ՀՀ ոստիկանության պետը հանձնարարել է կարճել ապրիլի 13-25-ը երթևեկության խախտումներով հարուցված վարչական վարույթները
ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետը Ճանապարհային ոստիկանությանը հանձնարարել է կարճել 2018 թվականի ապրիլի 13-25-ն ընկած ժամանակահատվածում երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրության խախտումների հիմքով հարուցված վարչական վարույթները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
«Խոսքը վերաբերում է միայն այն իրավախախտումներին, որոնք հայտնաբերվել են տեսանկարահանող սարքերով և կատարվել են հավաքների ընթացքում ճանապարհների երթևեկությունը դիտավորությամբ խոչընդոտելու կամ ճանապարհները փակելու հետևանքով: Վարչական վարույթները կարճվելու են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 17-րդ և 27-րդ հոդվածներով նախատեսված իրավակարգավորումների հիմքով:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ հավաքի կազմակերպիչները արդեն իսկ հանդես են եկել ճանապարհային երթևեկության կանոնները պահպանելու հրապարակային կոչերով, Ոստիկանությունը տեղեկացնում է, որ վարչական վարույթների կարճումների պրակտիկան չի շարունակվելու և վարչական իրավախախտումներ կատարած անձինք ենթարկվելու են վարչական պատասխանատվության: ՀՀ ոստիկանության պետի որոշումը համաձայնեցված է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հետ»,- ասել է Ահարոնյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում