Թուրքիայի Սպիտակ աղավնու՝ Հրանտ Դինքի մահվան տարելիցին

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ես երկու ինքնության և երկու գիտակցության կրող եմ: Առաջին՝ թուրքաբնակ եմ, Թուրքիայի Հանրապետության քաղաքացի… Երկրորդ՝ հայ եմ». հենց այսպես էր իր մասին խոսում նա, ով իր կյանքը չխնայեց Թուրքիայում առկա տաբուների վերացման ու առավել առողջ հասարակություն ստեղծելու ճանապարհին: Պոլսահայ մեծ մտավորականը՝ Հրանտ Դինքը, մեզ հետ չէ, սակայն նրա գաղափարները և երազանքները շարունակում են շրջել Թուրքիայում՝ տարեցտարի ավելի մեծ թվով հետևորդների տանելով իրենց հետևից ու հույս փայփայելով, որ կգա մի օր, երբ ցեղասպան պետությունը կկարողանա բուժվել բազմամյա վերքերից:

Հենց այս օրը՝ հունվարի 19-ին թուրք անչափահաս դավադրի ձեռքով Հրանտի սպանությունն էր, որ ստիպեց իր իսկ կողմից հիմնված «Ակոս» պարբերականի խմբագրատան շենքի մոտ հավաքված բազմահազարանոց ամբոխին միաձայն բացականչել՝ «Բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ ենք»: Թուրքիայի իշխանությունների կոկորդին ոսկորի պես կանգնած Դինքի սպանությամբ, սակայն, ոսկորը կուլ չգնաց: Թուրքական պետության պատմության ցավոտ էջերին անդրադառնալու և կարևորագույն հիմնախնդիրները մշտապես բարձրաձայնելու պատճառով թիրախավորված Դինքի սպանության պատվիրատուները կարծում էին, թե մեկընդմիշտ կազատվեն այն խնդիրներից, որոնք իրենց համար մշտապես հարուցում էր պոլսահայ մտավորականը: Սակայն Դինքի դեմ արձակված կրակոցներն ի զորու չեղան լռեցնելու արդարության ձայնը, որի դիմաց թուրքական իշխանական շրջանակները խուլ էին ձևանում:

Օսմանյան կայրսության կողմից իրագործված Ցեղասպանությունից փրկված ընտանիքի զավակը՝ Դինքը, ծնվել է 1954թ. սեպտեմբերի 15-ին Մալաթիա քաղաքում: 1996 թվականին նա հիմնրում է հայկական համայնքում լույս տեսնող միակ երկլեզու՝ հայերեն և թուրքերեն պարբերականը՝ «Ակոս»-ը՝ նպատակ ունենալով համայնքային, ինչպես նաև Թուրքիայի փոքրամասնություններին առնչվող հիմնահարցերը նոր լույսի ներքո ներկայացնել հասարակությանը: Նա կարծում էր, որ հայերի նկատմամբ երկրի ներսում առկա կանխակալ վերաբերմունքի պատճառներից մեկն էլ նրանց վատ ճանաչելն է, ուստի ասում էր. «Ստամբուլի հայ հասարակությունը շատ փակ է ապրում: Եթե մեզ լավ ճանաչեն, նախապաշարումները կկոտրվեն»:

Այն բանից հետո, ինչ «Ակոս»-ում տպագրվեց հոդվածը Սաբիհա Գյոքչենի՝ Աթաթուրքի որդեգիր զավակի մասին, որում բացահայտում էր արվում, որ Թուրքիայի առաջին ռազմական կին օդաչուն՝ Սաբիհան իրականում հայուհի է, ավելին՝ Հայոց ցեղասպանության հետևանքով որբացած հայուհի, որին որդեգրել էր Թուրքիայի Հանրապետության հիմնադիրը, Դինքը սկսեց մեծ թվով սպառնալիքներ ստանալ ոչ միայն ազգայանական շրջանակների կողմից, այլև անգամ պետական պաշտոնյաներից: Նրա ընկերներն ու հարազատները շատ անգամ հորդորում էին մտավորականին սեփական անվտանգությունից ելնելով հեռանալ Թուրքիայից, սակայն փախչելը Դինքի համար չէր: Նա շարունակ կրկնում էր. «Սա իմ երկիրն է…Այո, մենք` հայերս, այս հողերի վրա աչք ունենք, որովհետև մեր արմատներն այստեղ են, սակայն, մի անհանգստացեք, ոչ թե այս հողերն առնել-տանելու, այլ այս հողերի խորքն անցնելու համար… Այստեղ ապրել են իմ նախնիները, իմ արմատներն այստեղ են, ես իրավունք ունեմ մեռնել այն երկրում, որտեղ ծնվել եմ»:

Այսօր Թուրքիայում խաղաղասեր աղավնու համբավ վայելող Դինքը դարձել է խորհրդանիշը բոլոր նրանց, ովքեր սեփական ծագման, հայացքների ու գաղափարների համար երկրի ներսում շարունակում են հալածվել: Ոմանք նրան անվանում են Թուրքիայի Մարթին Լյութեր Քինգ, ոմանք էլ ասում, թե հենց Դինքի շնորհիվ էր, որ Թուրքիայի հասարակության մի զգալի հատված իր մեջ քաջություն գտավ այլ աչքերով նայելու տասնյակ տարիներ ի վեր պարտադրվող պատմությանն ու իրականությանը: Դինքն ապրեց արգելքներ կոտրելով և մահացավ՝ հավատալով, որ կգա մի օր, երբ Թուրքիայում ապրող քաղաքացին կարթնանա մի երկրում, որը ստիպված չի լինի ամաչել սեփական անցյալի համար, երկիր, որտեղ բոլորը հավասար են՝ անկախ ազգից, կրոնից, սեռից կամ գաղափարներից…

Արաքս Կասյան

Հայերեն العربية English Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ