Հասարակական

Կամավորական խմբերը առաջին անհրաժեշտության պարագաներ են հավաքում`Արցախի համար

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի բնակիչներին, մարտի դաշտում կռվող զինվորներին աջակցելու նպատակով ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի մարզերում ձևավորվել են կամավորական խմբեր, որոնք առաջին անհրաժեշտության պարագաներ են հավաքում`Արցախ ուղարկելու նպատակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հավաքում է չոր սննդի փաթեթներ, առաջին անհրաժեշտության պարագաներ, մեծահասակների, մանուկների համար նախատեսված հագուստ:

Մեզ հետ զրույցում թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Փելեշյանն ասաց, որ հիմնականում հագուստ են բերում, ծխախոտ, սնունդ: Նա նշեց, որ հավաքվածը հասցեատերերին կհասցնեն Լոռու մարզպետարանի աջակցությամբ։ Ակցիան մեկնարկել է սեպտեմբերի 28-ին և շարունակվում է սեպտեմբերի 29-ին:

Նախաձեռնություններից մեկին, որն իրականացնում են դերասան Ռաֆայել Երանոսյանը, հաղորդավար, հումորիստ Գարիկ Պապոյանը և այլք, միացել է նաև երգիչ Արամ MP3-ն, որը «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում տեսաուղերձ է տարածել` նշելով, որ սեպտեմբերի 29-ին` 18:30-23:00-ն ակցիա են իրականացնելու Բրազիլիայի հրապարակում և խնդրում են միայն ծխախոտ բերել, քանի որ սեպտեմբերի 28-ին Երևանի պետական կամերային թատրոնի մոտ կազմակերպված օգնության մարդասիրական նախաձեռնության շրջանակում հավաքել են այն, ինչ անհրաժեշտ է:

Մեզ հետ զրույցում Արամ MP3-ն ասաց, որ փորձում է համացանցի օգնությամբ հնարավորինս տեղեկություն տարածել իրականացվող ակցիայի մասին, ինչպես նաև ժողովրդի լայն շրջանակին հասցնել ՀՀ կառավարության, ՀՀ պաշտպանության նախարարության հրապարակած տեղեկությունները:

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողները նույնպես ձեռքերը ծալած չեն նստել: Նրանք համալսարանի դիմաց սեպտեմբերի 28-ի առավոտից սկսել են առաջին անհրաժեշտության ապրանքների հավաքագրումը, որը շարունակվում է նաև սեպտեմբերի 29-ին: Երիտասարդները հավաքում են չփչացող սնունդ, քաղցրեղեն, ծխախոտ, բինտ, բամբակ, ժգուտ, բժշկական սպիրտ և այլ պարագաներ: Ուսանող Արման Հարությունյանը, որն ստանձնել է գործընթացը համակարգելու պատասխանատվությունը, ասաց, որ մարդասիրական օգնությունը տեղ հասցնելու գործում իրենց աջակցելու է պաշտպանության նախարարությունը:

«Մենք արկղներում տեսակավորել ենք հավաքված ապրանքները` առանձնացնելով սնունդը, բժշկական պարագաները, հագուստը և այլն»,- շեշտեց նա ու հավելեց, որ ակցիան շարունակվում է, և մարդիկ շատ ակտիվ են: «Ինչքան հնարավոր է, պետք է օգնենք մեր զինվորներին»,- եզրափակեց նա:

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը բազմաթիվ նամակներ և հեռախոսազանգեր է ստացել կազմակերպություններից և անհատներից՝ Զինված ուժերի կարիքների համար իրային պարագաներ և սննդամթերք նվիրաբերելու առաջարկով:

Պաշտպանության նախարարությունը Երևանում գործընթացը կանոնակարգելու և անհրաժեշտ նյութական միջոցների վերաբերյալ տեղեկություններ ճշտելու համար առաջարկել է դիմել ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչություն (հեռ.՝ 010-29-46-37): Նվիրաբերվող միջոցներն անհրաժեշտ է դասակարգել ըստ իրային և սննդի խմբաբաժինների, ունենալ ապրանքային միավորների նկարագրություն (տեսակ, քանակ և այլն):

Անժելա Համբարձումյան

Հայերեն

Ապրիլին կսկսվի ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման բանակցությունների հաջորդ փուլը

Նախատեսվում է ներդնել մասնագիտական ապահովագրություն. աղետների ռիսկի կառավարման վերաբերյալ օրինագիծ է մշակվել

«Կամուրջ կրթության և մշակույթի միջև». ԿԳՄՍ նախարարությունը հրավիրում է մասնակցելու համահայկական ուսուցչական առցանց համաժողովին

Էրդողանը նման իրավիճակներից դուրս գալու վարպետ է և փորձում է սանձել իր հակառակորդին․ Ռուբեն Սաֆրաստյանը՝ Թուրքիայում տիրող իրավիճակի մասին

Փարիզցիները քվեարկել են ևս 500 փողոց հետիոտնային դարձնելու օգտին

Իսրայելական ուժերը շարունակում են ռմբակոծել Գազան․ սպանվել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից մեկը

Թուրքիայում շարունակվում են բողոքի զանգվածային ակցիաները՝ ի պաշտպանություն Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի

Հայաստանը պաշտոնապես իրավունք ունի արտահանել ձկնամթերք Եվրամիության շուկա

Սերբիան ՆԱՏՕ-ի կամ ՀԱՊԿ-ի անդամ չի դառնա. փոխվարչապետ

ԱԺ հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեց ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին նախագծին