Քաղաքականություն

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը հորդորում է ընտրողներին ուշադիր լինել նախընտրական ծրագրերին

2 րոպեի ընթերցում

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը հորդորում է ընտրողներին ուշադիր լինել նախընտրական ծրագրերին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը հորդորում է ընտրողներին ուշադիր լինել այս կամ այն թեկնածուի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական ծրագրերին, խոստումներին ու հայտարարություններին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կուսակցության միասնական ցուցակի առաջին համար Տիգրան Ուրիխանյանը մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ Հայաստանում ակտիվորեն կեղծ օրակարգ է գեներացվում, իբր պայքարը մղվում է միայն նախկին ու ներկա իշխանությունների միջև:

«Պետք է այնպես անել, որպեսզի այն մարդիկ, ովքեր չեն կողմնորոշվել, գիտակցեն՝ կա հնարավորություն ընտրելու, չհիասթափվելու ու չհուսալքվելու: Մեր քաղաքացիները պետք է իմանան, որ ընտրելու հնարավորությունը միայն նախկինների ու ներկաների միջև չի, կա նաև այլընտրանք»,- շեշտեց Ուրիխանյանը:

Խոսելով ճանապարհների ապաշրջափակման մասին, նա նշեց, որ Հայաստանի շահը ՀՀ ու հայ ժողովրդի տիրապետման տակ գտնվող կայուն ու անսասան Զանգեզուրն է: Նրա խոսքով՝ ՀՀ ռազմավարական գործընկեր Ռուսաստանի տարածաշրջանային շահը ևս այս հարցում համընկնում է Հայաստանի շահին:

Ուրիխանյանը խոսեց նաև գերիների վերադարձի մասին և ասաց, որ այդ հարցը՝ իրենց իշխանության գալուց հետո, նախատեսում է ուղղել ՌԴ-ին, անմիջապես ընտրությունների հաջորդ առավոտյան:

«Մենք պատրաստ ենք ընտրություններ հաջորդ օրն առավոտյան ռազմավարական գործընկերոջ առջև փոխադարձ հարգանքի, փոխգործակցության, բայց և պահանջատիրության մթնոլորտում դնել այդ հարցը, որի լուծումը պետք է տեղի ունենա նույն օրը երեկոյան։ Եթե այդ ամենը տեղի չունեցավ, մենք չենք վախենալու իշխանություն կորցնելուց»,– ասաց Ուրիխանյանը:

Նա նաև ասաց, որ անհրաժեշտության դեպքում պետք է վերանայել ՀՀ անվտանգության ներկա համակարգը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում