Հասարակական

Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվել է մինչև հունվարի 18-ը

2 րոպեի ընթերցում

Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվել է մինչև հունվարի 18-ը

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը պետք է մասնակցի Վերաքննիչ քրեական դատարանի նիստին, որտեղ քննարկվելու է այլ գործով իր պաշտպանյալների ազատության հարցը։ Բացի այդ, պաշտպանը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 28-ից մինչև հունվարի 15-ը ներառյալ բացակայելու է ՀՀ-ից։

Լուսինե Սահակյանը նաև միջնորդել է վերանայել դատական նիստերի ժամանակացույցը՝ հաշվի առնելով, որ դատական նիստերը երբեմն համընկնում են ԱԺ նիստերի օրերի հետ, ինչը խոչընդոտում է Գևորգյանի պատգամավորական գործունեությանը։

ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Հովհաննես Խուդոյանը միացավ միջնորդությանը՝ նշելով, որ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված չէ, որ դատական նիստերը պետք է պարտադիր երեքշաբթի օրերին նշանակվեն։ Սակայն դատավորը նպատակահարմար չգտավ սահմանել այն ժամանակահատվածները, որոնց ընթացքում նիստեր չեն նշանակվելու, նշելով, որ սույն գործով նիստերն առանց այդ էլ բազմիցս հետաձգվել են։ Դատական նիստը հետաձգվել է մինչև 2022 թվականի հունվարի 18-ը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում