Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դիարբեքիրի ժողովուրդը ոգևորությամբ կընդունի Գարոյին. Դեմիրթաշը հաջողություն է մաղթել Փայլանին

Դիարբեքիրի ժողովուրդը ոգևորությամբ կընդունի Գարոյին. Դեմիրթաշը հաջողություն է 
մաղթել Փայլանին

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահական ընտրություններում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը, ով 2016 թվականից բանտում է, ազատազրկման մեջ գտնվելով, շարունակում է իր նախընտրական քարոզարշավը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նա պատասխանել է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի հարցերին՝ խոսելով ընտրություններից իր սպասումների մասին: Նա անդրադարձել է նաև Դիարբեքիրում հայազգի Գարո Փայլանի թեկնածությունն առաջադրելու փաստին՝ մեկնաբանելով այդ քաղաքում հայ թեկնածու առաջադրելու իմաստը:

Դեմիրթաշն ասել է, որ Գարոն համապատասխանում է Դիարբեքիրին, Դիրաբեքիրն էլ՝ Գարոյին: Նա հիշեցրել է, որ Դիարբեքիրն անցյալում մշտապես բազմէթնիկ, բազմամշակութային քաղաք է եղել: «Սակայն 1915 թվականի Հայոց ցեղասպանությունն ու դրանից հետո տեղի ունեցածները Դիարբեքիրի այդ յուրահատկությունը վերացրին: Մինչև 1980-ական թվականները հայկական ընտանիքներ էին ապրում Սուր գավառում: Անգամ իմ մանկության տարիներին հայերը շարունակում էին այստեղ ապրել: Սակայն 80-90-ականների ճնշումներն ու բռնությունները ստիպեցին երկրից հեռանալ «վերջին հայերին»: Դա վերին աստիճանի ողբերգական ու տրավմատիկ երևույթ է: Հայերը Դիարբեքիրում հյուրեր չեն, տեղացիներ են: Գարոյի առաջադրումը Դիարբեքիրում այս առումով իմաստավորված պատասխանն է այդ ցավոտ պատմությանը: Վստահ եմ, որ Դիարբեքիրի ժողովուրդը Գարոյին այդ պատմական գիտակցությամբ ոգևորությամբ տեր կկանգնի ու գրկաբաց կողջունի: Բացի այդ, Գարոն էլ Դիարբեքիրում օտար չէ: Հավատացած եմ, որ տեղի երիտասարդների հետ շատ լավ հարաբերություններ է հաստատելու ու լավ ներկայացուցչություն ունենա: Նրան հաջողություններ եմ մաղթում»,- ասել է Դեմիրթաշը:

Քրդամետ կուսակցության թեկնածուն խոսել է բանտային պայմաններում նախընտրական քարոզչություն իրականացնելու բարդության մասին՝ նշելով, որ սոցցանցերում անգամ մեկ գրառում կատարելը երկարատև ու բարդ գործընթացի արդյունք է: «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության դեմ սկսված դատական գործընթացների հիմնական պատճառը 2015 թվականի հունիսի 7-ի ընտրություններում տարած հաղթանակն է: Այդ օրվանից մինչ օրս հազարավոր կուսակցականներ համակարգված կերպով կալանավորվում են կամ հեռացվում են քաղաքականությունից: Ես էլ այդ գործողությունների շրջանակում գերի եմ պահվում»,- նշել է նա՝ ընդգծելով, որ դա ոչ թե դատական որոշման արդյունք է, այլ քաղաքական հետապնդում:

Դեմիրթաշը 2016 թվականի նոյեմբերից գտնվում է բանտում: Նա Թուրքիայում առաջին թեկնածուն է, որ նախագահական ընտրություններում գրանցել է թեկնածությունն անազատության մեջ գտնվելով: Չնայած բազմաթիվ բողոքարկումներին՝ դատարանը շարունակում է ուժի մեջ պահել նրա կալանքի մասին որոշումը: Արդյունքում կուսակցությունն այդ հարցով դիմել է երկրի Սահմանադրական դատարան:

Թուրքիայում հունիսի 24-ին տեղի կունենան արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ: Ընտրություններից հետո երկրում կառավարման խորհրդարանական համակարգից անցում կկատարվի նախագահական համակարգի:

Մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը հունիսի 24-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում կրկին առաջադրվել է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից: Ի տարբերություն 2015 թվականի խորհրդարանական ընտրությունների, որտեղ Փայլանն առաջադրվել էր Ստամբուլում, այս անգամ նրա թեկնածությունը առաջադրվել է Դիարբեքիրում:

Գարո Փայլանը պատգամավոր ընտրվելուց ի վեր աչքի է ընկել Թուրքիայի մեջլիսում իր համարձակ ելույթներով: Դրանցում նա բազմիցս բարձրաձայնել է Հայոց ցեղասպանության մասին՝ կոչ անելով իշխանություններին առերեսվել սեփական պատմությանն ու ընդունել սեփական հանցանքը: Պատգամավորն անգամ համապատասխան առաջարկ էր ներկայացրել, որով նախատեսվում էր 1915 թվականի դեպքերը պաշտոնապես ճանաչել որպես ցեղասպանություն: Առաջարկը մերժվել էր: Նա նաև պարբերաբար բարձրաձայնել է պոլսահայ համայնքին հուզող հարցերը, մասնավորապես Պոլսո Հայոց պատրիարք ընտրելու անհրաժեշտության հարցը:

Խորհրդարանի ամբիոնից ցեղասպանության մասին խոսելու համար նա անգամ ենթարկվել է կարգապահական տույժի: Բացի այդ, օրերս հայտնի դարձավ, որ նրա դեմ քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածով հետաքննություն է սկսվել: Հետաքննության շրջանակում կազմվել է նրան անձեռնմխելիությունից զրկելու պահանջագիր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]