Հայաստանում բանկային համակարգը կայացած ու կայուն է․ Փաշինյանը ներկայացրեց ԿԲ նոր նախագահին

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կենտրոնական բանկի աշխատակազմին ներկայացրեց ԿԲ նոր նախագահ Մարտին Գալստյանին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Արթուր Ջավադյանին` կատարած աշխատանքի և ներդրման համար։

«Հաջողություն եմ մաղթում Մարտին Գալստյանին ԿԲ նախագահի պաշտոնում իր գործունեության մեջ։ Պարոն Գալստյանը բանկային համակարգում նոր մարդ չէ և բավականին երկար ժամանակ աշխատում է։ Վերջին երկու տարում ավելի սերտ եմ առնչվել Կենտրոնական բանկի հետ և կարող եմ արձանագրել, որ այստեղ բավականին լավ թիմ և կորիզ է ձևավորվել, որն աշխատատում է բանկային համակարգի կայունության ուղղությամբ»,- նշեց ՀՀ վարչապետը։

Նրա խոսքով` Կենրտոնական բանկը ՀՀ երրորդ հանրապետության կարևորագույն ձեռքբերումներից է։ Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանում բանկային համակարգը կայացած ու կայուն է։

«Այս ամենը երևում է նրանից, թե ինչպես ֆինանսական համակարգը դրսևորեց իրեն մի շարք ճգնաժամային իրավիճակներում կամ քաղաքական վայրիվերումների ժամանակ, այդ թվում` թավշյա ոչ բռնի ժողովրդական հեղափոխության շրջանում, ինչպես նաև կորոնավիրուսի ճգնաժամային իրավիճակում։ Այս փոփոխությունը, որ տեղի է ունենում, իհարկե, կարևոր է նրանով, որ ապահովում է որոշակի ժառանգականություն Կենտրոնական բանկի գործունեության համար։ Մյուս կողմից նաև խորհրդանշում է առանց կայունության խաթարման փոփոխությունների բարեփոխումների հետագա զարգացման կուրսը և անհրաժեշտությունը»,- ասաց վարչապետը։

Նա ընդգծեց, որ ընթացիկ ժամանակշրջանում բանկային համակարգի կարևորագույն մարտահրավերներից մեկը ֆինանսական գրագիտության բարձրացումն է ՀՀ քաղաքացիների շրջանում։ Նաև կարևորեց այն հանգամանքը, որ պետք է ավելի մանրամասն աշխատանք տարվի, որպեսզի հայերը կարողանան տեսնել և հասկանալ բնակային համակարգի նրբությունները։

«Մեր մեծագույն խնդիրներից, մարտահրավերներից է լինելու Կենտրոնական բանկն ավելի մարդակենտրոն դարձնելը։ Պետք է այնպես անել, որպեսզի բանկային համակարգի և քաղաքացիների հարաբերությունների կոնտեքստը դառնա ավելի կառուցողական, որպեսզի թույլ չտանք այս համակարգի շուրջ նեգատիվ ընկալումներ ձևավորվեն։ Այս ամենը մեր տնտեսական համակարգի կայունության և կայուն զարգացման կարևորագույն նախադրյալներից է»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ Ջավադյանի հետ իրենք ունեն որոշակի պայմանավորվածություններ՝ հետագա գործունեության առումով։ Վարչապետի խոսքով՝ Արթուր Ջավադյանը ներգրավված է լինելու տնտեսական քաղաքականության մշակման, տնտեսական հարցերի վերլուծության, ինչպես նաև միջազգային տնտեսական ոլորտի մասնագետների ներգրավման գործում։

«Ունենք հստակ նախագծեր, որոնց իրագործումը մեծ հաջողություն կլինի Հայաստանի Հանրապետության տնտեսական մտքի զարգացման առումով»,- ասաց Փաշինյանը։

Արթուր Ջավադյանը շնորհակալություն հայտնեց ԿԲ անձնակազմին և վստահություն հայտնեց, որ կայուն աշխատանքի շարունակականությունն ապահովելու է Մարտին Գալստյանը։

«Մենք ունենք բանիմաց, պրոֆեսիոնալ թիմ, որն ունակ կլինի պահել ֆինանսական կայունությունը, ինչպես նաև այս կորոնավիրուսային ճգնաժամի արդյունքում ստեղծված իրավիճակում ունենալ մակրոտնտեսական կայուն միջավայր»,- նշեց Ջավադյանը։

Մարտին Գալստանն էլ շնորհակալություն հայտնեց իր հասցեին հնչեցված գնահատականների համար։

«Իրապես, տարիների ընթացքում Կենտրոնական բանկում ձևավորվել է մի թիմ, որը բազում փորձություններ է անցել և ունակ է եղել իր առջև դրված խնդիրները լուծել։ Հավաստիացնում եմ, որ այն աշխատանքը, որը կատարվել է, կլինի շարունակական, խորացնելու ենք Կառավարության մեր գործընկերների հետ համագործակցությունը՝ ի բարօրություն մեր ազգի և հասարակության։ Մենք կներդնենք բոլոր ջանքերը, որպեսզի անկախ ամեն ինչից երկրում ապահովենք մակրոկայունությունը»,- ասաց ԿԲ նորընտիր նախագահը։

2020 թվականի ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովում կայացած փակ և գաղտնի քվեարկության արդյունքում Մարտին Գալստյանն ընտրվել է Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում։

Ջավադյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2008 թվականից։

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն English Русский

ԱՄՆ-ն և ԱՄԷ-ն կստեղծեն ռազմական նպատակներով արհեստական ​​բանականության օգտագործման հարցերով խումբ

Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4333-ի

Գանսու. չինական նահանգի հնագույն ժառանգությունն ու նոր հավակնությունները

Մխիթար Հայրապետյանն այցելել է Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարան»

Նեթանյահուն ժամանել է Սպիտակ տուն՝ Թրամփի հետ հանդիպելու համար

Ավելի քան 400 միլիոն աֆրիկացի զրկված է խմելու ջրի տարրական հասանելիությունից. ՄԱԿ

Ամերիաբանկը նպատակադրվել է իր հաճախորդների քանակը հասցնել ավելի քան մեկ միլիոնի, ինչի համար կան անհրաժեշտ նախադրյալներ. Արման Բարսեղյան

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին

Իրանը կփակի Հորմուզի նեղուցը սառեցված ակտիվներից միջոցներ ստացող երկրների համար

Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը