Սեւանում ֆրանսերեն լեզվի դասընթացները կվերսկսվեն առցանց եղանակով
1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած կորոնավիրուսի համավարակին՝ Սեւան համայնքի երեխաներն ու երիտասարդները կրկին հնարավորություն կունենան ֆրանսերենի բնագավառում առաջին քայլերն անելու կամ արդեն իսկ ունեցած գիտելիքները խորացնելու։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը, Սեւանի եւ Ֆրանսիայի Հանրապետության Գրենոբլի քաղաքապետարանների միջեւ ապակենտրոնացված համագործակցության շրջանակում 2020 թվականի հունիսի 22-ից կմեկնարկեն ֆրանսերեն լեզվի անվճար դասընթացներ:
«Համավարակով պայմանավորված, ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի դասերը կանցկացվեն առցանց եղանակով՝ «Ֆրանս ֆորմասիոն ինտերնասիոնալ» կազմակերպության դասախոսների կողմից: Գրանցման վերջնաժամկետը հունիսի 20-ն է։ Գրանցվել կարող են 11 տարեկանից սկսած։ Նախորդ տարիների ընթացիկ խմբերի ուսանողների հետ կապ կհաստատվի առաջիկա օրերին։ Դասընթացը նախատեսված է Սեւանի եւ հարակից համայնքների բնակիչների համար: Կարվի հնարավորը, որպեսզի հեռավար կարգով վարվող դասերն անցնեն արդյունավետ՝ ընդգրկելով մասնակիցների լայն շրջանակի»,- ասաց Արմինե Ղուկասյանը:
Խոսրով Խլղաթյան