Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարացնելու հարցի վերաբերյալ դատական նիստը

Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարացնելու հարցի վերաբերյալ 
դատական նիստը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մարտի 13-ին քննվում էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատական նիստը հետաձգվել է մինչև մարտի 14-ը՝ ժամը 10:00-ն:

«Նիստի ժամանակ ՀՔԾ քննիչը ներկայացրեց իր միջնորդությունը՝ կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ, ինչից հետո դատախազները արտահայտեցին իրենց դիրքորոշումները: Միջնորդության վերաբերյալ մի քանի ոչ պարզ հարց կար, որի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ»,- ասաց Ալումյանը:

ՀՔԾ միջնորդության դեմ պաշտպանական խմբի առարկությունները կներկայացվեն մարտի 14-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ:

Փաստաբանը շեշտեց, որ ՀՀ երկրորդ նախագահը չի մասնակցել այսօրվա նիստին, քանի որ նպատակահարմար չի համարել, իսկ վաղվա վերաբերյալ դեռ տեղյակ չեն:

Հարցին, արդյոք Վճռաբեկ դատարան ներկայացրած բողոքների վերաբերյալ նորություններ կա՞ն, Ալումյանը նշեց, որ երկու բողոք կա, բայց դեռևս ոչ մի նորություն չկա:

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով: Քննչական ծառայության տարածած հաղորդագրությունում նշվում էր, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am