Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Օգոստոս

Միստիկ գրողը, կույր կետադրությունն ու Արամ Ավետիսի «Նորամուտը»

Միստիկ գրողը, կույր կետադրությունն ու Արամ Ավետիսի «Նորամուտը»

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդ այս գրողը ոչ մի էջ չունի և ոչ մի սոցիալական ցանցում, սակայն հենց նույն սոցցանցերի օգտատերերի շրջանում մեծ հետաքրքրություն է վայելում: Նրա «Կույր կետադրություն» գրքի շապիկի դարձերեսին իր ինքնակենսագրությունը շարադրված է հետևյալ կերպ․«Ծնվել է 1990թ․, Երեւանում։ Նույն թվականին երկրագնդի տարբեր քաղաքներում մահանում են Ֆիլիպ Սուպոն, Վիկտոր Ցոյը, Վենեդիկտ Երոֆեեւը, Սերգեյ Փարաջանովը․․․ Սկսել է գրել այն տարիքում, որ տարիքում Ռեմբոյի քունը տանում էր գրելու մտքից․․․ 26 տարեկանում գրում է «Գրականությունից հրաժարվելու մանիֆեստը (Բրետոնը գրեց քսանութում, Մարինետին՝ երեսուներեքում), որին նույն պահին հրաժարվեց»։ Երիտասարդ հեղինակ Արամ Ավետիսը մի առիթով նշել է, որ իրեն համարում է ժամանակակից հայ գրականության «ամենամիստիկ» գրողը: «Արմենպրես»-ն իր հեղինակային նախագծում ներկայացնում է Արամ Ավետիսի «Նորամուտ»-ը:

Մուտքը գրական դաշտ

17 տարեկանից սկսեցի ստեղծագործել: Մինչ այդ կարդում էի. իմ բախտը բերեց՝ սկսեցի լավ գրքեր կարդալ, և գրականությունն ինձ հետաքրքրեց: Մայակովսկու կենսագրականում կարդում ենք, որ նա սկզբում շատ վատ գիրք էր կարդացել, հետո «բախտը բերել է»՝ կարդացել է Սերվանտեսի «Դոն Կիխոտը»: Իմ պարագայում հակառակն էր. միանգամից լավ գրականություն կարդացի ու որոշեցի ստեղծագործել: 16 տարեկանում ընկերներիս համար հատվածներ էի կարդում համաշխարհային գրականությունից, ասում, որ ես եմ գրել, նրանք էլ հիանում էին: Հասկացա, որ երկար չեմ կարող խաբել, ստիպված պետք է սկսեմ ինքս գրել:

… Սկսել եմ բանաստեղծություններ գրելով, բայց բանաստեղծությունն իմը չէր: Ինձ թվում է՝ բոլոր գրողներն էլ այդպես են սկսում: Հետո հասկացա, որ արձակում ավելի շատ հնարավորություններ ունեմ…

Առաջին ստեղծագործությունս տպագրվել է «Անդին» ամսագրում, կոչվում էր «Նիցշեի տունը»: Ես 2013 թվականին Վայմարում գնացել էի Նիցշեի թանգարան, և գրել էի այդ մասին:

Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում սովորելու մասին

Ցանկանում էի դառնալ ռեժիսոր: Այն ժամանակ սխալ էի մտածում: Հետո հասկացա, որ գրելն է իմը, իսկ կինոգիտությունն ինձ օգնեց զբաղվել գրականությամբ: Անընդհատ ֆիլմեր էինք նայում ու գրում այդ ֆիլմերի մասին: Կինոգիտությունն իմ մեջ զարգացրեց գրելու ձիրքը:

Լավ գրականություն

…Սիրում եմ Բենժամին Պերեի, Ֆիլիպ Սուպոյի, Ռիչարդ Բրոտիգանի, Մարիո Վարգաս Լյոսայի գործերը: Շատ սերտ կապված եմ Լուի-Ֆերդինանդ Սելինի հետ, սիրում եմ նրա գործերը:  Վերջերս անգամ մի աղջիկ Սելինի գերեզմանի մոտից քարեր էր հավաքել ու ինձ ուղարկել:

«Կույր կետադրություն» ժողովածուն

27 պատմվածք կամ էսսե է ներառում: Ինքնուրույն էսսեներ են, որոնք, ներքին կապով կապվելով, վեպ են դառնում: Երբ կույր ես, ոչ բան չես տեսնում, ոչ մի արգելք չունես, առաջ ես գնում:  Կետադրությունը՝ ընդհակառակը, արգելքներ է ենթադրում: Գիրքը երեք մասից է բաղկացած, և ամեն մասն ինչ-որ կոնկրետ թեմայի է առնչվում: Առաջին հատվածը կոչվում է «Տեսունակ կուրություն»: Ուղեղի հետ կապված հիվանդություն է, երբ մարդ նայում է, բայց չի տեսնում, որովհետև ազդակներն ուղեղին չեն հասնում: Երկրորդ մասը կոչվում է «Անհետացող քաղաքի քարտեզը»: Այս քաղաքում ապրում են կույրերը: Այս դեպքում քաղաքը փոխաբերական բնույթ է կրում, ոչ մի կոնկրետ քաղաքի մասին չէ: Վերջին հատվածն էլ կրում է «Կետադրության համընդհանուր պատմություն»  խորագիրը:

Գիրք կարդալը՝ մտավոր աշխատանք

Հիմա շատ ժամանակակից է կարդալ շատ թեթև, կարծես ոչ մի տեղ չտանող գրականություն: Երևի, մարդկանց կյանքն այնքան բարդ է, որ որոշել են գրքի միջոցով թեթևանալ: Գիրքն, ըստ իս, ժամանցի, հաճույքի համար չէ: Գիրք կարդալն աշխատանք է, մտավոր աշխատանք: Եթե ուզում ես լավ սնունդ ստանալ, պետք է աշխատես:

Երիտասարդ գրողների խնդիրներ

Հիմա ամենամեծ խնդիր ունեն պոետները, որովհետև պոեզիան, ըստ իս, այսօր չի վաճառվում: Պոեզիան տպագրելու խնդիր կա, որովհետև քիչ հրատարակչություններ են ցանկանում տպագրել պոեզիա: Նրանք մտածում են, որ պոեզիան չի վաճառվի: Ընդհանրապես գրողները հրատարակվելու խնդիր ունեն: Հրատարակիչ-գրող կապը կարևոր է: Գրողները ստիպված են իրենց առաջին գրքերն իրենց գումարով հրատարակել, այնպես, ինչպես ես եմ արել: Չգիտես՝ գիրքդ կվաճառվի՞, թե ոչ: Չգիտես՝ կհիասթափվե՞ս, այլևս չե՞ս տպագրվի: Հրատարակվելու ու ընթերցողին հասնելու խնդիրն է ամենակարևորը:

Գրականությունը՝ սահմաններից դուրս

Մեր ժամանակակից գրականության խնդիրներից մեկն այն է, որ այն սահմաններից դուրս չի գալիս, անընդհատ մնում է սահմաններում: Գրականությունը համաշխարհային արժեք է, չի կարող միայն Հայաստանով սահմանափակվել: Դրա համար, երբ ճանապարհորդում ես, շփվում մարդկանց հետ, հասկանում ես գրականության անսահմանությունը: Գրականության մեջ օրենքներ չկան: Գրականությունը կյանք է. կյանքում կարող է ամեն ինչ լինել:

Գրախանութում աշխատելու մասին

Ինձ բոլորը քննադատում են՝ իբր եթե գրախանութում չաշխատեի, ապա իմ գիրքը չէր վաճառվի: Ես ոչ մի սոցցանցում  էջ չունեմ: Սոցցանց քանի՜ հազար մարդ է մտնում, իսկ գրախանութ հաշված մարդիկ են մտնում: Ես որպես գրախանութի աշխատող միշտ մարդկանց խորհուրդ եմ տալիս լավ գրականություն կարդալ, կարդալ այն, ինչ ես եմ հավանում: Ես կարողանում եմ այնպես անել, որ մարդիկ նոր բաներ կարդան:

Հ. Գ.

«Արմենպրես» լրատվական գործակալությունը վերականգնում է իր «Նորամուտ» խորագրով նախագիծը: «Նորամուտ»-ի նպատակն է հանրությանը ներկայացնել մեր տաղանդավոր և ստեղծագործող երիտասարդներին՝ դերասանների, ռեժիսորների, բեմադրիչների, նկարիչների, երաժիշտների և այլն, պատմել, թե ինչով են նրանք զբաղվում, ինչ հետաքրքրություններ ունեն, ինչ խնդիրների են բախվում ստեղծագործելիս: «Նորամուտ» երիտասարդական նախագծի համար գործակալությունը 2016 թ. արժանացել է «Հայկյան» ամենամյա մրցանակաբաշխության մրցանակին՝ «Տարվա երիտասարդական լրատվական նախագիծ» անվանակարգում:

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան

Լուսանկարները՝ Ֆելիքս Առուստամյանի




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ