Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու Ջո Բայդենի որոշումը և դրա հնարավոր ռիսկերը

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրեր առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշում կայացրեց կասեցնել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բանաձևը և հաջորդ բյուջետային տարում Ադրբեջանին տրամադրել ուղիղ ռազմական օգնություն (security aid): 907-րդ բանաձևն ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է դեռ 1992թ.՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման պատճառով, և այն ԱՄՆ կառավարությանն արգելում է օգնություն ցուցաբերել Արդբեջանի պետական կառույցներին, քանի դեռ այդ երկիրը «ակնհայտ քայլեր չի ձեռնարկել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ բոլոր տիպի շրջափակումների և ուժի կիրառման հարձակողական ձևերի վերացման ուղղությամբ»։

Ադրբեջանի տարածքով Աֆղանստան բեռների տարանցման հարցում Բաքվի համաձայնությունը ստանալու համար՝ 2001թ. հոկտեմբերին ԱՄՆ Կոնգրեսն ուղղում կատարեց 907-րդ բանաձևում՝ թույլատրելով ԱՄՆ նախագահի կողմից ակտի կասեցումը և ռազմական աջակցության տրամադրումը Ադրբեջանին՝ պայմանով, որ այն չպետք է խաթարի կամ խոչընդոտի Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման ջանքերին և չի օգտագործվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով:

Ադրբեջանին ռազմական օգնությունը տրամադրվել է հետևյալ հիմնական ծրագրերի շրջանակներում՝

  • նախկին Խորհրդային Միության զանգվածային ոչնչացման զենքերի և կապակցված ենթակառուցվաքների ոչնչացում,
  • գործընկերների կարողությունների զարգացում, հատկապես՝ հակաահաբեկչական գործողությունների, թմրանույթների կանխարգելման, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, ջրային և ցամաքային սահմանների անվտանգության, ռազմական հետախուզության գործողությունների ոլորտում,
  • ԱՄՆ-ից ռազմական ոլորտի ծառայությունների կամ ապրանքների ձեռքբերում,
  • հակաահաբեկչական, ականազերծման և կապակցված ծրագրեր:

Հատկանշական է, որ վերջին 20 տարվա ընթացքում ԱՄՆ կողմից Հայաստանին և Ադրբեջանին տրամադրված ռազմական աջակցության ծավալների հավասարակշռությունը խախտված է: 2000-2020թթ. ԱՄՆ-ն Հայաստանին տրամադրել է շուրջ 212մլն դոլար աջակցության, իսկ Ադրբեջանին՝ մոտ 419մլն դոլար: Ընդ որում, տրամադրվող աջակցության ծավալների տարբերությունը զգալիորեն մեծացել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք (2017-2021թթ․)՝ Հայաստանը ստացել է 16.1 մլն, իսկ Ադրբեջանը՝ 105 մլն դոլար օգնություն:

44-օրյա պատերազմը, որը շատ առումներով աննախադեպ էր, էականորեն փոխեց մեր տարածաշրջանի և տարածաշրջանային մարտահրավերների ընկալումները ողջ աշխարհում: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ բավական խնդրահարույց է, որ ԱՄՆ նախագահ Ջ. Բայդենը շարունակում է իր նախորդների գործելաոճը՝ որոշում կայացնելով ռազմական աջակցություն տրամադրել բացահայտ ագրեսորին: Ավելին, այդ որոշումը բավական հակասական է նաև Բայդենի՝ ավելի վաղ հնչեցրած հայտարարությունների համատեքստում: Պատերազմի ընթացքում՝ 2020թ. հոկտեմբերին, նախագահի թեկնածու Ջ. Բայդենը Դ․ Թրամփի վարչակազմին կոչ է արել չկասեցնել 907-րդ բանաձևը և ապահովել դրա ամբողջական իրականացումը: Բացի այդ, Բայդեն-Հարիս թիմը հայկական հարցերի վերաբերյալ հայտնած դիրքորոշման մեջ պարտավորվել էր «վերանայել Ադրբեջանին տրամադրվող անվտանգության աջակցությունը՝ համոզվելու, որ այն չի օգտագործվում հարձակողական միջոցների համար»:

Բայդենի կայացրած որոշումը չի տեղավորվում նաև նրա վարչակազմի կողմից արտաքին քաղաքականության ոլորտում հռչակած առաջնահերթությունների, մասնավորապես՝ մարդու համընդհանուր իրավունքների պաշտպանության սկզբունքի շրջանակներում: Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրման որոշումը կայացվեց մի իրավիճակում, երբ Բաքուն բացահայտ խախտում է իր ստանձնած պարտավորությունները՝ չվերադարձնելով հայ ռազմագերիներին ու պահվող այլ անձանց, նրանց ենթարկում է կտտանքների, ոմանց անգամ զրկելով կյանքից, խրախուսում է պատերազմի ընթացքում ռազմական հանցագործություններ գործած զինվորականներին և բացում է հայատյացության մարմնացում հանդիսացող «ռազմական ավարի պուրակ»: Բավական կարևոր է, որ մարդու իրավունքների նման կոպտագույն խախտումները չվրիպեն միջազգային հանրության, այդ թվում՝ ԱՄՆ ուշադրությունից, քանզի կարող են դառնալ վատ նախադեպ և օրինակ այլ երկրների համար։

Նշենք, որ ամերիկյան կողմը տրամադրվող աջակցությունը ներկայացնում է որպես ոչ թե «ռազմական», այլ «հակաահաբեկչական» բնույթի օգնություն: Նման փաթեթավորումը նույնպես հարցեր է առաջացնում, քանզի ակնհայտ է, որ պատերազմի ընթացքում Ադրբեջանը և Թուրքիան զբաղված էին ահաբեկչության բացահայտ հովանավորմամբ՝ Արցախ տեղափոխելով մեծ թվով սիրիացի վարձկանների: Այս ամենը մի քանի անգամ հրապարակայնորեն արձանագրել են միջազգային տարբեր դերակատարներ, այդ թվում՝ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, և առնվազն տարակուսելի է, որ «հակաահաբեկչական պայքարի» համար նախատեսված օգնություն կարող է տրամադրվել մի երկրի, որն օգտվում ահաբեկիչների ծառայություններից։

Միևնույն ժամանակ կարևոր է ընդգծել, որ 907-րդ բանաձևի սահմանափակումների շրջանցման համար սահմանված է հստակ պայման, որ տրամադրվող օգնությունը չպետք է խաթարի կամ խոչընդոտի բանակցային գործընթացին և չի կարող օգտագործվել Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով: Սակայն, գործնականում անտեսվում է այն հանգամանքը, որ ԱՄՆ կողմից տրամադրվող ռազմական աջակցության մի մասի հասցեատերը Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն է (նրանց կարողությունների զարգացման, սահմանային անվտանգության բարձրացման և այլ ծրագրերով), որն արդեն մի քանի տարի է ծառայություն է իրականացնում նաև Հայաստանի սահմանին: Ավելին, 44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական զոհերի ցանկում քիչ չեն Ադրբեջանի սահմանապահ ծառայության զինծառայողները, ինչը ապացուցում է, որ այն ակտիվորեն ներգրավված է եղել Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայում: Հաշվի առնելով այս իրողությունները՝ միանշանակ կարելի է պնդել, որ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Ադրբեջանին տրամադրված ռազմական օգնությունը չի օգտագործվել կամ չի օգտագործվի Հայաստանի և Արցախի դեմ, ինչը օգնության տրամադրման համար նախատեսված պայմանի կոպտագույն խախտում է:

Ամփոփելով կարող ենք նշել, որ թեև ԱՄՆ պետքարտուղար Է. Բլինկենը համոզմունք է հայտնել, որ տրամադրվելիք օգնությունը «չի նպաստի տարածաշրջանում հակամարտության խորացմանը», ինչի հետ բարդ է համաձայնել։ Իրականում, Արցախի դեմ ադրբեջանական բացահայտ ագրեսիայից հետո, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում Բաքվի դրսևորած ոչ կառուցողական պահվածքի պայմաններում որևէ երկրի կողմից Ադրբեջանի հետ ռազմական ոլորտում ցանկացած տիպի համագործակցություն միմիայն նպաստելու է Ի. Ալիևի մոտ «անպատժելիության սինդրոմի» զարգացմանը՝ նրան դարձնելով առավել անկանխատեսելի և անվերահսկելի: Ուստի բավական կարևոր է, որ թե՛ Հայաստանի համապատասխան մարմինները, թե՛ ԱՄՆ-ում հայկական լոբբիստական կառույցները հնարավորինս ակտիվ աշխատեն ամերիկյան կողմի հետ՝ ընկալելի ներկայացնելով նման ռազմական աջակցության տրամադրման հնարավոր ռիսկերն ու հետևանքները՝ փորձելով հասնել 907-րդ բանաձևի լիարժեք կիրարկման։

Նարեկ Մինասյան

Հայերեն Русский

ՀՀ կառավարությունը Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից

Արդյոք սահմանին ՀՀ քաղաքացիները ստանում են վարժական հավաքների ծանուցում. Պապիկյանի անդրադարձը

Նոր Խարբերդում կառուցվում է նոր մանկապարտեզ

Եվրամիության օգնությամբ հայկական ծաղիկները կարտահանվեն Լատվիա. քննարկումներ կան նաև Նիդեռլանդների հետ

Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի

Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg

Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում

ԵՄ-ն ավելի քան 50 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ռուսական սահմանափակումների ֆոնին

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը

Շիրակի մարզում աշնանացան ցորենի մշակության համար կտրամադրվի ավելի քան 1 միլիարդ դրամ փոխհատուցում