Հասարակական

Արմեն Ղազարյանը ՄՄԿ խորհրդի 112-րդ նիստին ներկայացրել է Հայաստանի փորձառությունը

3 րոպեի ընթերցում

Արմեն Ղազարյանը ՄՄԿ խորհրդի 112-րդ նիստին ներկայացրել է Հայաստանի փորձառությունը

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը նոյեմբերի 30-ին առցանց ձևաչափով մասնակցել է ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպության(ՄՄԿ)խորհրդի 112-րդ նիստին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են Միգրացիոն ծառայությունից, նիստը կայացել է Ժնևում և նվիրված էր Կազմակերպության 70-րդ հոբելյանին։ Այն եղել է «ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը սահմանների վրա, միգրացիա և շարժունություն.դասեր քաղելով և պատրաստվելով ապագային» թեմայով։

Արմեն Ղազարյանը շնորհավորել է մասնակիցներին ՄՄԿ հիմնադրման 70-ամյակի առթիվ՝ նշելով, որ Կազմակերպությունը ՀՀ-ում գործունեություն է ծավալում 1993 թ-ից՝ նախաձեռնելով տարատեսակ ծրագրեր և էական ներդրում ունենալով միգրացիայի կառավարման և կայուն զարգացման գործում։

«Մենք բարձր ենք գնահատում ՄՄԿ աջակցությունը Հայաստանում անվտանգ, կանոնավոր և ապահով միգրացիայի գլոբալ հռչակագրին համապատասխան միգրացիոն քաղաքականության մշակելու հարցում»,-նշել է նա։

Ղազարյանն անդրադարձել է համավարակով պայմանավորված իրավիճակին Հայաստանում, նշել, որ համավարակի ամենասկզբից Կառավարությունն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկել՝ սահմանափակումների ժամանակահատվածում ապահովելով ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան, ինչպես նաև ընդունել է վերադարձողների վերաինտեգրման առաջնային աջակցության ծրագիրը։

«Անցյալ տարին մեզ համար մարտահրավերներով լի էր ոչ միայն համավարակով պայմանավորված, այլ նաև Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի պատճառով, որը սպառնում էր ոչ միայն գլոբալ խաղաղությանն ու անվտանգությանը, այլև պատճառ դարձավ տարածաշրջանային մարդասիրական ճգնաժամի և զանգվածային տեղահանումների համար»,-նշել է Արմեն Ղազարյանը՝ մանրամասնելով, որ ագրեսիայի հետևանքով ավելի քան 91 հազար անձ է տեղահանվել, որոնց 88 տոկոսը՝ կանայք և երեխաներ։

Եզրափակելով խոսքը՝ Արմեն Ղազարյանն անդրադարձել է միգրացիայի կառավարման ոլորտում թվայնացման գործընթացներին՝ մասնավորապես նշելով օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության նոր հարթակի գործարկումը։ «Վերջին փորձառությունը ցույց տվեց ներառական քաղաքականությունների արդյունավետությունը, որոնք կառուցված են համագործակցային մոդելով՝ կառավարությունների, միջազգային գործընկերների, քաղաքացիական հասարակության և այլ շահագրգիռ կողմերի միջև»,-ասել է նա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում