Հասարակական

Երևանի Մետրոպոլիտենի աշխատանքը երկրաշարժի հետևանքով չի խաթարվել

2 րոպեի ընթերցում

Երևանի Մետրոպոլիտենի աշխատանքը երկրաշարժի հետևանքով չի խաթարվել

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնում է, որ փետրվարի 13-ին գրանցված երկրաշարժի հետևանքով մայրաքաղաքում ավերածություններ չեն եղել։

«Մի քանի հասցեներում գրանցվել են քարաթափումներ, Էրեբունիում մեկ ինքնաշեն տնակ է վնասվել։

Շտապօգնության ծառայությունը երկու զանգ է ստացել, կապված երկրաշարժի հետ։ Բարեբախտաբար, ահազանգող քաղաքացիների մոտ որեւէ լուրջ վնասվածք չկա։

Մետրոպոլիտենի աշխատանքը անխափան է՝ սովորական գրաֆիկով։

Օպերատիվ իրավիճակը պահում ենք հսկողության տակ, քաղաքի համապատասխան ծառայությունները շարունակում են աշխատանքը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետը։

Սույն թվականի փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 15:29-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Կոտայքի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում