Հոկտեմբերին Երևանում կանցկացվի «EXPO-RUSSIA ARMENIA» միջազգային 8-րդ ցուցահանդեսը
ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում հոկտեմբերի 17-19-ն արդեն 8-րդ անգամ կանցկացվի «EXPO-RUSSIA ARMENIA» միջազգային ցուցահանդեսը և բիզնես համաժողովը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ցուցահանդեսի կազմակերպիչ «Զառուբեժ-Էքսպո» ընկերությունից, այն լավագույն հարթակ է՝ ներկայացնելու երկու կողմերի նոր հնարավորություններն ու քննարկելու գործարար նախաձեռնությունները: Ցուցահանդեսին, ինչպես նաև դրա շրջանակներում անցկացվող երևանյան բիզնես-ֆորումին տարիների ընթացքում մասնակցում են արդյունաբերական ձեռնարկություններ, գիտական եւ կրթական կազմակերպություններ այնպիսի բնագավառներից, ինչպիսիք են էներգետիկան, մեքենաշինությունը, մետալուրգիան, հանքարդյունաբերությունը, շինարարությունը, տրանսպորտը, հեռահաղորդակցությունը, ներդրումները, գյուղատնտեսության, բժշկության, կրթության ոլորտները:
Ըստ աղբյուրի՝ ցուցահանդեսի է բարձր ներկայացուցչական մակարդակը մշտապես ընդգծվում է ՀՀ վարչապետի, ՀՀ նախագահի, ԱԺ պատգամավորների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների, Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի գործարարների մասնակցությունը:
Մասնակիցների համար մշակվել է ծավալուն բիզնես ծրագիր, որը ներառում է շնորհանդեսներ, կլոր սեղաններ: Ցուցահանդեսի ժամանակ տեղի կունենան շփումներ B2B ձեւաչափով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում