝ հիմնականում օտարերկրյա հանդիսատեսին։ Նա իր երաժշտությամբ Հայաստանը ներկայացնում է մարդկանց, որոնցից շատերը երբևէ չեն եղել մեր երկրում։ Եվ այդ պատմությունը հաճախ բառերի կարիք չունի․ դուդուկի ձայնն ինքն է փոխանցում այն զգացողություններն ու պատմությունները, որոնք դժվար է արտահայտել բառերով։

Երբ Վարդան Հովհաննիսյանը խոսում է դուդուկի մասին, երբեմն դժվար է հասկանալ՝ նա խոսում է երաժշտական գործիքի՞, Հայաստանի՞, թե՞ իր կյանքի մասին։ Նրա պատմության մեջ այդ երեքն այնքան են միահյուսվել, որ դուդուկը վաղուց դարձել է ոչ միայն նրա մասնագիտությունը, այլև հայրենիքի հետ կապը պահպանելու և Հայաստանն աշխարհին ներկայացնելու միջոց։
1994 թվականին Հովհաննիսյանն արդեն համերգներով շրջում էր Եվրոպայում՝ Բելգիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում։ Նրա մի քանի երաժիշտ ընկերներ այդ տարիներին արդեն տեղափոխվեցին Եվրոպա, ուրիշներն ապրում ու աշխատում էին տարբեր երկրներում։ Իսկ իր դեպքում, ինչպես ինքն է ասում, ամեն ինչ ավելի շատ հանգամանքների բերումով ստացվեց։ Պատահականություն կամ էլ պարզապես ճակատագրի հրամայական. «Ես այստեղ մնալու հատուկ նպատակ չունեի։ Ամեն ինչ աստիճանաբար ու ավելի շատ պատահական եղավ»։
1995 թվականին արդեն նա տեղափոխվեց Եվրոպա։ Դա Հայաստանի համար նույնպես ծանր ժամանակաշրջան էր․ 1990-ականների սոցիալական ու տնտեսական դժվարությունները շատերի կյանքն էին փոխում, և մարդիկ տարբեր ճանապարհներ էին փնտրում Հայաստանի սահմաններից դուրս։ Չկար նաև իրենց խումբը, երկրից դուրս ապագա փնտրելը Վարդանին բերեց Բելգիա, որտեղ արդեն ապրում էին նրա երաժիշտ ընկերները։

Ավելի քան երեսուն տարի Վարդան Հովհաննիսյանն ապրում է Բելգիայում։ Ինտեգրվել է, ունի բելգիացի ու տարբեր ազգությունների ընկերներ, իր ընտանիքի կյանքը վաղուց կապված է այս երկրի հետ։ Բայց երբ հարցնում ես՝ այսքան տարիներ անց ի՞նչ է նշանակում իր համար հայկականությունը, պատասխանը բարդ չէ։
«Մենք Հայաստանում ենք ապրել, այդ մշակույթով ենք ձևավորվել և նույն մշակույթով էլ այստեղ ենք շարունակում ապրել։ Իհարկե, ինտեգրվել ենք, ունենք օտարազգի ընկերներ, հարևաններ, բայց հայկականն ու հայկականությունը մեր մեջ է։ Հիմա արդեն մեր երեխաներն են շարունակում դա։ Նույնիսկ ընկերներիս թոռներն են հայերեն խոսում։ Դա փոխանցվում է սերնդեսերունդ»։
Հովհաննիսյանի համար հայկականությունը հատուկ ջանքերով կառուցված մի բան չէ։ Այն ընտանիքի, ընկերության, երաժշտության, լեզվի ու հիշողության բնական շարունակությունն է։ Այդ կապը նա փորձել է փոխանցել նաև որդուն՝ Սպարտակին։
Սպարտակը մեծացել է հայկական ընտանիքում՝ շրջապատված հայ ընկերներով ու նրանց երեխաներով, բայց միաժամանակ ունեցել է իր բելգիական կյանքը, դպրոցը, ընկերները։ Հայկականությունը պահպանելու ամենակարևոր ճանապարհներից մեկը, ըստ Հովհաննիսյանի, Հայաստանի հետ կենդանի կապն էր։
«Գրեթե ամեն տարի գնում էինք Հայաստան, երկու ամիս մնում էինք այնտեղ։ Նա Հայաստանը միայն պատմություններից չէր ճանաչում։ Գնում էր, ապրում այդ միջավայրում, շփվում մարդկանց հետ։ Այստեղ էլ հիմնականում հայերի հետ շատ էինք շփվում։ Իմ ընկերների երեխաները նրա ընկերներն են։ Կարծում եմ՝ այս ամենի շնորհիվ այդ ամենը պահպանվեց, և ես շատ ուրախ եմ դրա համար»։
Երբ հարցնում ես՝ ի՞նչ է Հայաստանն այսօր նրա համար՝ աշխարհագրությո՞ւն, պատմությո՞ւն, թե՞ ինքնություն, երկար բացատրություն չի տալիս։
«Հայաստանն իմ հայրենիքն է»։
Այդ պարզ նախադասության հետևում մնացել են մանկությունը, դպրոցական տարիները, ընկերները, երաժշտական առաջին փորձերը, մարդիկ, որոնցից շատերը մինչ օրս Հայաստանում են։
«Երբ գնում ես Հայաստան, կարծես, վերադառնում ես քո կյանքի մի հատվածին»։
Երաժշտության ճանապարհը, սակայն, դուդուկով չի սկսվել։ Մանկության տարիներին Վարդանը պարով է զբաղվել՝ Պիոներների պալատում։ Հիշում է խիստ ուսուցչին, երկար փորձերը և այն ժամանակվա կարգապահությունը։ Պարը սիրում էր, բայց ընտրեց երաժշտությունը։ Հետագայում դուդուկը մտավ նրա կյանք և այլևս չհեռացավ։
Հայաստանում նա հիմնականում նվագակցող երաժիշտ էր։ Տասնվեց տարեկանից աշխատել է պետական ժողովրդական համույթներում, հանդես եկել տարբեր խմբերի հետ, այդ թվում՝ «Գանձասար»-ի։
Հայաստանում բեմը մի ուրիշ փորձություն էր։ «Հայ հանդիսատեսը շատ պահանջկոտ է։ Նա հասկանում է երաժշտությունը, զգում է ամեն ինչ»։
Տարիներ անց Բելգիայում հանդիսատեսը փոխվեց։ Այսօր Հովհաննիսյանի համերգներին ներկաների ճնշող մեծամասնությունը հաճախ օտարազգիներ են։ Եվ հենց այստեղ նրա համար դուդուկը ձեռք բերեց նաև մեկ այլ նշանակություն՝ այն դարձավ լեզու, որով կարելի էր պատմել Հայաստանի մասին նրանց, ովքեր հայերեն մի բառ անգամ չեն հասկանում։
Հովհաննիսյանը հիմնականում մասնակցում է փառատոնների և հանդես գալիս սեփական համերգներով։ Ասում է՝ հատկապես վերջին տարիներին զգում է, թե ինչպես է դուդուկը ճանաչելի դարձել եվրոպական հանդիսատեսի համար։
«Հաճախ իմ համերգների հանդիսատեսի 90-95 տոկոսը օտարներ են։ Եվ դա շատ հաճելի է։ Դուդուկի ձայնը երբեմն համեմատում են տիեզերական ձայների հետ»։
Նա հատկապես սիրում է հետևել մարդկանց դեմքերին։ «Նայում ես՝ աչքերը փակում են, խորասուզվում են երաժշտության մեջ։ Երբեմն թվում է՝ եկեղեցում աղոթում են։ Շատ հետաքրքիր է նրանց արձագանքը»։
Դուդուկն այդ պահին դադարում է պարզապես հայկական գործիք լինելուց. այն դառնում է զգացողություն, որը թարգմանության կարիք չունի։
Բայց արդյոք դուդուկի ձայնն ինքնին միշտ կարոտ է։ Հովհաննիսյանը համաձայն չէ այդ պարզեցման հետ։
«Կախված է նրանից, թե ինչ ես նվագում։ Եթե ոչ հայկական ստեղծագործություն ես նվագում, պարտադիր չէ, որ այնտեղ կարոտ լինի։ Բայց երբ հայկական գործ ես կատարում, այդ զգացողությունն ինքնաբերաբար գալիս է։ Հայկական երաժշտության մեջ այդ կարոտն արդեն շատ խորն է նստած»։
2015 թվականին, երբ նրան առաջարկեցին դուդուկի ալբոմ ձայնագրել Muziekpublique-ի նախաձեռնությամբ, առաջին հարցը, որ ինքն իրեն տվեց, սա էր՝ ի՞նչ կարող է դա ավելացնել արդեն գոյություն ունեցող հսկայական ժառանգությանը։
«Շատ լավ դուդուկահարներ կան, որոնք հրաշալի կատարել են հայկական երաժշտությունը։ Ես չէի ուզում նույնը կրկնել։ Ուզում էի ինչ-որ բան անել իմ ձևով, իմ ոճով»։

Այդ որոնումներից ծնվեցին նաև համագործակցություններ այլ մշակույթներից եկող երաժիշտների հետ։ Հովհաննիսյանի համար նման նախագծերը միայն երաժշտական փորձարկումներ չեն։ Դրանք երբեմն հնարավորություն են դառնում խոսելու պատմական հիշողության, ցավի ու մարդկանց միջև կամուրջներ ստեղծելու մասին։
Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված «Ադանա» ալբոմը Հովհաննիսյանը ձայնագրեց ծագումով հայ Էմրե Գյուլթեքինի հետ, որը Բելգիայում հայտնի է որպես թուրք երաժիշտ։
Նախագիծը յուրահատուկ կերպով միավորում էր Ադանայի պատմական հիշողությունը, թուրք կատարողի երաժշտական արտահայտչամիջոցն ու հայկական երաժշտական ժառանգությունը։
Համերգների ընթացքում ստեղծագործությունները ներկայացվում էին նաև դրանց պատմական և մարդկային համատեքստով՝ երաժշտությանը զուգահեռ հանդիսատեսին փոխանցելով այն պատմությունները, հիշողություններն ու զգացողությունները, որոնցից ծնվել էին այդ ստեղծագործությունները։
Նման ծրագրերն արձագանք գտան ոչ միայն հանդիսատեսի, այլև մամուլի շրջանում։
Բայց Հովհաննիսյանի համար ամենամեծ արձագանքը հաճախ ոչ թե հոդվածն է կամ գրախոսությունը, այլ այն մարդը, որը համերգից հետո ցանկանում է ավելի շատ իմանալ Հայաստանի մասին։ Ավելի քան քսան տարի Հովհաննիսյանը նաև դասավանդում է Բելգիայի երաժշտական ակադեմիայում։ Այստեղ նրա աշակերտների մեծ մասը հայեր չեն։
Սկզբում նրանք գալիս են գործիքի ձայնի հետևից։ Հետո սկսում են հարցնել՝ որտեղի՞ց է այդ գործիքը, ինչո՞ւ է այդպես հնչում, ի՞նչ երաժշտություն է սա։ Եվ շատերի համար հետաքրքրությունը դուդուկով չի ավարտվում։
«Կարող եմ ասել՝ իմ աշակերտների մեծ մասը դուդուկին ծանոթանալուց հետո գնացել է Հայաստան։ Շատերը՝ մի քանի անգամ»։
Նա ժպիտով պատմում է, որ այսօր աշակերտներ ունի, որոնք Հայաստանի որոշ վայրեր իրենից լավ են ճանաչում։ «Գիտեն եկեղեցիները, գիտեն՝ որտեղ են դրանք գտնվում, շատ են կարդացել Հայաստանի պատմության ու մշակույթի մասին։ Ոմանք ինձնից ավելի լավ են ճանաչում Հայաստանը»։
Այսպիսով, երաժշտական դասը վերածվում է մեկ ուրիշ ճանապարհորդության. Դուդուկը նրանց համար դառնում է դեպի Հայաստան տանող առաջին ճանապարհը։
«Երբ նոր աշակերտ է գալիս, ինձ էլ է հետաքրքիր՝ ինչո՞ւ հենց դուդուկ։ Շատերի պատասխանը նույնն է՝ ձայնը։ Իրոք, դրա ձայնի մեջ ինչ-որ առանձնահատուկ բան կա։ Շատերն ասում են՝ երկնային ձայն է»։
Չնայած երաժշտությունն իր կյանքի առանցքն է՝ Սպարտակի դեպքում Հովհաննիսյանը երբեք չի փորձել պարտադրել նույն ճանապարհը։
Փոքր տարիքում որդին փորձել է սովորել, բայց խաղն ու վազվզոցն ավելի գրավիչ էին։ Ավելի ուշ, ասում է հայրը, Սպարտակն ինքն է սկսել ափսոսալ։
«Նա ինձնից հինգ անգամ ավելի լավ լսողություն ու հիշողություն ունի»։
Հատկապես հիշում է որդու հարսանիքից առաջ տեղի ունեցած մի դրվագ։ Սպարտակը, որ տարիներ շարունակ տանը տեսել էր հոր աշակերտներին, հարսանիքից ընդամենը մեկ շաբաթ առաջ որոշել էր դուդուկ նվագել։ Վերցրել էր գործիքն ու սկսել սովորել։
«Մի շաբաթում հասցրեց։ Շատ արագ է սովորում։ Եթե ժամանակ տրամադրի, կարող է շատ լավ նվագել»։ Բայց երաժշտությունից ավելի կարևոր մի բան կար, որը հայրն անպայման ցանկանում էր փոխանցել որդուն։
«Մեծերի նկատմամբ հարգանքը։ Միշտ ասել եմ՝ պետք է մեծերին հարգել։ Եվ շատ ուրախ եմ, որ դա նրա մեջ կա»։
Նրա համար հայկականությունը հենց այդպիսի փոքր թվացող, բայց խորքային բաներից է կազմված՝ ոչ միայն լեզվից ու երաժշտությունից, այլ նաև մարդու վերաբերմունքից մյուսի հանդեպ։
Բելգիայի հայկական համայնքը ևս եղել է Հովհաննիսյանի կյանքի անբաժանելի մասը։
Տարիների ընթացքում նա մասնակցել է համայնքային միջոցառումների, տոների, հիշատակի արարողությունների, բարեգործական նախաձեռնությունների։
«Ինչքան կարողացել եմ՝ միշտ մասնակցել եմ, նվագել եմ, փորձել եմ մարդկանց ուրախացնել»։

Նրա համար համայնքը միայն հայկական ինքնությունը պահպանելու վայր չէ։ Այն տարածք է, որտեղ մարդիկ դեռ կարող են իրենց ապրածը փոխանցել հաջորդ սերնդին։ Իսկ Հայաստանն այդ շղթայի կենտրոնում է։
Երբ խոսում ենք Հայաստանի ապագայի մասին, Հովհաննիսյանի առաջին բառը ո՛չ մշակույթն է, ո՛չ տնտեսությունը, ո՛չ էլ արտագաղթը։ Խաղաղությունն է։
«Հայաստանին առաջին հերթին խաղաղություն է պետք։ Ամենամեծ բանը խաղաղությունն է։ Եթե Հայաստանը խաղաղություն ունենա, կարծում եմ՝ շատ արագ կբարգավաճի։ Եվ շատ մարդիկ նույնիսկ կմտածեն վերադառնալու մասին»։
Այս տարի լրանում է Վարդան Հովհաննիսյանի բեմական գործունեության քառասուն տարին։ Թվում է՝ այդքան տարի անց բեմը պիտի վաղուց սովորական դարձած լիներ։ Բայց նա խոստովանում է, որ ամեն անգամ նորից նույնն է կատարվում։ «Մինչև այսօր, երբ դուրս եմ գալիս բեմ, առաջին հինգ-տասը րոպեն շատ եմ հուզվում։ Կարելի է ասել՝ մի տեսակ պանիկա է, մինչև հարմարվում եմ բեմին»։
Դուդուկի դեպքում հուզմունքն անգամ լսելի է։ Շնչառությունը փոխվում է, վիբրացիան արագանում, և երաժիշտը ստիպված է վերահսկել ոչ միայն տեխնիկան, այլև սեփական ներսը։
Հովհաննիսյանը գիտի շատ ուժեղ երաժիշտների, որոնց համար բեմական այդ սահմանը երբեմն չափազանց դժվար է եղել։
«Լավ երաժիշտ լինելն ու բեմում քեզ ազատ զգալը միշտ նույն բանը չեն»։ Իսկ ինքը քառասուն տարի անց դեռ հուզվում է։
Գուցե, հենց դա է պատճառը, որ երաժշտությունը նրա համար չի դարձել սովորություն։
Եվ, գուցե, հենց այդ հուզմունքն է պահում դուդուկի ձայնի մեջ այն կենդանի, անբացատրելի շերտը, որը տարբեր երկրներում նստած մարդկանց ստիպում է փակել աչքերը։
Նրանք, գուցե, դեռ չգիտեն Հայաստանի պատմությունը, չեն տեսել նրա եկեղեցիները, չեն քայլել Երևանի փողոցներով։ Բայց մի քանի րոպե լսելով Վարդան Հովհաննիսյանի դուդուկը՝ ինչ-որ բան արդեն գիտեն Հայաստանի մասին։ Ոչ թե այն, ինչ կարելի է կարդալ գրքում, այլ այն, ինչ հնարավոր է միայն զգալ։
Ու այս ամենի մեջ, թերևս, ամենահետաքրքրականն այն է, որ Վարդան Հովհաննիսյանի երաժշտական ճանապարհը դուդուկով չի սկսվել։ Սկզբում փորձեց ակորդեոն նվագել։ Եվ հենց այդ շրջանից մի դրվագ հատկապես խորը հետք թողեց նրա մեջ։ Ընտանիքի բարեկամներից մեկը, լսելով նրա նվագը, հորն ասել էր մոտավորապես այսպիսի մի բան՝ երաժշտությունն իրենը չէ, ավելի լավ է երեխային ուրիշ զբաղմունքի տան։ Երեխայի համար այդ մի քանի բառերը բավական էին։ Հովհաննիսյանը հիշում է, որ այնքան էր ազդվել այդ խոսքից, որ դրանից հետո այլևս երբեք ակորդեոնը ձեռքը չվերցրեց։
Տարիներ անց այդ պատմությունը փոքր դրվագ է թվում, բայց այն հիշեցնում է, թե որքան հեշտ կարող է մեկ մեծահասակի ասած խոսքը երեխայի մեջ կասկած սերմանել սեփական կարողությունների նկատմամբ։ Երաժշտությունը, սակայն, նրա կյանքից չհեռացավ։
Հետո սկսեց շվի նվագել, նվագակցել ու արդեն Բելգիայում կյանքը նրան տարավ դեպի այն գործիքը, որը հետագայում պիտի դառնար իր գլխավոր ուղեկիցը՝ դուդուկը։
Իսկ երեխայի մասին, ում ժամանակին ասել էին, թե երաժշտությունն իրենը չէ, տարիներ անց պիտի խոսեին արդեն որպես դուդուկահարի, որը հայկական գործիքի ձայնը հասցրել է Եվրոպայի բազմաթիվ բեմեր։ Եվ, գուցե, այդ պատճառով այսօր, երբ ինքն է դասավանդում, շատ ավելի լավ գիտի, թե երաժշտություն սովորող մարդու համար որքան կարևոր է ոչ միայն պահանջկոտ ուսուցիչ ունենալը, այլև հավատալը, որ կարող ես։ Իսկ վերջում, հայկականն ու հայկականությունն առանց խոսքերի միայն երաժշտությամբ փոխանցելու համար Հովհաննիսյանն ընտրում է երկու գործ՝ «Կռունկ» ու «Դլե Յաման»։
