Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Մյուսը» գիրքն՝ առաջատար. հայ գրականություն. ապրիլ, 2026

9 րոպեի ընթերցում

«Երևանյան բեսթսելեր».  «Մյուսը» գիրքն՝ առաջատար. հայ գրականություն. ապրիլ, 2026

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ ապրիլի վաճառքի տվյալների:

Ռուբեն Եսայանի «Մյուսը» գիրքն առաջին տեղում է։ Երևանում սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում երեք երեխա է անհետացել: Յուրաքանչյուր երեխայի անհետացման վայրում հայտնաբերվել է միևնույն ձեռակերտ տիկնիկը՝ երեք տիկնիկներ, որոնք ավելի շատ հարցեր են առաջացնում, քան պատասխաններ տալիս: Շատերը խուճապի մեջ են, քանի դեռ ոստիկանությունը չի բացահայտել, թե ինչ կամ ով է թաքնված երեխաների առեղծվածային անհետացումների hետևում: Խորհրդավոր գործի հետաքննությունը հանձնվել է Քննչական կոմիտեի ավագ քննիչ Ազնավուր Արամյանին, որը շուտով հասկանում է, որ գործ ունի Հայաստանի պատմության ամենամութ և ամենասարսափելի դեպքերից մեկի հետ...

Գնել Նալբանդյանի «Մի՛ վախեցիր» գիրքը երկրորդ տեղում է։ 1990-ականների սկիզբ. երևանյան և ղարաբաղյան բարդ և հակասական իրողություններ։ Մի կողմում ազատագրական պայքարի վեհ գաղափարն է, մյուսում՝ պատերազմի քաոսն ու անձնական շահը։ Պատմություն բարդ ու հակասական ժամանակների մասին, պատմություն, որի հերոսներն ու հակահերոսները հաճախ ունեն իրական նախատիպեր, դրվագները՝ վավերագրական հիմք։ Որոշ դրվագներում հեղինակը վերարտադրել է իր հետ կատարված դեպքերը հայ-ադրբեջանական ռազմաճակատային գծի տարբեր հատվածներում։ Ի տարբերություն ընդունված կարգի՝ այս գրական գործը ծնվել է համանուն հայտնի ֆիլմի նկարահանումից հետո։

Երրորդ տեղում է Գրիգոր Քեշիշյանի «Քեզնից հեռու, քեզ հետ» գիրքը։ Սիրո, հայրենասիրության, հայրենադարձության դժվար ու լուսավոր կողմերի մասին «Քեզնից հեռու, քեզ հետ» վիպակը 1940-ականներին Լիբանանից հայրենադարձված Գրիգոր Քեշիշյանի զգացմունքների ամփոփումն է մի գեղեցիկ սիրո պատմության տեսքով։ Վիպակը նամակների ժողովածու է, որ հայրենադարձման իր հերթին սպասող Սամվելը գրում է արդեն հայրենի հողի վրա ապրելու երազանքին հասած իր սիրելիին։ Բաժանումը ծանր վերք է բացում սիրելիների սրտերում, իսկ վերամիավորման սպասումը՝ բացահայտում նրանց ճակատագրի անսպասելի ոլորանները։

Ռաֆայել Մարգարյանի «Սպասիր ինձ երկնքում» գիրքը չորրորդ տեղում է։ Այս պատմության մեջ յուրահատուկ կերպով ընդգծվում է մարդկային բարությունը անձնազոհությունը, սերը և հավատը: Միևնույն ժամանակ ուշադրության են արժանանում կյանքի և աշխարհի մութ կողմերը, որոնք ամեն բան սևուսպիտակ են ներկում` հետք թողնելով սյուժեի վրա: Սակայն գրքում արտացոլված հավատն անչափ մեծ է, որ դրանք մի օր կլուսավորվեն, և աշխարհում կիշխի սերն ու բարեսրտությունը...

Աննա Առաքելյանի «Սպանիր ներսիդ թիթեռներին» գիրքը հինգերորդ տեղում է։  Գիրքը մարդու ներքին պայքարի մասին է, այն պահի, երբ նա սկսում է հասկանալ, որ իր ներսի գեղեցիկ զգացումները միշտ չէ, որ իրեն դեպի լավն են տանում։ Գիրքը պատմում է մարդու մասին, ով երկար ժամանակ ապրել է հույսերով, իդեալական պատկերացումներով և սիրո մասին ստեղծած պատրանքներով։ Այդ հույսերը նրան ուժ են տվել, բայց միաժամանակ խլել են սթափ մտածելու կարողությունը։ Պատմության առանցքում գալիս է բեկումնային պահը, երբ մարդը ընտրության առաջ է կանգնում։ Կամ շարունակում է ապրել թիթեռներով, սպասումներով ու դատարկ խոստումներով, կամ համարձակվում է ընդունել իրականությունը այնպիսին, ինչպիսին կա։ Թիթեռներին «սպանելը» այստեղ դաժանություն չէ, այլ գիտակցված քայլ՝ հրաժարվել պատրանքներից և սկսել ապրել սթափ ու ազնիվ ինքն իր հետ։

Ռաֆայել Մարգարյանի «Մնա ժպիտիս մեջ» գիրքը վեցերորդ տեղում է։ Այս պատմությունը «Սպասիր ինձ երկնքում» գրքի շարունակությունն է: Սա պատմություն է հավատալու և սերը չկորցնելու մասին: Եվ ապացույցն է այն բանի, որ լույսը ծագում է իր ճիշտ ժամանակին, երբ շուրջբոլորը խրթին խավար է։ Ընթերցելով այս պատմությունը՝ կիմանաք, թե ինչ փորձությունների միջով են ստիպված լինում անցնել արդեն սիրված հերոսները. որտեղ են գտնում իրենց հոգին ջերմացնող լույսը... Եվ թե ինչպես է ներկայի ու անցյալի միահյուսումը յուրահատուկ գործվածքի պես պատկերում հանգուցալուծումը...Այս գիրքը ոչ ոքի անտարբեր չի թողնի...

Էդգար Հարությունյանի «Լիլիթ» գիրքը յոթերորդ տեղում է։ Մենք սովոր ենք կարծել, թե ողնաշարը պարզապես մարմնի հենարանն է։ Բայց հեղինակի համար այն հիշողության, ցավի և վերածննդի քարտեզն է։ Գիրքը հենց այդ քարտեզի մասին է. 33 պատմություն, որոնք խորհրդանշում են մարդու ողնաշարի 33 ողերը՝ կառուցելով մեր ներքին առանցքը։

Գրիգոր Քեշիշյանի «Իսկ դու ինձ սիրո՞ւմ ես» գիրքը ութերորդ տեղում է։ Իսկական սերը հաղթում է ցանկացած հեռավորություն։ Անցյալն ու ներկան խաչվում են, հիշողությունն ու հույսը` միախառնում՝ փորձելով պատասխանել մեկ վճռորոշ հարցի՝ արդյոք սիրահարները քաջություն կունենա՞ն դիմադրելու ժամանակի ծանր հարվածներին և սիրելու իրենց հայրենիքը։ Չէ՞ որ հայրենիքը հողն է, որի վրա քայլում է սիրելիդ…

Գոհար Նավասարդյանի «Սերը» գիրքը իններորդ տեղում է։ Սերը հաճախ փորձություններ է դնում այն սրտի առջեւ, որի մեջ բույն է դրել: Մեկն իր սիրուն հասնում է առանց ջանք գործադրելու, մյուսն անում է անհնարինը՝ պատմությունը կիսատ չթողնելու համար։ Մեկին ամեն ինչ հեշտ է տրվում, մյուսին՝ անասելի դժվար: Այս գիրքը մի սիրո պատմության մասին է, որը, հազիվ սկսված, հարկադրաբար ավարտվում է, սակայն այն անկեղծ զգացմունքները, որոնք խորը արմատներ էին տվել, չեն կարողանում տարիների ընթացքում ոչնչանալ: Կունենա՞ արդյոք իմաստ տարիներով սպասելը, կստացվի՞ սրտում տեղ բացել նոր սիրո համար, ի՞նչ դեր կստանձնի այս հարցում հավատն առ Աստված: Այս հարցերի պատասխաններն են սույն վիպակում: Սյուժեն կառուցված է աստվածաշնչյան քսան մեջբերումների հիման վրա, որոնք դարձել են բնաբաններ: Գիրքը նպատակ ունի ընթերցողին ցույց տալ, որ հակառակ սեռի հանդեպ տածած մաքուր սերը հենց Սուրբ գրքում քարոզվող սերը կարող է լինել։ Իր յոթերորդ վիպակով հեղինակն ուզում է ընթերցողին թեկուզ մի փոքր մոտեցնել մեր հավատքին՝ սովորեցնելով սիրել ու ամեն ինչում նախ Աստծո կամքը ցանկանալ: Գրքի բոլոր աստվածաշնչյան մեջբերումներն արված են բացառապես Մայր Աթոռի թարգմանությունից:

Հարություն Հարությունյանի «90-ականները» տասներորդ տեղում է։ Այս գիրքը յուրատեսակ ձոն ու հոգու պարտքի մարում է այն տարիների հանդեպ, որ ապրել են մեզնից շատերը, և որոնք դարձել են քաղցր հիշողություն՝ կապելով մեզ մեր մանկության հետ: Սա վավերագրական պատումների մի յուրօրինակ ժողովածու է, որում ընդգրկված 90-ականներից յուրաքանչյուրը քեզ կծանոթացնի կամ կտեղափոխի 90-ականների իրական կյանք, որն ապրում էին սովորական, պարզ մարդիկ, որոնք պայքարում էին ցրտի, դժվարությունների դեմ ու լավ ապագայի համար:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

ՏեղՓոփոխ․Գիրք Հրատ․Քանակ
1+3

Ռուբեն Եսայան,

 «Մյուսը»

Հեղ․ հրատ149
2Նոր

Գնել Նալբանդյան,

 «Մի՛ վախեցիր»

Newmag83
3-2

Գրիգոր Քեշիշյան,

 «Քեզնից հեռու, քեզ հետ»

Դավինչի79
4-1

Ռաֆայել Մարգարյան,

 «Սպասիր ինձ երկնքում»

Հեղ․ հրատ66
5-3

Աննա Առաքելյան,

 «Սպանիր ներսիդ թիթեռներին»

Հեղ․ հրատ61
6-1

Ռաֆայել Մարգարյան,

 «Մնա ժպիտիս մեջ»

Հեղ․ հրատ40
70

Էդգար Հարությունյան,

 «Լիլիթ»

Հեղ․ հրատ33
8-2

Գրիգոր Քեշիշյան,

 «Իսկ դու ինձ սիրո՞ւմ ես»

Դավինչի32
9*

Գոհար Նավասարդյան,

 «Սերը»

Հեղ․ հրատ30
10Նոր

Հարություն Հարությունյան,

 «90 ականները»

Հեղ․ հրատ30
Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում