Թուրքիայի նախագահի կողմից Ադրբեջանի խորհրդարանում հնչեցված առաջարկները երեսպաշտ և ապակողմնորոշող են. ՀՀ ԱԳՆ

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահի՝ հայատյացության համատեքստում տարածաշրջանային համագործակցության պլատֆորմ ստեղծելու Ադրբեջանի խորհրդարանում հնչեցված առաջարկները երեսպաշտ և ապակողմնորոշող են։ Այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության՝ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված հռչակագրի առնչությամբ արված մեկնաբանության մեջ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«ՀՀ ԱԳՆ-ն արդեն իսկ հանդես էր եկելհայտարարությամբ, որտեղ խստորեն դատապարտել էր Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների համատեղ այցն Արցախի Հանրապետության՝ ներկայումս օկուպացված Շուշի քաղաք և այն որակել որպես տարածաշրջանային խաղաղության և անվտանգության դեմ ուղղված ակնհայտ սադրանք։

Նույնքան դատապարտելի և սադրիչ են Շուշիում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված հռչակագիրը և Թուրքիայի նախագահի կողմից Ադրբեջանի խորհրդարանում հնչեցված ելույթը»,- ասվում է մեկնաբանության մեջ։

Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ թեև թուրք-ադրբեջանական հռչակագիրն առանձին կետով նշում է, որ այդ փաստաթուղթն ուղղված չէ երրորդ կողմի դեմ, այնուհանդերձ, դրա ողջ բովանդակությունը թիրախավորում է հայ ժողովրդին« և հստակ մատնանշում է Արցախի Հանրապետության դեմ 44-օրյա ագրեսիա իրականացրած երկու պետությունների դաշինքն ընդդեմ Արցախի ժողովրդի ինքնորոշման, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ցեղասպանություն վերապրած աշխարհասփյուռ հայ ժողովրդի իրավունքների։

«Հռչակագրում տեղ գտած «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը վկայում է, որ գոտեպնդվելով Արցախի ժողովրդի դեմ իրականացված համատեղ ագրեսիայի և զանգվածային ոճրագործությունների անպատժելիությունից՝ Թուրքիան և Ադրբեջանը ձեռք են բերում հրապարակային պայմանավորվածություններ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։ Նույնքան մտահոգիչ է երկու պետությունների պայմանավորվածությունը՝ պայքարելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ»,- շեշտում են ՀՀ ԱԳՆ-ում, որի համաձայն՝ վերոնշյալ պայմանավորվածություններն ամբողջովին հակասում են միջազգային իրավունքի հիմնական նորմերին։ Արտաքին քաղաքական գերատեսչությունն այս պարագայում հիշատակման համար արժանի է համարում այն փաստը, որ միջազգային իրավունքի, մասնավորապես, Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին 1969թ․ Վիեննայի կոնվենցիայի համաձայն՝ միջազգային բոլոր պայմանագրերը, որոնք հակասում են ընդհանուր միջազգային իրավունքի իմպերատիվ նորմերին՝ առոչինչ են և չեն կարող ունենալ որևէ միջազգային լեգիտիմություն։

Նաև հատկանշական է համարվել, որ նշված հռչակագրի հիմքում ընկած է ոչ թե ՄԱԿ Կանոնադրությունը կամ ԵԱՀԿ համընդհանուր և անբաժանելի անվտանգության սկզբունքը, այլ «ցեղային անվտանգության» իրենց մոտեցումը, որն առաջ է մղվում որպես «թյուրքական աշխարհի» միավորման սկզբունք։

«Նման հայատյացության համատեքստում տարածաշրջանային համագործակցության պլատֆորմ ստեղծելու Ադրբեջանի խորհրդարանում հնչեցված Թուրքիայի նախագահի առաջարկները երեսպաշտ և ապակողմնորոշող են։

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հրապարակային պայմանավորվածությունները պարունակում են ոչ միայն ցեղասպան սպառնալիքներ տարածաշրջանում հայ ժողովրդի նկատմամբ, այլ նաև լուրջ մարտահրավեր են միջազգային և տարածաշրջանային խաղաղությամբ և անվտանգությամբ շահագրգիռ բոլոր երկրների համար, ինչն ընդգծում է նշված բոլոր երկրների կողմից սերտ համագործակցության անհրաժեշտությունը»,- ընդգծում են ՀՀ ԱԳՆ-ում՝ հավելելով, որ Արցախի ժողովրդի դեմ ագրեսիայի և ուժի կիրառման արդյունքում ձեռքբերված իրողությունները չեն կարող տևական խաղաղության հիմք դառնալ, այնպես, ինչպես Շուշիում թուրք-ադրբեջանական տարբեր մտացածին նախաձեռնությունները չեն կարող հայկական այդ մշակութային կենտրոնն օտարել Արցախից և հայ ժողովրդից։

Հայերեն العربية English Русский

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Կուտականում 2018-2025 թթ-ին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 4 ծրագիր՝ 102 միլիոն 130 հազար դրամ ներդրմամբ

Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար. Պեսկով

Հնդկաստանում ավելի քան 40 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով

Օմանը կոչ է արել խուսափել Կարմիր ծովում լարվածության աճից

Նարեկ Կարապետյանի նկատմամբ կիրառվել է 1 միլիարդ դրամ գրավ և բացակայելու արգելք

Եվրահանձնաժողովը 890 մլն եվրոյով տուգանել է Google-ին մրցակցային կանոնները խախտելու համար

Դադարեցվել է Սևանա լճի նաև 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Մենք հարվածում ենք Պուտինին ամենացավոտ կետում. Կալասն անդրադարձել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթին

FlyOne Armenia-ն CFM International-ի հետ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր՝ leap-1a չորս շարժիչների ձեռքբերման վերաբերյալ