Քաղաքականություն

Երևանը կարող է ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից. ՌԴ-ում ՀՀ դեսպան

2 րոպեի ընթերցում

Երևանը կարող է ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից. ՌԴ-ում ՀՀ դեսպան

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանին ուղղված Երևանի դիմումը ենթադրում է ռազմական օգնության հնարավորություն: Դրա ծավալները կքննարկվեն խորհրդակցությունների ընթացքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը:

«Նման հնարավորություն կա»,-ասել է դեսպանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք խոսքը վերաբերում է ՌԴ-ից ռազմական օգնություն խնդրելուն:

«Մեր միջպետական համաձայնագրին համապատասխան՝ խոսքն անհապաղ խորհրդատվություններ անցկացնելու մասին է: Մենք կարծում ենք, որ սպառնալիքն արդեն մեր սահմաններին մոտ է և որոշ դեպքերում՝ մեր տարածքում: Այդ իսկ պատճառով մենք կարծում ենք, որ կարող ենք հիմնվել գոյություն ունեցող երկկողմ համաձայնագրի վրա: Խոսքը խորհրդակցությունների մասին է, որպեսզի հստակեցվեն անհրաժեշտ օգնության ծավալը, տեսակը և մյուս հարցերը»,-ասել է նա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Հաշվի առնելով մարտական գործողությունների Հայաստանի Հանրապետության սահմանին մոտենալու, ՀՀ տարածքի նկատմամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը՝ ՀՀ վարչապետը դիմել է ՌԴ նախագահին սկսելու անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը: Ի պատասխան, Ռուսաստանի Դաշնությունը հաստատել է հավատարմությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ դաշնակցային պարտավորություններին: Ռուսաստանը ՀՀ-ին կտրամադրի անհրաժեշտ ողջ աջակցությունը, եթե բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում