Մենք պետք է ինստիտուցիոնալացնենք Ադրբեջանի հետ խաղաղությունը, Թուրքիայի հետ սահմանը պետք է բացվի․ Նիկոլ Փաշինյան
2 րոպեի ընթերցում

Հայաստանի ժողովուրդն ավարտված խորհրդարանական ընտրություններում քվեարկել է խաղաղության և տարածաշրջանային զարգացման և համագործակցության օգտին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով թուրք լրագրողի հարցին, թե Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո ի՞նչ ուղերձ ունի Թուրքիայի և Ադրբեջանի համար։
«Հայաստանի ժողովուրդն ավարտված խորհրդարանական ընտրություններում քվեարկել է խաղաղության և տարածաշրջանային զարգացման և համագործակցության օգտին Ես հույս ունեմ, որ թե Թուրքիայից, թե Ադրբեջանից սրան դրական արձագանքներ կլինեն։ Մենք պետք է ինստիտուցիոնալացնենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը, և մենք պետք է բացենք մեր սահմանը Թուրքիայի հետ, նկատի ունեմ՝ Թուրքիան պետք է բացի սահմանը։ Նաև մենք պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատենք։ Ի դեպ, մենք շնորհակալ ենք հայկական ապրանքների ներմուծման և արտահանման համար Ախալքալաք-Կարս երկաթուղին բացելու որոշման համար։ Մենք շատ լավ դինամիկա ունենք Թուրքիայի հետ, սակայն մենք պետք է շարունակենք այդ դինամիկան դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և ամբողջությամբ բացված սահման ունենալու համար»,- նշել է Փաշինյանը։
Վարչապետը հիշեցրել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն արդեն նախաստորագրել են խաղաղության համաձայանգիրը։ «Մենք պետք է այն ստորագրենք։ Մենք պետք է որքան հնարավոր է շուտ սկսենք ԹՐԻՓՓ նախագիծը, որը տարածաշրջանային շրջադարձային նախագիծ է, ինչը կնշանակի, որ մեր տարածաշրջանի բլոկադան հաղթահարված է, և սա շատ մեծ նորություն է, որովհետև մեր տարածաշրջանը փակուղուց վերածվում է խաչմերուկի»,- ասել է ՀՀ վարչապետը։