Դասընթաց քահանաների համար՝ Արցախի պատերազմից տուժածներին սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրման նպատակով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ` 2021 թվականին «Օգնություն Արցախին» ծրագրի շրջանակում ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը նախաձեռնել է սոցիալ-հոգեբանական աջակցությանը նվիրված կարողությունների զարգացման ծրագիրը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամից, ծրագիրն իրականացվում է, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականները և սոցիալական աշխատողներն ավելի արհեստավարժ կարողանան ամոքել հոգևոր ու պատերազմի հոգետրավմաները և ավելի լայնածավալ ու արդյունավետ ծառայություն մատուցեն Արցախյան պատերազմից տուժած տեղաբնակ, տեղահանված և հատկապես զոհված, հաշմանդամ կամ գերեվարված զավակ ունեցող ընտանիքներին, որոնք գտնվում են ծանր հոգեբանական վիճակում:

Դասընթացին մասնակցում են քահանաները և սոցիալական ոլորտի աշխատակիցները` Արարատյան Հայրապետական, Արմավիրի, Մասյացոտնի, Գեղարքունյաց, Շիրակի, Գուգարաց, Տավուշի, Արթիկի, Կոտայքի թեմերից, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ-ի գնդերեցները:

Մարտի 1-ին կայացել է դասընթացի առաջին հանդիպումը Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի հետ: Հանդիպման ընթացքում Սրբազան Հայրն իր պատգամն է տվել սոցիալ-հոգեբանական աջակցությանը նվիրված ծրագրի բոլոր ներկայացուցիչներին` հորդորելով քաջալերվել Աստծո լույսով և շարունակել իրենց ծավալած աշխատանքը Արցախյան պատերազմի հետևանքով տուժած անձանց հետ: Սրբազան Հայրը կարևորել է քահանաների կողմից կատարվելիք տնայցերը` շեշտադրելով այդ հանդիպումների կարևորությունը նույնիսկ խաղաղ և բարեկեցիկ պայմաններում, ինչպես նաև ընդգծեց ծայրահեղ անհրաժեշտությունն անհայտ կորածների, գերեվարվածների կամ զոհվածների ընտանիքների հետ հանդիպումներն ու անհատական զրույցները:

Քննարկվել է նաև Հայաստանում ստեղծված ներկայիս ծանր դրությամբ պայմանավորված այն հարցը, որ քահանաներն ու սոցիալական ոլորտի աշխատակիցներն աշխատանքի ընթացքում հաճախ հանդիպում են հուսալքված այնպիսի անձանց, ովքեր նույնիսկ մերժում են զրուցելու առաջարկը: Հաշվի առնելով նմանատիպ ծայրահեղ ծանր իրավիճակները, որոնք դժվարացնում են քահանաների կողմից տուժածներին աջակցելու համար նախաձեռնած քայլերը՝ Սրբազան Հայրը խրախուսել է զինվել անսպառ համբերությամբ և ոչ մի դեպքում չընդհատել համայնքի անդամներին ոտքի կանգնեցնելու և նոր կյանք վերադարձնելու համար ծավալված գործունեությունը` կարևորելով ինչպես որդեկորույս մայրերի, այնպես էլ, հատկապես, որդեկորույս հայրերի հետ իրականացվող աշխատանքը:

Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել բարձրացնել իրենց գործունեության ընթացքում առաջացած խնդիրներին առնչվող հարցեր, ինչպես նաև ներկայացրել են մի շարք խնդրահարույց իրավիճակներ` ստանալով Սրբազան Հոր խորհուրդն ու հորդորը:

Հանդիպման ավարտին Սրբազանը քաջալերել է քահանա հայրերին և սոցիալական ոլորտի աշխատողներին շարունակել իրենց հայրենանպաստ և անձնուրաց գործունեությունը:

Հայերեն

Ազատության հրապարակում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառում է անցկացվել

Հայաստանի կարատեի ընտրանու անդամ Յուրա Զալյանը դարձավ Երևանում ընթացող ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը 35 երկրների դատավորների հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում հայ գերիների շինծու դատավարությանը

Հայոց ցեղասպանությունը վերապրած Թորոս Թադևոսյանի զավակները ՀՑԹ-ին նվիրաբերեցին նրա լուսանկարներն ու գրառումները

Հռոմի նորընտիր պապը հայտարարել է՝ կշարունակի Ֆրանցիսկոս պապի տեսլականը

Մայիսի 12-ի միջոցառումների անոնս

Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

Հնդկաստանն ու Պակիստանը հրադադարից հետո չեզոք գոտում բանակցություններ կսկսեն հարցերի լայն շրջանակի շուրջ

Մայիսի 11-ի միջոցառումների անոնս

Հնդկաստանն ու Պակիստանը հրադադարի համաձայնության են եկել. Դոնալդ Թրամփ