ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի կործանման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել

16:41, 4 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Մարալիկի տարածաշրջանում  ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի կործանման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի կործանման փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 378-րդ հոդվածի  2-րդ մասի (թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնները խախտելը) հատկանիշներով»,- ասաց Արևիկ Խաչատրյանը:

Նա նաև ընդգծեց, որ դատախազական հսկողությունը հանձնարարվել է ՀՀ զինվորական դատախազության Զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի դատախազներին:

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու ՀՀ զինված ուժերի ՍՈւ-25 մարտական ինքնաթիռի վթարի պատճառները:

ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել են  օդաչուներ՝  փոխգնդապետ Արմեն Բաբայանն ու մայոր Մովսես Մանուկյանը:

Դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, կորել էր կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ: Ինքնաթիռը կործանվել էր Մարալիկի տարածաշրջանի լեռներում: Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին` Գյումրու օդանավակայանից:


© 2009 ARMENPRESS.am