Տատիկի երգերից մինչև արվեստի աշխարհ․ Վալենտինա Սաֆարյանի ճանապարհը
14 րոպեի ընթերցում

Բելգիայի ծովափին՝ երկրի ամենահեղինակավոր ու նրբաճաշակ համայնքներից մեկում, որտեղ արվեստը վաղուց դարձել է միջավայրի բնական մասը, գտնվում է Valentina Safarian Fine Art Gallery-ն։

Առաջին հայացքից այն պարզապես գեղեցիկ ցուցասրահ է՝ դեպի ծով բացվող տարածքով և ընտրված արվեստի գործերով։ Բայց ներս մտնելուն պես զգում ես, որ այստեղ յուրաքանչյուր նկար իր պատմությունն ունի, իսկ պատկերասրահի հետևում կանգնած կնոջ պատմությունն ինքնին արժանի է առանձին կտավի։ Վալենտինա Սաֆարյանի ճանապարհը սկսվել է Երևանում, անցել Լենինգրադի ֆիզիկայի ֆակուլտետով, երիտասարդ տարիքում նրան բերել Բելգիա և, ի վերջո, հասցրել արվեստի աշխարհ, որտեղ նա արդեն շուրջ երեք տասնամյակ ոչ միայն նկարներ է ներկայացնում ու վաճառում, այլև, իր իսկ խոսքով, նրանց նոր կյանք է տալիս։ Վալենտինայի պատմությունը գծային չէ, անցած ճանապարհի խորքում անընդհատ մի բան է վերադառնում՝ ընտանիքը, հայկականությունը, կորցրածի ու պահպանելու մասին հիշողությունը։
Տատիկը մշեցի էր։ Երգում էր հայկական երգեր, պատմում էր մի աշխարհի մասին, որն արդեն հեռվում էր, բայց ընտանիքի ներսում շարունակում էր ապրել՝ խոսքի, երգի, սովորությունների ու լուռ հիշողությունների մեջ։ Վալենտինան մեծացել է հենց այդ տատիկի կողքին ու այսօր, տարիներ անց, երբ փորձում է հասկանալ՝ որտեղից է գալիս իր մեջ այդքան ամուր հայկականությունը, նորից ու նորից վերադառնում է նրան։

«Ես էներգիայի իսկական ռումբ էի։ Դա տատիկիցս էր փոխանցվել»,- ժպիտով ասում է նա։
Վալենտինան ծնվել է Երևանում։ Նրա պապն ու տատը մի ժամանակ ապրել էին Նովոռոսիյսկում, այնտեղ էր ծնվել նաև հայրը, բայց ընտանիքի միտքն անընդհատ Հայաստանի շուրջ էր պտտվում։
«Տատիկս ասում էր՝ պետք է Հայաստան վերադառնանք, այստեղ չպետք է մնանք։ Տղաս պետք է հայուհու հետ ամուսնանա, թոռներս հայրենիքում ծնվեն»։

Սակայն Վալենտինայի ճանապարհը շուտով Հայաստանից նրան տարավ Լենինգրադ՝ ֆիզիկա սովորելու։
Առաջին հայացքից ֆիզիկան ու արվեստը միմյանցից բավական հեռու աշխարհներ են։ Վալենտինայի համար, սակայն, այդ սահմանը երբեք այդքան հստակ չի եղել։
«Երբ ֆիզիկա ես սովորում, հասկանում ես, որ ֆիզիկան մի քիչ փիլիսոփայության նման է։ Մտածում ես՝ աշխարհն ինչպես է կառուցված, իսկ հետո այդ ամենը գրատախտակի վրա գրում ես մաթեմատիկայի լեզվով»։

Ֆիզիկան նրան սովորեցրել էր նայել ու հարցնել՝ ինչպե՞ս է սա աշխատում, ինչո՞ւ է այսպես, ի՞նչ տրամաբանություն կա երևույթի հետևում։ Տարիներ անց նույն հայացքով նա սկսեց նայել նկարներին։
«Նկարին էլ ես նայում ու փորձում հասկանալ՝ ինչու է այսպես, ինչն է աշխատում, ինչը՝ ոչ։ Երևի այդ տրամաբանական մտածելակերպը մնացել է իմ մեջ»։
Թերևս, հենց այդ պատճառով նրա անցումը արվեստի աշխարհ այնքան էլ պատահական չէր, որքան կարող էր թվալ։ 1980-ականների վերջն էր, «պերեստրոյկայի» տարիները։ Վալենտինան համալսարանի երկրորդ կուրսում էր, բայց ընտանիքում վաղուց մի երազանք կար՝ դուրս գալ Խորհրդային Միությունից։
Հայրը չէր հավատում համակարգի ապագային։ «Ասում էր՝ այս համակարգը չի կարող աշխատել, այստեղ երեխաներն ապագա չունեն։ Ես էլ, կարծես, իրենց ցանկությունն իրականացրի»։
Ֆիզիկոսին հատուկ տրամաբանությամբ Վալենտինան սկսեց ծրագիր կազմել՝ ինչպես հասնել Եվրոպա։

«Ես անընդհատ մտածում էի՝ եթե ուզում եմ ստանալ այս արդյունքը, ի՞նչ քայլեր պիտի անեմ։ Ոնց որ ֆիզիկայի խնդիր լուծես»։
Մտածել էր Մալթայի վիզայի, Եվրոպայով անցնելու տարբերակների մասին։ Մայրն էլ հիշեցրել էր Բելգիայում ապրող ծանոթների մասին․ «Գնա՛, լավ մարդիկ են, հարցրու՝ ինչ պետք է անես»։
Վալենտինան տասնինը տարեկան էր։ Շուտով դարձավ քսան և արդեն Բրյուսելում էր։
«Զրոյից սկսեցի։ Լրիվ զրոյից»։
Նրա երիտասարդական համարձակությունը, ինչպես ինքն է ասում, գուցե, տատիկից ստացած էներգիայի շարունակությունն էր։ Նոր երկիր, նոր լեզուներ, նոր կյանք։ Իսկ հետո՝ արվեստը։
Վալենտինան ամուսնացավ նկարչի հետ։ Այստեղ նա ծիծաղում է՝ հիշելով հոր խոսքերը.
«Հայրս միշտ ասում էր՝ նկարիչ կամ երաժիշտ տուն չբերես։ Հայ լինի, բայց նկարիչ կամ երաժիշտ՝ ոչ»։
Կյանքը որոշեց հակառակը։ Ամուսինը բելգիացի էր և նկարիչ։
«Ես նրա նկարներին սիրահարվեցի։ Երբ սիրում ես մարդու նկարները, այդ պահին չես մտածում, որ այդ մարդու հետ նաև պետք է ապրես։ Դու սկզբում նկարներին ես սիրահարվում»։
Ամուսնությունը հետագայում ավարտվեց, բայց արվեստը մնաց և աստիճանաբար դարձավ Վալենտինայի կյանքի հիմնական լեզուներից մեկը։
Բելգիայում առաջին տարիներին հայկական ինքնությունը նրա համար միայն հպարտության զգացում չէր։
«Սկզբում մտածում էի՝ հայ լինելը շատ դժվար բան է։ Կարծես, քարեր ես կրում։ Երբ ասում ես՝ հայ եմ, դրա հետ մի ծանրություն, մի ցավ էլ ես վերցնում քեզ վրա»։
Խորհրդային Միության փլուզումից հետո նրա փաստաթղթային վիճակն էլ էր բարդացել։ Վերադառնալն անհասկանալի ու վտանգավոր էր թվում։ Պետք էր նոր կյանք կառուցել այնտեղ, որտեղ հայտնվել էր։
Ժամանակի հետ, սակայն, այն «քարերը», որոնց մասին խոսում է Վալենտինան, այլ իմաստ ստացան։ «Այն քարերը, որոնք մի ժամանակ պարզապես քար էին թվում, հիմա ադամանդներ են դարձել»։

Այսօր նրա համար հայկականությունը ոչ թե միայն ծագումնաբանություն է, այլ մարդկանց հետ հարաբերության ձև։
«Հայկական ինքնությունն այն է, որ որտեղ էլ ապրես, հայկական սերը ցույց տաս մարդկանց»։
Պատկերասրահ այցելողները հաճախ նրա անունը կարդալուց հետո հարցնում են՝ «Դուք հա՞յ եք»։
«Ասում եմ՝ այո, հայ եմ»։
Նա համոզված է՝ մարդու մեջ եղած սերը, աշխատասիրությունն ու մաքուր վերաբերմունքը, ի վերջո, տեսանելի են դառնում նաև նրա աշխատանքի մեջ։
«Մարդիկ գալիս են, ուզում են կարծիքդ լսել, նկար գնել և, կարծես, այդ սիրուց մի բան իրենց հետ տուն տանել»։
Նրա համար արվեստ վաճառելը երբեք միայն առևտուր չէ։ Նկարի արժեքը պատմելու մեջ է, իսկ պատմությունը, ասում է, չի կարող համոզիչ լինել, եթե սիրով չես պատմում։
Մի օր պատկերասրահ մտած այցելուն հարցրել է նրան՝ ինչո՞ւ է այդքան կենտրոնացած հատկապես 19-րդ դարի երկրորդ կեսից մինչև 20-րդ դարի կեսն ընկած ժամանակաշրջանի արվեստի վրա։
«Դու կարող ես ամեն ինչ վաճառել։ Ինչո՞ւ հենց սա»,- հարցրել էր նա։
Վալենտինայի աչքերը լցվել էին։ Այդ հարցը, կարծես, իրեն էլ ստիպել էր առաջին անգամ բառերով ձևակերպել այն, ինչ մինչ այդ անում էր ներքին զգացողությամբ։
Այդ ժամանակահատվածը հայ ժողովրդի պատմության ամենածանր փուլերից մեկն էր։ Ընտանիքներ էին կործանվել, մարդիկ տեղահանվել, տներ, ունեցվածք, հիշողություններ կորել։ Եվ երբ այսօր հին մի նկար է հասնում Վալենտինային, նա այն պարզապես վաճառքի առարկա չի տեսնում։
«Ես վերցնում եմ այդ նկարները, մաքրում եմ, նոր կյանք եմ տալիս։ Հետո հասկացա՝ ինչու եմ դա անում»։
Նրա խոսքով՝ փողը գալիս է, բայց երբեք առաջին տեղում չէ։
«Ինչ-որ բան պետք է սիրով անես ու շատ աշխատես։ Երբ այդ երկուսն անում ես, երբ մարդկանց լավություն ես տալիս, լավությունը քեզ հետ է գալիս։ Դա տատիկիս համակարգն էր»։
Տարիների հետ նա ավելի խորությամբ է հասկացել նաև սեփական հայկականությունը։ Այն, ինչ երիտասարդ տարիքում երբեմն ծանրություն էր թվում, այսօր դարձել է ներքին հենարան։
Վալենտինայի հայկական հիշողությունները հաճախ ոչ թե մեծ պատմությունների, այլ փոքր տեսարանների մեջ են ապրում։
Մայրը չէր ուզում, որ երեխաները տանը ռուսերեն խոսեն։ Թեև նրանք ռուսական դպրոց էին հաճախում, տանը մայրը հայերեն էր խոսում։ Պապիկից էլ մի պատկեր է մնացել, որն այսօր Վալենտինան բոլորովին այլ կերպ է հասկանում։
Երբ փոքր էր, պապիկի հետ կրկես էր գնում։ Հիշում է՝ պապիկն ուրախանում էր երեխայի պես։ Բայց այդ ուրախության մեջ փոքրիկ Վալենտինան ինչ-որ թաքնված ցավ էր զգում։
Երևանում նրանց տան պատուհանից Արարատն էր երևում։
«Պապիկս պատուհանը բացում էր, Արարատին նայում ու ասում՝ «է՜հ…»։ Ոչինչ չէր բացատրում։ Բայց ես զգում էի, որ նրա ներսում ինչ-որ կորցրած բան կա»։
Այդ մեկ «է՜հ»-ը տարիներ անց ավելի խոսուն է դարձել, քան երկար պատմությունները։
Մյուս հիշողությունը Էջմիածնից է։ Մի օր ծնողները հավաքել էին չորս երեխաներին ու ասել՝ գնում են մկրտվելու։ Խորհրդային տարիներին դա սովորական քայլ չէր։
Վալենտինան հիշում է երեք աղջիկների կարմիր զգեստները, փոքրիկ խաչերը և հոր խոսքերը մկրտությունից հետո.
«Հիմա դուք իսկական հայ եք և այդպես էլ պետք է հայ մեռնեք»։
Հայկական հիշողության կողքին Վալենտինայի կյանքում մեկ այլ մշտական պատկեր կա՝ ծովը։
Հայրը ծնվել էր Նովոռոսիյսկում և ամբողջ կյանքում ասում էր՝ «Ես ուզում եմ իմ Սև ծովը»։ Ծովի այդ սերը փոխանցվել է նաև դստերը։
Այսօր իր պատկերասրահի համար նա պատրաստ է ավելի թանկ վճարել միայն այն պատճառով, որ դիմացը բաց տարածություն է և ծովը տեսանելի է։
«Ծովը պետք է տեսնեմ։ Երևի դա էլ հայրիկիցս է»։
Մանկության տարիներին ընտանիքով գնում էին Սև ծով, վրանները դնում այնտեղ, որտեղ ցանկանային։
«Այն ժամանակ շատ ազատ էինք։ Առավոտ շուտ երեք աղջիկներով նստում էինք ու նայում, թե ինչպես է արևը ծագում ծովի վրա»։
Այդ արևն էլ նրա հիշողության մեջ ընտանիքի խորհրդանիշ է դարձել՝ աշխարհով մեկ ցրված հարազատների՝ Հայաստանում, Ռուսաստանում, Վրաստանում, Ամերիկայում, բայց նույն լույսի տակ։
Հայաստան Վալենտինան վերադարձել է բազմիցս։ Վերջին այցելությունը մեկ տարի առաջ էր։ Նրա հորաքրոջ աղջիկն ապրում է Հայաստանում․ վերադարձել է, որովհետև ցանկացել է, որ որդին «հայի նման ապրի»։
Վալենտինան դրանում ճանաչում է նույն շղթան՝ մի բան, որ փոխանցվում է սերնդից սերունդ։
Իսկ Հայաստանն այսօր նրա համար առաջին հերթին մարդիկ են։
«Լավ մարդիկ են։ Ես բոլորին ասում եմ՝ գուցե, հարուստ չեն, գուցե, կատարյալ չեն, բայց սիրտ ունեն»։
Նա մի պարզ օրինակ է բերում՝ հայկական սուրճը։
«Երբ քեզ սուրճ են տալիս, սիրով են տալիս։ Դու խմում ես ու այդ սերը զգում ես։ Դրա համար ամեն ինչ ավելի համով է»։

Եվ հաճախ իր օտարերկրյա ծանոթներին պարզապես ասում է.
«Գնա՛ Հայաստան։ Գնա՛ Երևան։ Կտեսնես՝ ինչի մասին եմ խոսում»։
Վալենտինան չորս երեխա ունի՝ Սիլվիան, Արմենը, Ռուբենը և Դավիթը։ Նրանց հայրը հայ չէր, բայց Վալենտինան սկզբից ցանկացել է, որ երեխաների մեջ հայկականությունը ներկայություն ունենա՝ ոչ միայն անունների մակարդակում։
«Ուզում եմ հայի սիրտն ունենան, հայի աշխատասիրությամբ ապրեն և երախտապարտ լինեն, որ հայի արյուն են կրում իրենց երակներում»։
Երեխաները եղել են Հայաստանում։ Փաստաբան դուստրն այնքան է կապվել երկրի հետ, որ այսօր ուզում է այնտեղ սեփական տուն ունենալ։
Վալենտինան դա «արյան կանչ» է անվանում։
Ու, գուցե, սա է այն, ինչ ինքն էլ ստացել էր տատիկից՝ առանց հատուկ դասերի ու սահմանումների։ Երգերով, ընտանեկան վարքով, մոր հայերեն խոսքով, պապիկի՝ Արարատին ուղղված լուռ հայացքով։
Վալենտինան արդեն շուրջ երեսուն տարի է՝ նկարների աշխարհում է։ Վերջին տասներկու տարիներին, ասում է, իր ճանապարհն ավելի հստակ ու սեփական ոճն ավելի ճանաչելի է դարձել։
Նկարները նրա համար պարզապես աշխատանքի առարկա չեն։ Դրանք նաև մարդու սեփական կյանքի չափման ձև են։
«Ամեն նկարի հետ քո անցած ճանապարհն ես տեսնում։ Նույն նկարը տարբեր տարիքում տարբեր կերպ ես ընկալում։ Երբ հասկանում ես, որ քո հայացքը փոխվել է, հասկանում ես նաև, որ դու ես փոխվել, հասունացել»։
Գուցե, հենց այդ պատճառով նրա պատմության մեջ ֆիզիկան ու արվեստը վերջում կրկին հանդիպում են։
Երիտասարդ ֆիզիկոսը աշխարհին նայում էր ու փորձում հասկանալ՝ ինչպես է այն կառուցված։ Այսօր Վալենտինան նույն հարցը տալիս է նկարների առաջ, միայն բանաձևերի փոխարեն պատասխանը փնտրում է գույնի, լույսի, պատմության ու զգացողության մեջ։
Իսկ իր մասնագիտական ճանապարհի ամենամեծ երազանքներից մեկը դեռ սպասում է։
«Այվազովսկին իմ երազանքների մեջ է։ Այն օրը, երբ Այվազովսկին հայտնվի իմ կատալոգում, կարող եմ ասել՝ իմ կարիերան կայացած է։ Ու, գուցե, նույնիսկ կարող է ավարտվել»։
Ծովը սիրող հոր դստեր համար դժվար էր ավելի խորհրդանշական ավարտ մտածել։
Թերևս, հենց Այվազովսկու ծովերից մեկում մի օր կհանդիպեն նրա կյանքի բոլոր ճանապարհները՝ Նովոռոսիյսկը, Սև ծովը, Երևանը, Բրյուսելը, պապիկի Արարատը, տատիկի հայկական երգերն ու այն նկարները, որոնց Վալենտինան տարիներ շարունակ նոր կյանք է տալիս։
