ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի գործողություններն ուղղված են ՀԱՊԿ-ի դեմ, այն նպատակ ունի վնասել կազմակերպության վարկանիշը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման պնդում արեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը:
«Հստակ է, որ Ադրբեջանն ունի նպատակադրում՝ վնասել ՀԱՊԿ-ի վարկանիշը, և ընդհանրապես Ադրբեջանի գործողություններն ուղղված են նաև ՀԱՊԿ-ի դեմ, ռուս խաղաղապահ առաքելության դեմ: Մեր դիրքորոշումն այն է, որ մենք մեզ հասու ամբողջ գործիքակազմը պետք է օգտագործենք, և ՀԱՊԿ գործընկերների հետ քննարկումները շարունակում ենք»,-ասաց Ռուբինյանը:
Հայաստանը կողմ է տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը: Ռուբինյանը վստահեցրեց՝ ՀՀ-ն չի ցանկանում պայթեցնել իրավիճակը տարածաշրջանում: «Մենք ուզում ենք հասնել իրավիճակի դեէսկալացիայի քաղաքական, դիվանագիտական ճանապարհով: Եվ դրա համար, բնականաբար, նախ և առաջ դիմում ենք մեր ՀԱՊԿ գործընկերներին»,- ասաց պատգամավորը: