Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Ընթերցողներին ներկայացվեց Վառլեն Ալեքսանյանի «Վերադարձ» ժողովածուն

Ընթերցողներին ներկայացվեց Վառլեն Ալեքսանյանի «Վերադարձ» ժողովածուն

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային գրադարանում անցկացվեց բանաստեղծ, գրող, հրապարակախոս, թարգմանիչ և խմբագիր Վառլեն Ալեքսանյանին նվիրված հուշ-ցերեկույթ, որի ընթացքում ընթերցողներին ներկայացվեց  նրա նոր՝ «Վերադարձ» ժողովածուն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրողի դուստրը՝ Լիլիթ Ալեքսանյանը նշեց, որ սա բանաստեղծի  հետմահու երկրորդ գիրքն է:

«Առաջին գիրքը արձակ գործերն էին, հրապարակախոսական հոդվածները և կիսատ մնացած գործերը, որոնք նա չհասցրեց ավարտել: Սա երկրորդ գիրքն է, որտեղ հավաքել և ամբողջացրել եմ նրա արխիվը, որ դարձավ մեծ ժողովածու»,- ասաց Վառլեն Ալեքսանյանի դուստրը:

Նա ընդգծեց՝ այս ժողովածուն նրա  ժամանակի ու կյանքի արձանագրությունն է, որը երկարատև ու մանրակրկիտ աշխատանքի արդյունքում լույս է տեսել 2023 թվականի վերջին։

Միջոցառմանը Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ներկայացրեց Վառլեն Ալեքսանյան մարդուն ու գրողին, պատմելով  հետաքրքիր հուշեր նրա մասին։

MXO_2442.JPG (725 KB)

Բանաստեղծի այսօրինակ վերադարձի մեջ անգնահատելի դեր ունի ժողովածուի խմբագիր, Վառլենի վաղեմի գրչակից, գործընկեր և պարզապես մտերիմ ընկեր Դավիթ Մկր Սարգսյանը, որն իր սրտի խոսքն ասաց բանաստեղծի ու ընկերոջ մասին։

«Վառլեն Ալեքսանյանի գրականությունը անմիջապես հասկանալը  շատ դժվար է, քանի որ այդ պարզության մեջ շատ մեծ խորություն, ցավ ու վերլուծություն կա: Նա մի հեղինակ է, ով հնարավորություն է տալիս մտածել»,- նշեց ժողովածուի խմբագիրը:

Վառլեն Ալեքսանյանի հետ երկար տարիների մտերմություն են ունեցել արվեստի ու գրականության աշխարհից շատ-շատերը։ Նրանցից շատերը ներկա էին դահլիճում և միջոցառմանը ելույթ ունեցան գրող, հրապարակախոս Վրեժ Սարուխանյանը, բանաստեղծ, թարգմանիչ Շանթ Մկրտչյանը, բանաստեղծ Հակոբ Հարությունը։

Միջոցառումն ուղեկցվեց բանաստեղծի գործերի ընթերցմամբ։ Նրա գողտրիկ բանաստեղծություններն ընթերցեցին դերասան Վահագն Սիմոնյանը և միջոցառման վարող՝ մշակութային գործիչ, լրագրող Սիրանույշ Եղիազարյանը։

Կյանքի օրոք Վառլեն Ալեքսանյանը հեղինակել է  9 ժողովածու, խմբագրել բազմաթիվ գրքեր, որոնց թվում՝ Շառլ Ազնավուրի «Անցած օրեր»-ը և ռումինահայ գրող, պետական գործիչ Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան»-ը։

MXO_2414.JPG (833 KB)

Վառլեն Ալեքսանյանը ծնվել է 1942 թվականի հունվարի 8-ին, ՀԽՍՀ Թալինի շրջանի Գառնհովիտ գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզում): Սովորել է գյուղի դպրոցում, պատանի հասակում տեղափոխվել է Երևան, 1961 թվականին ավարտել է Նոր Արեշի N45 միջնակարգ դպրոցը: 1962 – 1964 թվականներին ծառայել է խորհրդային (սովետական) բանակում: 1965 թվականին ընդունվել և 1970 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հնագիտության և ազգագրության բաժինը:  1971 թվականին անցել է աշխատանքի Հայաստանի պատմության պետական թանգարանում՝ որպես ազգագրական բաժնի գիտաշխատող։  1972-91 թթ. աշ­խա­տել է Հայ­կա­կան հան­րա­գի­տա­րա­նի գլխավոր խմ­բագ­րու­թյու­նում՝ որպես հայ ժողովրդի պատմության, հնագիտության, ազգագրության բաժնի գիտխմբագիր՝ հնա­գի­տու­թյան, ազ­գագ­րու­թյան, կրոնի ու դիցաբանության ճյուղերի գծով,  1981-ից՝ ավագ գիտխմբագիր։ 1990-ականների սկզբին աշխատել է «Հայկազունք» շաբաթաթերթում։ 1991-94-ին եղել է «Հայաստան» հրատարակչության գլխավոր խմբագիրը, 1995 - 1997 թվականներին՝  «Արմենպրեսս» լրատվական գործակալության պատասխանատու խմբագիրը, 1997-99-ին՝ «Պայքար» ամսագրի պատասխանատու քարտուղարը, 1997 թվականից ՝ «TV ալիք» շաբաթաթերթի խմբագիրը,  1999 թվականին՝ «Ժամանակ» օրաթերթի պատասխանատու քարտուղարը։ 2000 թվականին եղել է «Մշակույթի հայկական ֆոնդի» փորձագետ, 2003-2010-ին՝ Հայաստանի գրողների միության հրատարակչության գլխավոր խմբագիրը, կատարել է խմբագրական և թարգմանչական այլ աշխատանքներ: 2013-2014 թվականներին եղել է Հայաստանի ազգային գրադարանի «Հոգևոր հայրենիք» թերթի գլխավոր խմբագիրը, 2013 – 2015 թվականներին՝ «Ցոլքեր» գրական երիտասարական խմբակի խորհրդատու։

Վառլեն Ալեքսանյանը 1982-ից ԽՍՀՄ, իսկ 1992-ից` Հայաստանի գրողների միության անդամ է:

Վառլեն Ալեքսանյանը 1992-ին ար­ժա­նա­ցել է ՀԳՄ Ստե­փան Զոր­յա­նի ան­վան («Ներսիկի թութակը» գրքի համար), 1997-ին՝ Թե­քե­յան մշա­կու­թա­յին մի­ու­թյան («Ծանր խաչ» գրքի համար) գրա­կան մր­ցա­նակ­նե­րին, 2007-ին՝ ՀԳՄ «Գրա­կան վաս­տա­կի հա­մար», իսկ 2012-ին՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալներին:

Վառլեն Ալեքսանյանն իր գրական առաջին փորձերն արել է պատանի հասակում, 60-ականներից սկսել է տպագրվել գրական մամուլում`«Գրական թերթ», «Հայաստանի Հանրապետություն», «Ավանգարդ», «Երեկոյան Երևան», «Հոգևոր Հայրենիք» և այլ թերթերում, «Նարցիս», «Գարուն», «Նորք», «Սովետական գրականություն», «Նոր դար», «Անդին» ամսագրերում, «Կամուրջ» ալմանախում (Վրաստան), «Նոր ձայներ», «Արդի հայ քնարերգություն», հայերեն թարգմանություները նաև՝ «XX դարասկզբի ռուսական պոեզիա», «Հին արևելքի պոեզիա» ժողովածուներում։

Վառլեն Ալեքսանյանը կյանքի օրոք եղել է բանաստեղծական 9 ժողովածուի, այդ թվում՝ երկու մանկական, հրապարակախոսական հոդվածների  հեղինակ։ Բանաստեղծությունների առաջին ժողովածուն` «Օրերի սերը», հրատարակվել է 1978-ին։ Ժողովածուներն են` «Օրերի սերը» (1978 թ.), «Անհասցե նամակներ» (1983 թ.), «Կաթիլներ ապակու վրա» (1988 թ.),  «Ներսիկի թութակը» (1991թ.), «Ծանր խաչ», (1996 թ.), «Կյանքին դեմառդեմ», (2002 թ.), «Մինչև վերջին անձրևը», (2007 թ.), «Կասկածի ջրերի վրա», (2009 թ.), «Կառուսել» (2011 թ.)։

2016 թ. հետմահու հրատարակվեց Վառլեն Ալեքսանյանի «Վիպական ժամանակների կնճիռը» արձակ ստեղծագործությունների ժողովածուն, որի մեջ  ամփոփված են հեղինակի՝ տարբեր տարիների հրապարակախոսական հոդվածներն ու գրախոսությունները, ինչպես նաև մահվան պատճառով անավարտ մնացած արձակ գործը։ 2023 թ. վերջին լույս տեսավ բանաստեղծի՝ «Վերադարձ» անունը կրող հետմահու երկրորդ ժողովածուն. բանաստեղծություններ, պոեմներ, անտիպներ, թարգմանություններ:

Վառլեն Ալեքսանյանի բանաստեղծությունները թարգմանվել են ռուսերեն, գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն, ռումիներեն, սլովակերեն, սլովեներեն, չեխերեն, վրացերեն լեզուներով՝ «Литературная Армения», «Кутаиси», 1982, «Narcisy z Jerevanu», 1989 թ., «Poets Armeniens», 2004 թ., «Contemporary Armenian Poetry», 2006, 2012 թթ., «Ժամանակակից հայկական պոեզիայի անթոլոգիա» (վրացերեն), 2008 թ., «Pasarea maiastra» («Հրեղեն հավք») 2011 թ., «Муза» (Международный литературный альманах) 2011, «Oda Ort der Augen», 2012 թ., «Zeitgenossiche armenisghe lyrik», 2012, «Ի սկբանե էր բանն»  (In the beginning was the word) 2013 թ., «Armeniens herz», 2017 թ.:

Խմբագրել է բազմաթիվ գրքեր և ժողովածուներ, այդ թվում՝ Շարլ Ազնավուրի «Անցած օրեր» (2009 թ.) և ռումինահայ գրող և պետական գործիչ Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» (2012թ.) գրքերը։ Թարգմանություններ է կատարել  գերմաներենից, ռուսերենից:

Չափածոյի է վերածել բուլղարա-սերբական «Կրալի Մարկո» էպոսը (2010 թ.): Հրատարակել է տասնյակ հրապարակախոսական հոդվածներ ու գրախոսություններ:

Վախճանվել է 2015 թ. հունիսի 19-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am