ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի կործանման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել
ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարալիկի տարածաշրջանում ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի կործանման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի կործանման փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 378-րդ հոդվածի 2-րդ մասի (թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնները խախտելը) հատկանիշներով»,- ասաց Արևիկ Խաչատրյանը:
Նա նաև ընդգծեց, որ դատախազական հսկողությունը հանձնարարվել է ՀՀ զինվորական դատախազության Զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի դատախազներին:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու ՀՀ զինված ուժերի ՍՈւ-25 մարտական ինքնաթիռի վթարի պատճառները:
ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել են օդաչուներ՝ փոխգնդապետ Արմեն Բաբայանն ու մայոր Մովսես Մանուկյանը:
Դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, կորել էր կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ: Ինքնաթիռը կործանվել էր Մարալիկի տարածաշրջանի լեռներում: Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին` Գյումրու օդանավակայանից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում