Քվանտային ոլորտը հեղափոխություն է գիտական և տեխնոլոգիական աշխարհում, Հայաստանը պետք է դրա մասը կազմի. Անի Ապրահամյան

14 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քվանտային ֆիզիկայի և տեխնոլոգիաների ոլորտը խոստանում է մի նոր առաջընթացի փուլ աշխարհում, և Հայաստանը պետք է այդ գործընթացի մասը կազմը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) ղեկավար, Նոտր Դամի համալսարանի Ֆրանկ Մ․ Ֆրայմանի ֆիզիկայի ամբիոնի դասախոս Անի Ապրահամյանը՝ ներկայացնելով առաջիկա ծրագրերը:

-Տիկին Ապրահամյան, 2021 թվականի համար որո՞նք են լինելու Ազգային գիտական լաբորատորիայի առաջնահերթությունները:

-2021 թվականին մենք սպասում ենք մի շարք ծանրակշիռ զարգացումների: Առաջինը Քվանտային ֆիզիկայի և տեխնոլոգիաների նոր բաժնի ստեղծումն է: Այս ոլորտը խոստանում է տեխնոլոգիական մի նոր առաջընթացի փուլ մարդկության համար, և Հայաստանն այստեղ կունենա իր բաժինը: Մենք արդեն ունենք ուժեղ նախադրյալ. Gate 42-ը (հեղ. քվանտային հաշվարկների հետազոտության և զարգացման հիմնադրամ) միանում է Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիային (ԱԱԳԼ): Հաջորդը, դոկտոր Ամուր Մարգարյանի խմբի փորձարարական ասպեկտների ներգրավումն է. GPS- ի և բազմաթիվ այլ ծրագրերի կիրառմամբ հնարավոր կլինի չափել ժամանակն ավելի ճշգրիտ, քան երբևէ:

Դրանից բացի, մենք կօգտագործենք ցիկլոտրոնի միջոցով արտադրված ռադիոակտիվ իզոտոպները՝ քվանտային ֆիզիկայի որոշ հիմնարար ասպեկտներ ստուգելու համար: Սա շատ հետաքրքիր գիտական առաջընթաց է:

Մենք նաև կառուցում ենք ենթակառուցվածքներ ԱԱԳԼ- ում: Նոր կրիոգեն կենտրոնը հնարավորություն կտա մեզ անցնել հատուկ հիպերբարիկ միավորների արտադրության, որոնք կարող են վաճառվել համաշխարհային շուկայում` Հայաստանի գիտության, առողջության և պաշտպանության կարիքների ապահովումից բացի, ինչը նաև այժմ ենք իրականացնում: Կունենանք նաև դետեկտորների առաջնակարգ լաբորատորիա՝ գերժամանակակից թվային էլեկտրոնիկայով և դետեկտորներով, ինչը հնարավորություն կտա մեր գիտնականներին մրցակցելու միջազգային նախագծերի համար: Ընթացքի մեջ է նաև ներկայումս Հայաստանում գոյություն չունեցող 1000-դասի «մաքուր սենյակ»-ի հիմնումը (հեղ.-մաքուր սենյակների դասակարգման ստանդարտ) ՝ նյութագիտության մեջ առաջընթացի գրանցման, նոր դետեկտորների գերճշգրիտ աշխատանքի ստուգման, միջավայրի համար մաքուր էլեկտրոնիկայի մշակման և շատ այլ կիրառումների նպատակով:

Ես ստանձնել եմ ԱԱԳԼ-ի տնօրենի պաշտոնն այն նորարարության և տեխնոլոգիական առանցքի վերածելու ռազմավարական նպատակով: ԱԱԳԼ-ի իմ տեսլականն է առկա ներուժի հիման վրա կառուցել նոր հնարավորություններ և ստեղծել գիտության կիրառական կողմի հավելյալ հնարավորություններ` մեր դերին համահունչ՝ որպես Գիտական ազգային լաբորատորիա: Մենք զբաղվում ենք ոչ միայն հիմնարար գիտությամբ, այլև գիտությամբ մասնակից ենք դառնում առողջապահական, տնտեսական և պաշտպանական մի շարք խնդիրների լուծմանը: Համաշխարհային բանկին ծրագրային առաջարկ եմ մշակել սփյուռքի գործընկերներիս հետ, և հաջորդ շաբաթ այս առաջարկը կներկայացվի Հայաստանի Կառավարությանը: Սա Հայաստանին դեպի առաջ լուրջ քայլ իրականացնելու հնարավորություն կտրամադրի. գիտության մեջ ներդրումն է, որ կբերի նաև տնտեսական հաջողության:

-Ինչպես նշեցիք, նպատակ ունեք Հայաստանում հիմնել միջազգային ստանդարտներին համապատասխանող գիտաարտադրական արհեստանոց կամ «մաքուր սենյակ»: Ի՞նչ խնդիր է այն իր առջև դրել: Ի՞նչը հիմք հանդիսացավ «մաքուր սենյակ-ի նախաձեռնության համար:

-1000 դասի «մաքուր սենյակ» Հայաստանում գոյություն չունի, և այդպիսի մաքուր միջավայրի ստեղծումը հնարավորություն կտա այնպիսի ուսումնասիրություններ իրականացնել, որոնք ներկայումս բացարձակ հնարավոր չեն: Մենք մտածում էինք ինֆրակարմիր ճառագայթման դեպքում անտեսանելի նյութերի ուղղությամբ, որոնք կարող էին մեզ օգնել պատերազմի ժամանակ, սակայն դրանց մշակման համար համապատասխան պայմաններ չունեինք: Բացի այդ, նման մաքուր միջավայրը մեզ թույլ է տալիս ցույց տալ մեր առկա սարքերի կարողությունները և հետագայում զարգացնել միջին մակարդակի ենթակառուցվածքը ՝ այն համաշխարհային շուկա հանելու համար: Մենք փոխըմբռնման հուշագրեր ենք ստորագրել մի շարք կառույցների հետ, որոնք ցանկանում են օգտագործել այս «մաքուր սենյակը»: Սա ցույց է տալիս, որ այս սենյակի կարիքը կա, և մենք այն կիրականացնենք ՝ զարգացնելով գիտությունը բոլոր հնարավոր ուղղություններով: Ավելին, «մաքուր սենյակ»-ի ծրագրային առաջարկը մենք ներկայացրել ենք ARPA ինստիտուտին, և նրանք համաձայնել են այն ֆինանսավորել: Այս «մաքուր սենյակ»-ի կառուցման համար անհրաժեշտ զտիչները և նյութերն այժմ Հայաստանում չկան: Դրանց ձեռքբերումն իրականացվում է ԱՄՆ-ից:

-Արդյո՞ք գիտաարտադրական արհեստանոցը հետազոտությունների համար հասանելի կլինի այլ համալսարաններին ու ինստիտուտներին: Համագործակցության ի՞նչ հնարավորություններ եք տեսնում:

-Իհարկե: ԱԱԳԼ-ի իմ ռազմավարությունն էր այն հասանելի դարձնել համալսարանական բոլոր ուսանողների և հետազոտողների համար: Հայաստան գալուցս ի վեր (դեռ երեք տարի էլ չկա), ես ստորագրել եմ փոխըմբռնման հուշագրեր տասներեք հաստատությունների հետ: Հայաստանում գիտության հաջողության հասնելու հիմքում ընկած է ինստիտուտների ներքին համագործակցության բանաձևը: Համաշխարհային բանկը ցույց է տվել, որ հաջողություն գրանցած նախկին սովետական երկրները ներքին համագործակցության շնորհիվ ավելի քան տասն անգամ ավելացրել են իրենց հետազոտությունները: Կորոնավիրուսային իրավիճակը մեզ շատ հնարավորություններ տվեց համագործակցելու Ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի, Ֆիզիկական քիմիայի ինստիտուտի, Աշտարակի ֆիզիկայի ինստիտուտի, Պոլիտեխնիկական համալսարանի, Երևանի պետական համալսարանի, Հայ-ռուսական համալսարանի և այլ կառույցների հետ: Սա է ճանապարհը, որը համաշխարհային բեմահարթակում Հայաստանը կդարձնի ներկայանալի ՝ որպես գիտական կարող ուժ:

-Տիկին Ապրահամյան կրիոգեն կայանի արդիականացման գործընթաց էր սկսվել: Ի՞նչ փուլում է այն, ի՞նչ նորություն կարող եք հայտնել: Արդիականացված կայան ունենալու դեպքում որքանո՞վ են հնարավորությունները մեծանալու:

-Նոր կրիոգեն կենտրոնը մեզ առաջին հերթին կտա սեղմված հեղուկ թթվածնի և ազոտի կայուն արտադրություն: Ինչպես գիտեք, ներկա կրիոգեն կենտրոնը շատ լավն է, բայց այն խափանվում է յուրաքանչյուր 4-7 օրը մեկ, և նորոգման կարիք կա: Իրականում սա անսպասելի չէ, քանի որ այն մոտ 60 տարի է, ինչ շահագործվում է: Նոր կենտրոնը կրկնապատկելու է մեր արտադրանքը և հուսալի մատակարարում ապահովելու հետազոտական նախագծերի և, իհարկե, ռազմական և բժշկական ծրագրերի համար: Հայաստանի համար կարևոր է հուսալի մատակարարումը: Պատերազմի օրերին և կորոնավիրուսային ծանր շրջանում Հայաստանը Վրաստանից էր ստանում հեղուկ թթվածին: Մենք այդպես վարվելու կարիք չունենք:

Բացի այդ, ունենալով այդ կրիոգեն կենտրոնը՝ հնարավոր կդառնա Հայաստանում գրանցել արդյունաբերական առաջընթաց: Օրինակ, սփյուռքահայ բժիշկները ձեռք են բերել շնչառական հիպերբարիկ 2 խցիկ և յուրաքանչյուրի համար վճարել 100,000 ԱՄՆ դոլար: ԱԱԳԼ-ն այս տեսակի խցիկների ստեղծման ծրագրային առաջարկ ունի՝ շատ ավելի քիչ արժեքով, և հնարավոր կլինի դրանք նաև համաշխարհային շուկայում վաճառել: Նմանատիպ սարքերը կառուցելու և փորձարկելու համար անհրաժեշտ է թթվածնի հուսալի մատակարարում: Դրանք կիրառելի են ինսուլտից տուժածների վերականգնման համար, լեռնագնացների վերապատրաստման նպատակով և, իհարկե, COVID-ի հետ կապված բարդությունների պարագայում: Հուսալի ենթակառուցվածքը թույլ է տալիս մեզ դառնալ հուսալի գործընկեր նաև արտադրության մեջ և զարկ տալ նմանատիպ արտադրությունը Հայաստանում:

-Նշեցիք, որ նպատակ է դրված Հայաստանում գործարկված ցիկլոտրոնը կիրառել նաև գիտական նպատակով: Ժամանակին խոսվում էր պրոտոնային փնջի օգտագործմամբ միջուկային ֆիզիկային վերաբերող գիտափորձեր իրականացնելու մասին: Ի՞նչ անելիքներ կան այս ուղղությամբ և ի՞նչ ենք ակնկալում այս գործընթացից:

-Ցիկլոտրոնը ծառայում է Հայաստանում միջուկային բժշկությանը: 2020 թ.-ին մեզ հաջողվել է իրականացնել նաև պրոտոնային փնջի դուրսբերում՝ փորձարկումներում օգտագործելու նպատակով: Ցավոք, մի քանի օր առաջ կյանքից հեռացավ փորձերի համար պրոտոնային արտաքին փնջի մշակմամբ զբաղվող բաժնի ղեկավար Ալբերտ Ավետիսյանը: Մեզ պետք են դետեկտորներ և թվային էլեկտրոնիկա: Մենք հիմա զբաղված ենք դրանց ձեռքբերմամբ: Պատերազմի հետևանքով աշխատանքը դանդաղեց: Մենք նախատեսում ենք օգտագործել պրոտոնային փունջը գերբարձր ճշգրտության սարքի ստուգման նպատակով, որը մշակվել է ԱԱԳԼ-ի Փորձարարական բաժնի կողմից: Բացի այդ, ռադիոակտիվ իզոտոպները կարող են օգտագործվել գլխուղեղի հետազոտություններում, կենսաքիմիայում ՝ արյան ուղեղի արգելքի ուսումնասիրության նպատակով: Այսօր սա աշխարհում կենսաքիմիայի ամենամեծ մարտահրավերներից մեկն է: Մենք սկսեցինք քննարկումներ Դեղագործական ինստիտուտի հետ` նոր դեղերի փորձարկումն ընդլայնելու վերաբերյալ, որոնք նրանք մշակում են պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիայի (PET) և իզոտոպների օգտագործմամբ: Ցավոք, կորոնոսավիրուսի ու պատերազմի հետևանքով այս ուղղությամբ մեր աշխատանքը դանդաղեց: Մեզ հաջողվել է դրամաշնորհ ձեռքբերել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ միջուկային ֆիզիկայի փորձերի ոլորտում և դրանք կիրագործենք 2021 թ.-ին:

-Այս տարվա Ձեր ծրագրերում երիտասարդ կարդրերին ներգրավելու ուղղությամբ ի՞նչ քաղաքականություն եք որդեգրել, ի՞նչ աշխատանքներ եք կատարելու:

-Այն ամենն, ինչ արվում է, և ինչի համար պայքարում ենք հանուն մեր երիտասարդների է և նրանց ապագայի, քանի որ նրանք են մեր ապագայի երաշխավորը, որը ստեղծվում է այսօր։

2019 թ-ին ընդունվել է աշխատանքի 23 երիտասարդ գիտատեխնիկական աշխատող, այդ թվում՝ 11 ուսանող, իսկ 2020 թ-ին՝ 24 երիտասարդ գիտատեխնիկական աշխատող, այդ թվում՝ 9 ուսանող: Մենք նրանց աջակցելու համար անում ենք ամեն ինչ:

ԱԱԳԼ- ում այսօր ունենք 70-ից ավելի երիտասարդ գիտնականներ, որոնցից 20-ը ուսանողներ են, ունենք 12 ասպիրանտ ու հայցորդ, և սա մեր երիտասարդներին ներգրավելու, նոր գիտնականներ պատրաստելու, սերնդափոխություն ապահովելու քաղաքականության արդյունքում է։ Ես որդեգրել եմ հետևյալ ռազմավարությունը. ջանք չխնայել երիտասարդներին արժանապատիվ և խոստումնալից աշխատավարձով ապահովելու ուղղությամբ։ ԱԱԳԼ-ն կամուրջ է դեպի խոշորագույն գիտական համագործակցություններ, գիտահետազոտական ինստիտուտներ, համալսարաններ՝ մեծ փորձ ու գիտելիք ձեռք բերելու հնարավորություններով։ Նախքան կորոնավիրուսային համավարակը, 2019 թվականին ԱԱԳԼ-ն կազմակերպել է 12 միջազգային գիտաժողով և դպրոց, 30 կոլոքվիում (հեղ.- կրթական համակարգում ուսուցողական պարապմունք). այս միջոցառումներին մասնակցել են միջազգային հայտնի և առաջատար գիտնականներ՝ մեր ուսանողներին և երիտասարդներին հնարավորություն ընձեռնելով քննարկումներ ծավալել և համագործակցման եզրեր գտնել։ Ես քայլեր եմ ձեռնարկում,որ ենթակառուցվածքները վերականգնվեն և արդիականացվեն, որպեսզի գիտական միջավայր ձևավորվի՝ երիտասարդների պայծառ ապագան այսօր կերտելու համար։ Մասնավորապես, մենք ընդգրկում ենք փորձնակների և՛ Հայաստանից, և՛ արտասահմանից, postdoc-երի (հեղ.-հետդոկտորական ուսումնասիրություններ) համար փորձում ենք ծրագրեր բացել և հույս ունենք այս տարի կունենանք մի քանիսը արտասահմանից: Ունենք բազմաթիվ փոխանակման ծրագրեր և հնարավորություններ երիտասարդների համար։ Այս ամենը ժամանակի հետ բազմապատկվելու է։ Մենք ինտենսիվ զբաղվելու ենք երիտասարդների կրթությամբ, զարգացմամբ և վերապատրաստմամբ:

-Եթե չեմ սխալվում սփյուռքահայ գիտնականներին ներգրավելու նպատակով նույնպես ծրագրեր եք նախատեսում: Մասնավորապես, քվանտային ոլորտում, հաշվի առնելով, որ ոլորտը հագեցած է սփյուռքահայ գիտնականներով:

-Աշխարհի յուրաքանչյուր երկիր մեծ ռեսուրս է ներդնում քվանտային ֆիզիկայի, քվանտային հաշվարկի և քվանտային կիրառական ֆիզիկայի ուղղությամբ: Քվանտային ոլորտը նոր հեղափոխություն է գիտական և տեխնոլոգիական աշխարհում, և Հայաստանը պետք է այդ հեղափոխության մասը կազմի: Մենք այս ոլորտի զարգացման համար ունենք աջակցություն ինչպես Հայաստանի գիտության կոմիտեի, այնպես էլ սփյուռքի կողմից: Բոլորը պատրաստակամ են մեզ օգնելու: Այս համատեքստում ANSEF-ն (հեղ.- Հայկական ազգային գիտակրթական հիմնադրամ) առաջարկել է ֆինանսավորել ԱԱԳԼ-ի երկու հաստիք: Այս ուղղությամբ Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից շատ գիտնականներ առաջարկել են նախագծեր: Ես շատ լավատես եմ ապագայի նկատմամբ:

Աննա Գզիրյան

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում