Քաղաքականություն

Բացվել են սևով նշված կետերը, մեկը թող ասի՝ այդտեղ հակապետական դավադրությունը որտե՞ղ է․ Նիկոլ Փաշինյան

3 րոպեի ընթերցում

Բացվել են սևով նշված կետերը, մեկը թող ասի՝ այդտեղ հակապետական դավադրությունը որտե՞ղ է․ Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտարարությունների դեպքում Ազգային ժողովի կողմից վավերացման անհրաժեշտություն չկա: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին Ազգային ժողովում արտահերթ նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների կողմից հնարավոր նոր հայտարարության ընդունմանը:

«Եթե ասվի, որ դելիմիտացիայի արդյունքները պետք է վավերացվեն ԱԺ կողմից, դա ուրիշ հարց է, բայց հայտարարության դեպքում վավերացման անհրաժեշտություն չկա։ Դա սովորական աշխատանքային պրոցես է։ Հիմա բացվել են սևով նշված կետերը, մեկը թող ասի՝ այդտեղ հակապետական դավադրությունը որտե՞ղ է։ Հիմա էլ գրում են՝ Փաշինյանը մեկուսացրել է պաշտոնյաներին, ոչ ոք ոչնչից տեղյակ չէ։ Բոլորն ամեն ինչից տեղյակ են, ով դրանից պիտի տեղյակ լինի»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ դեռևս նախորդ տարվա նոյեմբերին Հայաստանում ստեղծվել է սահմանազատման հարցերով միջգերատեսչական հանձնաժողով։ «Դրա մասին ԱԳՆ-ն կրկին գաղափար չունի, որովհետև հանձնաժողովը ղեկավարում է արտաքին գործերի նախարարի տեղակալը»,- ասաց նա։

«Մենք պետք է այս կետից ընտրենք մեր երկարաժամկետ ռազմավարությունը։ Ի վերջո` սահմանների դելիմիտացիա ու դեմարկացիա ի՞նչ է նշանակում։ Դա նշանակում է փակել այդ թեման։ Սահմանների անվտանգության թեման փակել, փոխադարձաբար գալ համաձայնության, թե որտեղով է անցնում պետական սահմանը, որն անձեռնմխելի է։ Հիմա այս համատեքստում հարցեր են հնչում՝ արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Ղարաբաղի հարցը փակվում է։ Ես ուզում եմ ձեզ մի նորություն ասել՝ 1991 թվականի դեկտեմբերին, երբ ընդունվեց հռչակագիր Անկախ պետությունների համագործակցության ստեղծման վերաբերյալ, այդ հռչակագիրը բոլոր երկրները ստորագրեցին՝ ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը։ Եթե այս առումով խնդիր կա, այդ խնդիրը ստեղծվել է 1991 թվականի դեկտեմբերին։ Եթե այդտեղ խնդիր կա, այդ խնդիրը ստեղծվել է 2010 թվականինայս դահլիճում, երբ ընդունվել է վարչատարածքային բաժանման մասին օրենքը, որտեղ արձանագրվել է, որ Շուռնուխից, Սև լճից էն կողմ Ադրբեջանի Հանրապետությունն է։ Հիմա այս աղմուկն ինչի՞ մասին է, մեկը կարո՞ղ է ինձ բացատրել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում