Ազգային գրադարանի երգչախումբը կհանրահռչակի հայ և օտար գրողների ստեղծագործությունները

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային գրադարանի և «Արար» երգչախմբի համագործակցության արդյունքում գրադարանը կունենա երգչախումբ, որը կկատարի հայ և համաշխարհային գրականության մեծերի ստեղծագործությունների հիման վրա գրված երգչախմբային գործեր: Երգչախմբում կընդգրկվեն գրադարանի աշխատակիցներն ու ընթերցողները:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «ԱՐԱՐ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Գոռ Մելքումյանը, որը ղեկավարելու է նաև Ազգային գրադարանի երգչախումբը, պատմել է նոր երգչախմբի ստեղծման գաղափարի և կարևորության, կազմի, առաջիկա անելիքների մասին:

«Տասը տարի ղեկավարում եմ «ԱՐԱՐ» երգչախումբը և երկար տարիներ Ազգային գրադարանի ընթերցող եմ: Երգը, երաժշտությունը, հատկապես երգչախմբային արվեստն այս օրերին չափազանց կարևոր գործոն կարող են լինել մեր հասարակության, պետության վերականգնման, առողջացման, հասարակական, մարդկային շփումների հաստատման համար: Այդ մասին տարբեր հարթակներում հոդվածներ եմ հրապարակել և դրանց կիրառական բնույթ տալու համար փորձում եմ իրականացնել ծրագրեր, որոնցում շատ մարդիկ կներգրավվեն և կսկսեն զբաղվել երգչախմբային արվեստով: Մեզ համար և՛ քանակապես, և՛ որակապես լավ լսարան է Հայաստանի ազգային գրադարանն իր աշխատակազմով ու ընթերցողներով»,-պատմեց Մելքումյանն ու հավելեց, որ, խոսելով Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանի հետ, որոշել են հիմնել Ազգային գրադարանի երգչախումբ և կազմակերպել երգչախմբի բնույթից բխող տարբեր միջոցառումներ:

Ըստ Մելքումյանի՝ շատ կարևոր է, որ երգչախումբը, հատկապես դասական երաժշտություն կատարելու նպատակ ունեցող երգչախումբը, որը հիմնելու են, ժամանցային չլինի: Նա կարծում է, որ մեր օրերում երաժշտությունը մեծապես կապում են ժամանցի հետ. մարդիկ երաժշտության միջոցով վայելքների են տրվում, իսկ իրենք ասում են, որ բարձրարժեք երաժշտությունը և առհասարակ մշակույթը ժամանցի համար չեն: «Փորձելու ենք ունենալ մի երգչախումբ, որն իր գործունեությամբ մարդկանց վեհացնելու է և փոխանցելու է լիցքեր, որոնք այսօր դժվար է ստանալ: Մենք մշակույթից դուրս ենք եկել ու ապրում ենք քաղաքակրթական տարբեր վայրիվերումներում, որտեղ մշակույթը պարզապես ամենացածր նիշի վրա է: Երգչախմբում երգելով՝ մարդիկ մշակույթի սպառողից վերածվելու են մշակույթ վերարտադրողների, որոնք ստեղծելու են այն: Ավա՜ղ, մեր հասարակությունը վերջին հարյուրամյակում դարձել է մշակույթ սպառող, որը ձևավորում է առևտրական մարդու տեսակը: Մենք ասում ենք, որ պետք է ետ գանք մշակույթ արտադրող տեսակին»,- ընդգծեց Գոռ Մելքումյանը:

Խմբավարը վստահեցնում է, որ երգչախումբը մարդկային ամենանուրբ գործոններն է հաշվի առնում, որովհետև երգչախմբում երգում են միասին շնչելով, միասին մտածելով, նույն զգացմունքներով ու զգացողությամբ, և դա շատ նուրբ միջավայր է: Նման միջավայրեր երաժշտությունից դուրս հազվադեպ կարելի է գտնել:

Անդրադառնալով երգչախմբի անդամների քանակին՝ Մելքումյանը նշեց, որ դեռ հստակ չի կարող ասել, թե քանիսը կլինեն, քանի որ Հայաստանում երգողների լուրջ խնդիր կա: «Մենք սկսել ենք չերգել, դառնալ չերգող ազգ, և երգչախումբ հավաքելը ծանր ու բարդագույն գործ է դարձել: Տարբեր ձևաչափերով լուսաբանում ենք այս երևույթը: Պետք է ներգրավվեն այն մարդիկ, որոնք առաջին հերթին երգելու ցանկություն ունեն: Նրանց մեջ, հավանաբար, կլինեն երաժշտական կրթություն ունեցողներ, որոնց շուրջ կձևավորվի երգչախումբը, որը պետք է անպայման պրոֆեսիոնալ լինի՝ հաշվի առնելով երգողների առավելագույն կարողությունները»,-տեղեկացրեց խմբավարը:

Փորձելու են ընդգրկել և՛ կանանց, և՛ տղամարդկանց, և՛ տարեցների, և՛ երիտասարդների: Խտրականություն չեն դնելու, բայց անդամները պետք է անցնեն լսումների փուլը, որպեսզի հասկանան, թե ինչ մակարդակի պետք է լինեն երգչախմբի առաջին քայլերը, և որտեղից պետք է սկսեն, որովհետև երաժշտական կրթություն ունեցողների հետ պետք է այլ կերպ աշխատել, չունեցողների հետ՝ այլ:

Բոլոր նրանք, ովքեր կցանկանան ընդգրկվել երգչախմբում, բայց չեն լինի Ազգային գրադարանի ընթերցողներ, կարող են պարզապես դառնալ ընթերցող և հայտ ներկայացնել երգչախմբում երգելու համար:

Խոսելով այն երաժշտության մասին, որը հնչեցնելու է երգչախումբը՝ Գոռ Մելքումյանը շեշտեց, որ նուրբ թելեր են անցնում Ազգային գրադարանի, գրքի, գրականության և երգչախմբի միջև: «Մենք ունենք բազմաթիվ գրողներ, որոնց տեքստերի, բանաստեղծությունների հիման վրա ստեղծվել են երգչախմբային գործեր: Սա առիթ է, որ Ազգային գրադարանի երգչախումբը հնչեցնի այդ կոմպոզիտորների ու բանաստեղծների ստեղծագործությունները, որոնք կլինեն և՛ հայ, և՛ համաշխարհային գրականության ներկայացուցիչներ: Իհարկե, միշտ կշեշտադրվի հայկականը»,- հայտնեց նա:

Երգչախումբը գործելու է գրադարանի շենքում: Գրադարանում կա երկու դահլիճ՝ մեկը մեծ, որտեղ միջոցառումներ են անցկացվում, մյուսը՝ փոքր: Փոքր դահլիճում նախատեսվում են փորձերը, իսկ մեծ դահլիճում՝ համերգային ծրագրերը:

«Երգչախմբի համար դեռ հատուկ անուն չենք ընտրել: Ասում ենք՝ Ազգային գրադարանի երգչախումբ, ինչը բավականին ճոխ է հնչում: Աշխարհում կան հայտնի երգչախմբեր, որոնք կոչվում են, օրինակ, այսինչ երկրի հանրային ռադիոյի երգչախումբ և այլն: Մեզ համար, պետության և բոլորի համար պատիվ է, եթե Ազգային գրադարանն ունենա երգչախումբ ու հենց այդ անվամբ հանդես գա»,- շեշտեց Գոռ Մելքումյանը:

Խմբավարը հայտնեց, որ «Արար» երգչախումբը այլ գրադարանների հետ համագործակցության փորձ արդեն ունի: Երկար ժամանակ փորձերն իրականացրել է Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում, ինչի համար շնորհակալ են տնօրինությանն ու բոլոր նրանց, ովքեր ունեն այն գիտակցումը, որ գրադարանները և գրադարանի միջավայրը կարող են նպաստել նման վեհ գաղափարների իրագործմանը, ինչը համահունչ է գրադարանի գաղափարախոսությանը:

Զրուցեց Անժելա Համբարձումյանը

Հայերեն

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին