Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց. Գևորգյանին բերման կենթարկեն դատարան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մեկ շաբաթով հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ, ներկայումս ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդեց հետաձգել նիստը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իր պաշտպանյալ Արմեն Գևորգյանն ընտրվել է ԱԺ պատգամավոր և այժմ մասնակցում է խորհրդարանի աշխատանքներին։

«Իմ պաշտպանյալը նաև առաջադրվել է Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու: Հանձնաժողովների նախագահների ընտրության գործընթացը սկսել է օգոստոսի 9-ից և դեռ ընթացքի մեջ է: Խնդրում եմ բացակայությունը համարել հարգելի»,- ասաց Ալեքսանյանը:

Նա նաև նշեց, որ «Հայաստան» խմբակցությունը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ պատգամավորի անձեռնմխելիության հարցով:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դիմելով դատարանին՝ ասաց, որ համաձայն է նիստը հետաձգելուն:

«Ունեմ նաև մեկ վերապահում՝ կա 1 միջնորդություն, որը գործընկերս է ներկայացրել՝ Սեդրակ Քոչարյանի իրավունքների հարցը քննարկելու համար: Կարծում եմ, որ պարոն Գևորգյանի բացակայությունը չի խոչընդոտում այդ հարցը քննարկելուն, որովհետև առնչություն չունի իր շահերի և իրավունքների հետ»,- ասաց Խուդոյանը:

Ի պատասխան դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց, որ ամբաստանյալի բացակայությամբ դատարանը հնարավոր չի համարում որևէ այլ հարցի քննարկում, բացի նրա բացակայության հետ կապված հարցերից:

«Նախորդ նիստի ժամանակ դատարանը չի արձանագրել Արմեն Գևորգյանի անհարգելի բացակայության հանգամանքը՝ հաշվի առնելով, որ նոր ձևավորված ԱԺ-ի առաջին նիստն էր: Հաշվի առնելով, որ նման վարքագիծը կրկնվում է, դատարանն այստեղ անբարեխղճություն է տեսնում Արմեն Գևորգյանի կողմից: Դատարանը համարում է, որ Գևորգյանը դատարան չի ներկայացել անհարգելի պատճառի:

Դատախազ Գևորգ Բաղդասարյանը դատարանին առաջարկեց հաջորդ դատական նիստին բերման ենթարկել Արմեն Գևորգյանին:

«Արմեն Գևորգյանն ունի նոր կարգավիճակ, նա անձեռնմխելի է և որևէ հարկադրանքի միջոց, առանց ԱԺ-ի թույլտվության չի կարող կիրառվել: Դատախազի նման որոշումը չի բխում քրեական դատավարության և Սահմանադրության պահանջներից»,- դատախազի նման առաջարկին հակադարձեց Էրիկ Ալեքսանյանը:

Դանիբեկյանն ընդգծեց, որ հաշվի առնելով հանգամանքը, որ Արմեն Գևորգյանը նիստին չի ներկայացել անհարգելի պատճառով, անհրաժեշտ է միջոցներ կիրառել հաջորդ նիստին Գևորգյանի ներկայությունն ապահովելու համար:

«Դատարանն այդ պատճառաբանությամբ, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածով, որոշեց հաջորդ նիստին բերման ենթարկել Արմեն Գևորգյանին»,- ասաց Դանիբեկյանը:

Հաշվի առնելով, որ դատական նիստը չի կարող շարունակվել առանց դատավարության մասնակիցներից որևէ մեկի, դատարանը հետաձգեց գործի քննությունը մինչև օգոստոսի 17-ը, ժամը 13:00-ն:

Հայերեն Русский

Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է

Վահան Կոստանյանն ու Դիմիտրիոս Սկուտասը քննարկել են Հայաստան–Հունաստան առևտրատնտեսական օրակարգը

Պուտինն ԱՊՀ-ի գծով իր պաշտոնակիցներին ոչ պաշտոնական գագաթնաժողովի է հրավիրել Սանկտ Պետերբուրգ

Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբ

Բուլղարացի պատգամավորը հայտնել է, որ 2025 թվականին երկրում 16 դոնորի շնորհիվ իրականացվել է 34 փոխպատվաստում. BTA

ԱՊՀ ղեկավարները հայտարարություն են ընդունել Համագործակցության 35-ամյա հոբելյանի առթիվ

Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ Ոստիկանություն

Իտալիայի գինեգործարանից գողացել են 30 000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Արդարադատության միջազգային դատարանի դատավոր Նավի Փիլեյին

Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ Նիկոլ Փաշինյան