Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Սեպտեմբեր

Վաշինգտոնում մոտ 2 շաբաթ կթևածի հայկական շունչը. Հայաստանն առաջին անգամ կմասնակցի «Ֆոլքլայֆ» փառատոնին


ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում հունիսի 27-ին մեկնարկելու է Սմիթսոնյան հաստատության կողմից անցկացվող «Ֆոլքլայֆ» փառատոնը, որին առաջին անգամ մասնակցում է Հայաստանը: Երկու շաբաթ տևող փառատոնի ընթացքում թևածելու է հայկական շունչը: Միջոցառման հանդիսավոր բացմանը ներկա է լինելու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Նա հունիսի 26-ին կմեկնի ԱՄՆ՝ Վաշինգտոն, մասնակցելու Միացյալ Նահանգների գիտահետազոտական եւ մշակութային կենտրոններից մեկի` Սմիթսոնյան ինստիտուտի ամենամյա «Ազգային կյանք» փառատոնին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ազգագրագետ, «Ֆոլքլայֆ» փառատոնին Հայաստանի մասնակցության գործընթացը համակարգող Լևոն Աբրահամյանը նշեց, որ նախագահի մասնակցությամբ ընդգծվում է փառատոնին Հայաստանի մասնակցության կարևորությունը:

Սմիթսոնյան հաստատությունը 50 տարի կազմակերպում է այս փառատոնը: Այս տարի արդեն 51-րդն է, որին առաջին անգամ մասնակցելու է նաև Կատալոնիան: Կատալոնիայից նույնպես մասնակցելու է բարձրագույն ղեկավարությունը:

««Ֆոլքլայֆ»-ը սովորական ցուցահանդեսային փառատոն չէ, այն կենդանի ձևով ներկայացնում է տվյալ երկրի կենցաղավարման կյանքը, արհեստը, խոհանոցը և այլն: Ամեն տարի լինում է տարբեր ուղղվածություն ու թեմատիկա: Այս տարի գլխավոր հերոսը վարպետն է, ում միջոցով ցույց է տրվելու այսօրվա արհեստը, ավանդույթները, խոհանոցը՝ կապը պահելով անցյալի հետ: Գաղափարն այն է, թե ինչպես են այդ արհեստները պահպանվել ու փոխանցվել սերունդներին»,-ասաց Լևոն Աբրահամյանը:

Փառատոնի ծրագիրը հստակ է, այն հագեցած է բազմաթիվ բաղադրիչներով ու միջոցառումներով: Ծրագրի հիմքում հետևյալ միտքն է ՝ բնությունից դեպի տուն: Փառատոնի շրջանակում ներկայացվելու է խաչքարագործությունը, կավագործությունը, փայտագործությունը,  գորգագործությունը: Եվ այդ ամենը պարզապես չի ներկայացվելու: Խաչքարագործն ամբողջ ընթացքում ցույց է տալու իր աշխատանքը, հենց տեղում վարպետն ավարտելու է խաչքարը: Լևոն Աբրահամյանը տեղեկացրեց, որ նախատեսել են խաչքարի օծման արարողություն:

Տեղում աշխատելու են դարբինները՝ ցույց տալով այս արհեստի հետաքրքիր կողմերը: Քարագործներից, դարբիններից հետ չեն մնալու գորգագործները: Նրանք էլ տեղում գործելու են մի քանի տեսակի գորգեր: Նախատեսվում է իրականացնել բրդից մինչև կարպետ ծրագիր՝ ցույց տալով այդ ամբողջ ընթացքը:

Հաջորդ ուղղությունն ասեղնագործությունն է, որը ներկայացվելու է սիրիահայերի միջոցով:  Լևոն Աբրահամյանն ընդգծեց, որ փառատոնն ինտերակտիվ բնույթ ունի, այդ ամբողջ ծրագրերին ընդգրկվում են այցելուները, տեսնում, թե ինչպես է պատրաստվում այս կամ այն իրը, ունենում են իրենց մասնակցությունը:

«Փառատոնին հայաստանյան մասնակցության ծրագրի կարևոր բաղադրիչներից  է խոհանոցը:  Ջանք ու եռանդ չենք խնայել հայկական խոհանոցի լավագույն ուտեստները պատշաճ ներկայացնելու գործում: Նախ` տեղում լինելու է թոնիր: Հացթուխներն այդ ամբողջ ընթացքում ցույց են տալու լավաշ թխելու գործընթացը և թխելուց հետո հյուրասիրելու են այցելուներին: Ներկայացվելու է փախլավա, թել պանիր, տոլմա, չորացրած մրգեր, քաղցր սուջուխ, Հայաստանի բերքն ու բարիքն, անուշահամ գինին»,-ասաց ազգագրագետը:

Լևոն Աբրահամյանը տեղեկացրեց, որ ստեղծելու են նաև քարանձավային միջավայր, որտեղ երեխաները մասնակցելու են պեղումների: Արդյունքում՝ երեխաները գտնելու են Հայաստանում հայտնաբերված ամենահին կոշիկի հուշանվերային տարբերակը: Լևոն Աբրահամյանը նշեց, որ գործի են դրել նաև տեխնոլոգիական լուծումները:

Այս ամբողջ միջոցառումներն ուղեկցվելու են հայկական երգ ու պարով: Ի դեպ, Լևոն Աբրահամյանը նշեց, որ ոչ միայն կատալոնացիների հետ շուրջ պար են բռնելու, այլև փառատոնի ընթացքում այցելուներին հայկական պարեր են սովորեցնելու:

Փառատոնը տևելու է մինչև հուլիսի 8-ը: Հուլիսի 4-ն ԱՄՆ-ի անկախության օրն է, և սովորաբար Վաշինգտոն գալիս է մեծ թվով այցելու: Հաշվարկները ցույց են տալիս, որ այս փառատոնը միջինում ունենում է 500 հազար այցելու:

«Գալիս են ընտանիքներով, երեխաներով: Զբոսաշրջության, Հայաստանը ճանաչելի դարձնելու տեսանկյունից շատ կարևոր միջոցառում է, այն լուրջ խթան կլինի այդ ոլորտի զարգացմանը»,-հավելեց Լևոն Աբրահամյանը: Փառատոնի ավարտը նախատեսված է հուլիսի 8-ին, և քանի որ այս տարի Վարդավառը նշվում է այդ օրը, հետևաբար եզրափակիչ ակորդը կլինի միմյանց վրա ջուր ցողելը:

Աննա Գզիրյան




Այս թեմայով

... վերջին լուր "Տուրիզմ" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ