Հայաստանում կառավարության օժանդակության ծրագրերով իրականացվել է մոտ 80 մլրդ դրամի վարկավորում
1 րոպեի ընթերցում
![Հայաստանում կառավարության օժանդակության ծրագրերով իրականացվել է մոտ 80 մլրդ դրամի վարկավորում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/09/1027012.jpg)
ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսի համավարակի ընթացքում բանկերը կառավարության օժանդակության ծրագրերով իրականացրել են 80 մլրդ դրամի վարկավորում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
«Այս տարվա ֆենոմենը կայանում է նրանում, որ վարկավորման հիմնական աճն արձանագրում ենք երկու սեգմենտում՝ գյուղ և բիզնես վարկեր: Եվ աճի հիմնական դրայվերներից մեկն էլ հենց կառավարության հակաճգնաժամային ծրագրերի իրականացումն է, որը իրականացվում է բանկերի հետ համատեղ: Ու մենք կառավարության օժանդակության ծրագրերով մոտ 80 մլրդ դրամի վարկավորում ենք իրականացրել»,-ասաց Գալստյանը:
Բանկերն իրենց սեփական միջոցների հաշվին ևս վարկավորում իրականացում են: Ընդ որում, սպառողական վարկերի աճը որոշակի դանդաղում ունի, անցյալ տարի ավելի թույլ էին աճում բիզնես վարկերը, այս տարի՝ ավելի արագ:
Կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով մշակել էր օժանդակության ծրագրեր, այդ թվում արտոնյալ վարկերի տեսքով:
Աննա Գրիգորյան