Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Մենք ասում ենք՝ այլևս երբեք». Կիպրոսի պատվիրակությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

«Մենք ասում ենք՝ այլևս երբեք». Կիպրոսի պատվիրակությունը հարգանքի տուրք 
մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի գլխավորած պատվիրակությունը մայիսի 22-ին այցելեց  Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ինչպես  տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ Կիպրոսի ներկայացուցիչները ծաղկեպսակ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին և ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ: 

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի  տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը  ներկայացրեց հուշահամալիրի կառուցման պատմությունը և հուշակոթողի խորհրդանշական իմաստը:

Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսը նշեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի և ողջ աշխարհի կողմից, ինչպես և յուրաքանչյուր ցեղասպանության ճանաչումը պատմական նշանակություն ունի՝ ապագայում նման դեպքերից խուսափելու համար:

«Սա է հայերի պայքարը: Մենք միշտ հայերի կողքին կլինենք ոչ միայն որպես բարեկամներ և եղբայրներ, այլև որպես պետություն: Դա մի պարտավորություն է ոչ միայն հայերի նկատմամբ, այլ ողջ մարդկության, որպեսզի երբևիցե չկրկնվեն ցեղասպանություններ»,- ասաց Սիլուրիսը:

Կիպրոսի ներկայացուցիչները շրջայց կատարեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում և ծանոթացան Ցեղասպանության մասին վկայող նյութերին: Վերջում պատվիրակության անունից գրառում կատարվեց.

«Մենք կրկին տեսանք հայ ժողովրդի տառապանքները բարբարոսության և ատելության մեջ. Մենք ասում ենք` այլևս երբեք»:

Կիպրոսը Հայոց ցեղասպանությունը ճանաչած ու դատապարտած առաջին պետություններից է: Այն բանաձևեր ունի 1975, 1982, 1990 թվականներին, ինչպես նաև այն առաջին պետությունն է, որը բարձրացրել է Հայոց ցեղասպանության հարցը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում: Կիպրոսն ունի նաև Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք՝ ընդունված 2015թ. ապրիլի 2-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am