Փաշինյանը բացառում է, որ իշխող ուժի ներկայացուցիչները որևէ ձևով ներգրավված լինեն ընտրախախտումների մեջ
3 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարող է ընտրակեղծիքների և ընտրախախտումների մեջ ներգրավված լինել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այդ մասին ասել է մամուլի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ընդդիմադիր ուժերը հայտարարել են բազմաթիվ ընտրախախտումների մասին, որոնք քվեարկության օրվա ընթացքում եղել են։
«Ես դա բացառում եմ, որովհետև ես եմ կառավարության և քաղաքական ուժի ղեկավարը, ես գիտեմ, թե ինչ հանձնարարականներ եմ տվել։ Մնացածը մեր իրավապահ մարմինները կհետաքննեն, և եղած փաստերը կարժանանան իրենց գնահատականին։ Ինձ համար ակնհայտ է, որ Հայաստանի քաղաքացիներն ունեցել են ազատ կամարտահայտման հնարավորություն։ Եվ, եթե ազատ կամարտահայտումը որևէ ձևով խախտվել է, դա խախտվել է պատերազմի եռագլուխ կուսակցության բաժանած ընտրակաշառքների ձևով, և բոլոր ընտրակաշառատուները պետք է երկար տարիներ անցկացնեն բանտում։ Սա իմ պահանջն է դատաիրավական համակարգից։ Բոլոր նրանք, ովքեր ընտրակաշառք են տվել, և նրանց մեղքը պիտի ապացուցվի, հաջորդ ընտրությունների ժամանակ նրանք ազատության մեջ պիտի չլինեն։ Եթե որևէ ընտրակաշառատու հաջորդ ընտրությունների պահին ազատութփյան մեջ լինելու հեռանկար ունի, նշանակում է մենք խնդիր ունենք դատաիրավական համակարգի հետ, և մենք կգործենք քաղաքական մեր միջոցներով։ Որովհետև նախորդող շրջանում ընտրակաշառատուների նկատմամբ հանդուրժողական վերաբերմունքը որ եղել է, դրա պատասխանատվությունը կրում է այդ թվում դատական համակարգը, և մենք այդ պատասխանի հետևից գնալու ենք»,- ասել է Փաշինյանը։
Հարցին, թե խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում հետընտրական զարգացումների հնարավորություն տեսնո՞ւմ է, Փաշինյանը պատասխանել է․
«Հետընտրական զարգացում չի կարող լինել, որովհետև պատերազմի եռագլուխ կուսակցությունը Հայաստանում չունի աջակցություն։ Դրանք մարգինալ ուժեր են, և առաջիկա հնգամյակում այդ ուժերը պետք է քաղաքականապես ոչնչացվեն՝ իրենց 3 լիդերներով (խմբ․ նկատի ունի «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին)»,- ասել է Փաշինյանը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակում է Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները, որոնց համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է բավարար ձայներ միանձնյա կառավարություն ձևավորելու համար։ Խորհրդարան մտնելու անցողիկ շեմը, ըստ նախնական տվյալների, հաղթահարում են նաև «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Հայաստան» դաշինքը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։