Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-30/26.  Աֆյան, Մոնթգոմերի, Մանգանարո

4 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-30/26.  Աֆյան, Մոնթգոմերի, Մանգանարո

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2026 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն 

 Հովիկ Աֆյան, «Հե՜յ»

 Այս պատմությունը օգնության ճիչ է, որ արձակում է ժամանակակից աշխարհում մենության դատապարտված մարդը, կամ անհետացող տղամարդու և չտեսնված ջրահարսի հանդիպման լուռ վկայություն, մեկ բառ, որում սեղմված է ամբողջ կյանքի ասելիքը՝ հանկարծ պայթող, գեղեցկության հավերժ որոնում և հիշատակարան՝ այդ ճանապարհին անհետ կորածների։ Եվ աչքերի մեջ մտնելու հավակնություն ունի այս պատմությունը։ Խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան։

Վեպում օգտագործվել են Մոհամեդռեզա Աբդոլմալեքիանի տողերը, որոնք պարսկերենից թարգմանել է Էդիկ Հախվերդյանը։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Մանկապատանեկան գրականություն 

Լուսի Մոդ Մոնթգոմերի, «Աննայի Երազանքների տունը» 

Կանադացի գրող Լուսի Մոդ Մոնթգոմերիի «Աննան Կանաչ կտուրներից» գրքի հրաշալի հերոսուհին՝ Աննա Շիրլին, ընթերցողի համար վաղուց դարձել է հոգեհարազատ ու սիրված: Նրա՝ երևակայությամբ լեցուն, բայց կյանքի հանդեպ իրականության խոր զգացումը պահպանած հոգեկերտվածքը շատերին է գրավել: Բոլորի նման Աննան ևս հատում է կյանքի բազում արահետներ, ապրում ուրախություններ և վշտեր, սակայն շարունակում է մնալ մաքուր ու երազող այն աղջիկը, որն ապրում է իր իսկ կերտած հեքիաթային, բայց ոչ վերացական աշխարհում:

Եվ ահա 1917-ին հրատարակված հինգերորդ՝ «Աննայի Երազանքների տունը» խորագրով գրքում ընթերցողը հանդիպում է իր սիրած գրական հերոսություն՝ արդեն որպես Աննա Բլայթի, տեսնում նրան սեփական ընտանիքում, նաև նոր ու հետաքրքիր մարդկանց միջավայրում և բացում է Աննայի հոգու ուրիշ՝ առավել ուշագրավ դռներ: Թարգմանիչ՝ Հայկանուշ Շարուրյան։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

Նոն ֆիքշն գրականություն

Էլվիո Մանգանարո, ][][][][][][

Այս գիրքը ճարտարապետության և լեզվի փոխհարաբերության մասին տեսական-փորձարարական ուսումնասիրություն է, որտեղ ճարտարապետությունը դիտարկվում է ոչ թե որպես լեզու ունեցող համակարգ, այլ որպես լեզվի, գրի և իմաստի քննության առարկա։ Գրքում ներկայացված գծագրերը, մանրակերտները, ուսանողական աշխատանքներն ու նախագծերը ուսումնասիրում են, թե ինչպես կարող է ճարտարապետությունը վերածվել «տեքստային տարածքի»՝ ազատվելով իր սովորական իմաստային ու մասնագիտական սահմանափակումներից։ Հենվելով ասեմիկ գրի և կոնկրետ պոեզիայի գաղափարների վրա՝ հեղինակը փորձում է բացահայտել ձևի, տարածության, գրաֆիկայի և իմաստի միջև եղած լարվածությունը։ Գիրքը կառուցված է ոչ գծային ձևով՝ որպես 48 ինքնուրույն հատվածների հավաքածու, որտեղ տեքստն ու պատկերը հանդես են գալիս որպես փոխլրացնող մտածողական գործիքներ։ Ընդհանուր առմամբ, սա ճարտարապետության, գրի և նշանի սահմանների ուսումնասիրություն է, որը առաջարկում է դիտել շենքը, գծագիրը և տարածությունը որպես հնարավոր «գրություններ»՝ բաց իմաստներով և բազմակի ընթերցումներով։ Թարգմանիչ՝ Ռուզաննա Մելիքսեթյան։ Գիրքը լույս է ընծայել «Ակտուալ արվեստ»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում