Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Մայրական կաթ» գիրքն՝ առաջատար. թարգմանական. օգոստոս, 2026

9 րոպեի ընթերցում

«Երևանյան բեսթսելեր». «Մայրական կաթ» գիրքն՝ առաջատար. թարգմանական. օգոստոս, 2026

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է օգոստոսի վաճառքների հիման վրա:

Առաջին տեղում է Նորա Իկստենայի «Մայրական կաթ» վեպը, որն ութերորդ տեղում է, նույն ընտանիքի երեք սերնդի կանանց պատմություն է: Հեղինակը հանրամատչելիորեն պատկերում է իր մանկության և երիտասարդության տարիների խորհրդային Լատվիայի սոցիալական միջավայրը, բարոյականության վակուումը, որը տարօրինակորեն ուղղորդվում էր և ներսից կոտրելով մարդկանց՝ վերածում կենդանի դիակների: Վեպի ամբողջ տեքստը ապրելու անհնարինության վավերագրություն է՝ ներծծված հրաժարումով ամուսնուց ու հորից, երազանքներից, գաղափարներից ու համոզմունքներից, աշխատանքից ու սեփական տեսակետից, ընկերներից և սիրելիներից: Գլխավոր հերոսուհին գինեկոլոգ է, որը հրաշալիորեն ճանաչում է մարդուն և շատերին կարողանում օգնել իր գիտելիքներով, բայց, պարզվում է, ի վիճակի չէ ապրելու իրեն բաժին հասած կյանքը: Մայրական կաթը երեխայի առաջին սնունդն է: Գլխավոր հերոսուհին՝ մայրը, դստերը միտումնավոր զրկում է այդ կաթից՝ թույլ չտալով նրան ժառանգել իր ցավն ու հուսահատությունը:

Ջոան Հարիսի «Շոկոլադը» երկրորդ տեղում է։ Վեպում պատմում է այն մասին, թե ինչպես փոքրիկ ֆրանսիական Լանսկընե գյուղում երկար տարիներ ոչինչ չէր փոխվում, մինչև մի օր Մեծ Պահքի շեմին, փոփոխական քամու հետ ժամանում են խորհրդավոր անծանոթուհի Վիեն Ռոշենը և իր դուստրը։ Հետաքրքիր է արդյո՞ք Ռոշենը կկարողանա պահել իր շոկոլադի խանութը, այդ խիստ ծիսական պահքերի խստությամբ փոքրիկ գյուղում։

Ուիլյամ Սարոյանի «Անունս Արամ է» պատմվածքների շարքը երրորդ տեղում է: Այն Սարոյանի մանկական ու պատանեկան հիշողությունների արձագանքն է՝ յոթնամյա տղայի բացահայտումներից մինչև տասնյոթամյա պատանու ներաշխարհը: Ծայրից ծայր զուտ սարոյանական՝ զարմանալի խանդավառությամբ, խրոխտությամբ ու գաղտնախորհուրդ թախիծով շաղախված, նուրբ հումորով ներծծված պատմություններ՝ հարազատ փոքրիկ քաղաքի զավեշտալի մարդկանց և դրանց դիմակայող՝ Սարոյանների հերսոտ ու հպարտ ընտանիքի մասին:

Չորրորդ տեղում է Ֆրանկ Տիլյեի «Գլուխկոտրուկ» գիրքը։ Որտե՞ղ է իրականության և երևակայության անտեսանելի սահմանը։ Այս հարցի պատասխանը պետք է բացահայտեն Իլանը և Քլոեն՝ առեղծվածային խաղի՝ «Պարանոյայի» մասնակիցները։ Ոչ ոք չգիտի, թե ինչ կանոններով է ընթանում այս խաղը, և ինչպես այն կավարտվի, սակայն մի բան հաստատ է․ հաղթողին խոստացված է խոշոր դրամական պարգև՝ երեք հարյուր հազար եվրո, որի համար մասնակիցները պատրաստ են անգամ ամենադաժան և անսպասելի քայլերին։ Խաղը տանում է ֆրանսիական Ալպերի մութ խորքերը՝ դեպի լքված հոգեբուժարան, որտեղ մեկ տարի առաջ՝ Սուրբ Ծննդյան նախօրեին, հայտնաբերվել էին ութ դիակ… Հինգ տղամարդ և երեք կին սառնասրտորեն սպանվել էին քնի մեջ։ Այժմ խաղացողները կրկին ութն են։ Ո՞վ է նրանցից կենդանի մնալու, և արդյո՞ք կլինի այդպիսի մեկը…

Տոշիկազու Կավագուչիի «Նախքան սուրճը կսառի» հինգերորդ տեղում է։  Տոկիոյի մի գողտրիկ սրճարան, որտեղ անչափ համեղ սուրճ են մատուցում, իր այցելուներին հնարավորություն է տալիս վերադառնալ անցյալ։ Սրճարանն ունի իր կանոնները, որոնցից ամենախիստն այսպիսին է. «Պետք է խմես սուրճը նախքան այն կսառի», որպեսզի ճիշտ ժամանակին վերադառնաս ներկա, այլապես...

Վեցերորդ տեղում է Էլիզաբեթ Գիլբերթի «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը։ Ամերիկուհի գրող Էլիզաբեթ Գիլբերթի հուշագրություններն ամփոփող «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը կանացի ուխտագնացություն է, զգայական հաճույքի, հոգևոր լուսավորման ու կենսական Ներդաշնակության փնտրտուք Իտալիայի, Հնդկաստանի ու Ինդոնեզիայի մշակութային ոլորաններում։ Սրամտությամբ, ինքնահեգնանքով, ազատագրության մղումով լի այս երաշխարհային ճամփորդությունը կենտրոնացնում է ընթերցողի ուշադրությունը էականի վրա, շեղում անկարևորից, ձևակերպում պոստֆեմինիստական աշխարհում ապրող ու առաջին հայացքից երջանիկ կյանք վարելու բոլոր նախադրյալներն ունեցող կնոջ խնդիրը, օրակարգ բերում հարցեր, որոնց շուրջ քանիցս մտորելու անհրաժեշտություն կա, ու առաջարկում դասեր, որոնք միանգամայն փոխադրելի են ժամանակի ու տարածության մեջ։  

Հարուկի Մուրակամիի «Սահմանից հարավ, արեգակից արևմուտք» յոթերորդ տեղում է։ Հաջիմեն հաջողակ գործարար է, երկու բարի տեր, ունի սիրելի կին և երեխաներ։ Երջանկության համար կարծես ուրիշ ոչինչ հարկավոր չէ։ Բայց նրա կյանքում հայտնվում է Շիմամոտոն՝ պատանեկության տարիների առաջին սերը, որն այդպես էլ չի մոռացվել։ Խախտվում է իրականության և պատրանքի սահմանը։ 1992-ին լույս տեսած այս վեպը սիրո մասին է, կրքի, կյանքը գլխիվայր շրջող ճիշտ և սխալ որոշումների, կորցրած ու բաց չթողած հնարավորությունների մասին, և այս ամենը՝ շաղախվածառեղծվածով ու Մուրակամիի երաժշտական նուրբ ճաշակով։

Մարկ Արենի «1992. Մի ամառվա պատմություն» գիրքը ութերորդ տեղում է։ Հուզիչ վիպակ՝ ցավի, հույսի ու հրաշքի մասին։ Պատմություն այն մարդկանց մասին, որոնց ճակատագիրը միավորում է ուռուցքաբանական հիվանդանոցում, իսկ նրանց վերջին սրբազան հույսը կապվում է 1992 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության Դանիա–Գերմանիա խաղի հետ։ Գիրքը մարդկային զգացմունքների, սպասման ու կյանքի հանդեպ հավատքի մասին է։

Ալբեր Կամյուի «Անկումը» իններորդ տեղում է։ Գիշերային Ամստերդամի աղմկոտ գինետներից մեկում մի անծանոթ՝ բաժակը ձեռքին, անանուն զրուցակցին ներկայացնում է վերելքների ու վայրէջքների պատմությունը: Մտացածին երկխոսություն, որտեղ ընթերցողին է վիճակված գուշակել պատասխանները: Ալբեր Կամյուի՝ 1956-ին գրված այս վիպակի առանցքում իրական անկման մի պատմություն է. գիշերային Փարիզի կամուրջներից մեկին կռթնած երիտասարդ մի անծանոթուհի, որին չի հաջողվում փրկել: Գլխավոր հերոսի հետագա կյանքը, ինչպես և իրականությունն իր շուրջ դառնում են անկման երկարող հետագիծ:

Տասներորդ հորիզոնականում է թուրք ժամանակակից գրող Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը» ստեղծագործությունը: «Ստամբուլի բիճը» վեպում հեղինակը վեր է հանում թուրք հասարակության բազմաթիվ ներքին խնդիրներ, որոնց թվում կարևորագույն տեղ է զբաղեցնում Հայոց մեծ եղեռնը` որպես թուրքի հոգեբանության չհաղթահարվող բարդույթ: Ինչպես բնորոշ է Թուրքիային, գրքի հրապարակումից հետո երկրում դատավարություն է սկսվում հեղինակի դեմ` հայտնի 301 հոդվածի համաձայն` թրքությունը վիրավորելու համար: Ողջ դատավարության ընթացքում Թուրքիայում վեպն արգելված է եղել, իսկ երբ հեղինակը հաղթել է դատը, դրանից հետո միայն այն վաճառքի հնարավորություն է ստացել:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

ՏեղՓոփոխ․Գիրք Հրատ․Քանակ
10

Նորա Իկստենա,

 «Մայրական կաթ»

Վերնատուն182
20

Ջոան Հարիս,

 «Շոկոլադը»

Դավինչի164
3*

Ուիլյամ Սարոյան,

 «Անունս Արամ է»

Անտարես103
4+6

Ֆրանկ Տիլյե,

 «Գլուխկոտրուկ»

Դավինչի91
5+2

Տոշիկազու Կավագուչի,

 «Նախքան սուրճը կսառի»

Դավինչի78
6*

Էլիզաբեթ Գիլբերթ,

 «Ուտել, աղոթել, սիրել»

Զանգակ58
7-2

Հարուկի Մուրակամի,

 «Սահմանից հարավ, արեգակից արևմուտք»

Անտարես54
8Նոր

Մարկ Արեն,

 «1992. Մի ամառվա պատմություն»

Բուկինիստ49
9*

Ալբեր Կամյու,

 «Անկումը»

Անտարես46
10*

Էլիֆ Շաֆաք,

 «Ստամբուլի բիճը»

Անտարես43
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում