ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երրորդ զորամիավորման բոլոր զորամասերի զորացրման ենթակա ժամկետային պարտադիր զինծառայողները միահամուռ դիմել են իրենց հրամանատարությանը` խնդրելով դադարեցնել զորացրումները և թույլատրել շարունակել ծառայությունը, քանի դեռ հակառակորդը ոտնձգությունների մտադրություն ունի: Զորացրված զինծառայողները ևս դիմել են, պատրաստակամություն հայտնել զինծառայողների կողքին կանգնելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին իր «Ֆեյսբուք»-ի էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Բազմիցս ենք ականատես եղել մեր զինծառայողների հայրենասիրության դրսևորումներին: Այսօր էլ մեր տղաները վերստին ապացուցում են իրենց անմնացորդ նվիրումը հայրենիքին և ժողովրդին: 3-րդ զորամիավորման բոլոր զորամասերի զորացրման ենթակա ժամկետային պարտադիր զինծառայողները միահամուռ դիմել են իրենց հրամանատարությանը` խնդրելով դադարեցնել զորացրումները և թույլատրել շարունակել ծառայությունը իրենց համածառայակիցների ու հրամանատարների կողքին, քանի դեռ հաղթանակի վերջակետը դրված չէ և քանի դեռ հակառակորդը ոտնձգությունների մտադրություն ունի»,- հատնել է Ստեփանյանը:
Չնայած պաշտպանության նախարարությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որ կամավորագրվելու անհրաժեշտություն չկա, և ՀՀ զինված ուժերը պատվով կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները, այնուամենայնիվ, միևնույն ժամանակ արդեն զորացրված նախկին զինծառայողները, ինչպես ՀՀ-ում, այնպես էլ Արցախում, և հատկապես այն զորամասերի, որոնց ուղղությամբ վերջին օրերին արձանագրվեցին ադրբեջական զինված ուժերի նախահարձակ գործողություններ, դիմում են զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ (զինկոմիսարիատներ)` հայտնելով պատրաստակամություն ու վճռականություն իրենց ծառայավայր հանդիսացող զորամասերում կանգնելու մեր զինծառայողների կողքին և պաշտպանելու երկրի սահմանը:
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը (նաև այս պահին)պահպանվել է հարաբերական անդորր։ Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից 9 անգամ խախտել է կրակի դադարեցման ռեժիմը` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 137 կրակոց: