Շատ հայ մասնագետներ վախենում են հնարավորություն տալ պատանիներին. Էդգար Մանուչարյան

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարզական 2020-ը ոչ լիարժեք լինելով հանդերձ նաև վերջինն էր հայկական ֆուտբոլի գուցե ամենատաղանդավոր ֆուտբոլիստների մեկի` Էդգար Մանուչարյանի համար, որն ավարտեց կարիերան` հեռանալով Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից: «Արմենպրես»-ի հետ զրույցում Մանուչարյանը խոսեց որպես մարզիչ իր մեկնարկի, երիտասարդ հայ ֆուտբոլիստների հեռանկարի և Ազգերի լիգայում Հայաստանի ընտրանու ելույթների մասին:

-Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո սկսել եք հետաքրքրվել մարզչական աշխատանքով: Ի՞նչ կասեք ԲԿՄԱ-ում վերջին շրջանում ձեր կատարած աշխատանքի մասին:

-Վերջին շրջանում ամբողջ թիմով շատ մեծ աշխատանք է տարվել ֆուտբոլիստների հետ և՛ հոգեբանական, և՛ տակտիկական առումով: Արդյունքը պատահական չէ, քանի որ մենք Առաջին խմբում գտնվում ենք առաջին հորիզոնականում: Բացի այդ, Բարձրագույն խմբի մի շարք թիմերի դեմ խաղում ենք հավասարը հավասարի դեմ: Մեզ համար շատ կարևոր է խաղալ ավելի բարձրակարգ թիմերի դեմ, քանի որ ԲԿՄԱ-ի կորիզը կազմում են երիտասարդական հավաքականի խաղացողները, որոնք հետագայում մրցելու են տարբեր հավաքականների հետ: Ես ավելի քան վստահ եմ, որ մեր ֆուտբոլն ապագա ունի: Բոլորս պետք է մեր շահերը մի կողմ թողնենք և աշխատենք հայկական ֆուտբոլն ուժեղացնելու համար, որպեսզի 5-10 տարի անց կարողանանք խաղալ թոփ ընտրանիների դեմ:

-Դյուրի՞ն է աշխատել երիտասարդ ֆուտբոլիստների հետ:

-Ֆուտբոլում հեշտ բան չկա: Երբ ես ֆուտբոլիստ էի, չէի պատկերացնում՝ որքան դժվար է մարզչի աշխատանքը: Հիմա դա հասկանում եմ: Շատ բարդ է ամբողջ համակարգը՝ սկսած մարզումային ծրագրերից մինչև հոգեբանություն: 3-4 ամիսը շատ կարճ ժամանակ է՝ ամեն ինչ հասկանալու համար: Փետրվարին լինելու են մարզչական դասընթացներ, որոնց անպայման կմասնակցեմ:

-Վերջին շրջանում ազգային հավաքականում ակտուալ է սերնդափոխության թեման: Ո՞ր ֆուտբոլիստներին խորհուրդ կտաք հրավիրել ազգային հավաքական՝ հաշվի առնելով, որ աշխատում եք երիտասարդների հետ:

-Չեմ ցանկանում խառնվել ուրիշի գործերին:Հայաստանի հավաքականի մարզիչը բոլորից լավ գիտի՝ ում հրավիրել, ում՝ ոչ: Ուրախալի է, որ Խոակին Կապառոսը հնարավորություն է տալիս երիտասարդ խաղացողներին՝ հանձին Վահան Բիչախչյանի: Շատ հայ մասնագետներ վախենում են հնարավորություն տալ պատանիներին: Եթե խաղացողը պատրաստ է, ապա տարիքը կապ չունի: Վստահ եմ, որ ժամանակի ընթացքում մեր թիմը նույնպես ներկայացուցիչներ կունենա Հայաստանի հավաքականում:

-Ինչպե՞ս կբնութագրեք Ռաֆայել Նազարյանի հետ աշխատանքը:

-Դա ինձ համար անգնահատելի փորձ է: Միշտ ասել եմ, որ նա Հայաստանի լավագույն մասնագետներից մեկն է, եթե ոչ լավագույնը: Շատ բաներ եմ սովորում նրանից: Նա ամեն ինչ շատ սիրով բացատրում է մեզ: Նրա հետ և՛ ընկերական, և՛ աշխատանքային լավ հարաբերությունների մեջ եմ:

-Ինչպիսի՞ տպավորություններ ստացաք Հայաստանի հավաքականի ելույթներից Ազգերի լիգայում:

-Հաշվի առնելով կորոնավիրուսային իրավիճակը, որի պատճառով առաջատար ֆուտբոլիստները չկարողացան մասնակցել վերջին խաղին, ինչպես նաև պատերազմը՝ մեր հավաքականը գերազանց ելույթ ունեցավ: Մեզ ավելի շատ անհրաժեշտ էր արդյունքը, քան խաղը: Կան հանդիպումներ, որոնցում պետք է ուշադրություն դարձնել միայն արդյունքին:

-Վահան Բիչախչյանը և Էրիկ Վարդանյանը համարվում են հայկական ֆուտբոլի ներկայիս ամենահեռանկարային խաղացողները: Ի՞նչ խորհուրդ կտաք նրանց:

-Ե՛վ Էրիկը, և՛ Վահանը շատ տաղանդավոր են: Հասցրել եմ խաղալ Էրիկի հետ և կարող եմ ասել, որ նա շատ լավ որակներ ունի: Ցավոք սրտի, նրան հետապնդում են վնասվածքները: Առանց վնասվածքների նա կդառնա մեծ ֆուտբոլիստ: Նրանք պետք է նվիրվեն ֆուտբոլին, քանի որ ֆուտբոլիստի կարիերան շատ կարճ է: Ես հավատում եմ նրանց: Մնացածը կախված է խաղացողներից:

-Հայաստանի առաջնությունում շատ է խոսվում լեգեոներների լիմիտի մասին, հնչում են բազմաթիվ տարբերակներ: Ինչպիսի՞ն է ձեր տարբերակը:

-Դեմ եմ մեծ թվով լեգեոներներին: Ցանկացած առաջնությունում էլ պետք է լինեն արտասահմանցի խաղացողներ, սակայն 3 կամ 4-ից ոչ ավելի, որ մեր երիտասարդներն էլ հնարավորություն ստանան: Նրանցից նույնպես շատ բան կա սովորելու: Սակայն մեկ թիմում 10 արտասահմանցիների դեպքում մեր ֆուտբոլիստները չեն զարգանում: Դաշտում պետք է լինեն 2 կամ 3 լեգեոներներ, բայց ոչ դարպասապահներ:

-Վերջին շրջանում սկսել եք հարցազրույցների շարք: Ինչպե՞ս առաջացավ հաղորդում ունենալուգաղափարը:

-Գաղափարն իմը չէր: Իմ ընկերներից մեկն ինձ առաջարկեց, քանի որ ցանկանում էի ինչ-որ բանով օգնել մեր ֆուտբոլին: Երբեք PR-ի կարիք չեմ ունեցել: Հաղորդման շրջանակներում ունենալու ենք հետաքրքիր հյուրեր, խոսելու ենք տարբեր թեմաներից՝ և՛ պատանեկան հավաքականներից, և՛ թիմերից, և՛ ընդհանուր ֆուտբոլից: Ներկայումս մեր ֆուտբոլին պակասում են այսպիսի հաղորդումները: Ժամանակը ցույց կտա, թե ինչպես այն կընդունվի:

Հարցազրույցը` Տիգրան Ֆերեշետյանի

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում