Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Նոյեմբեր

Սլովակիայի միջոցով չեխական զենքն ապօրինի տեղափոխվում է Ադրբեջան. չեխ լրագրողների բացահայտումը

Սլովակիայի միջոցով չեխական զենքն ապօրինի տեղափոխվում է Ադրբեջան. չեխ 
լրագրողների բացահայտումը

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայի օդանավակայանն օգտագործվում է չեխական հրթիռային կայանքները և հաուբիցները մաքսանենգ ճանապարհով Ադրբեջան տեղափոխելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The Slovak Spectator-ը, այս մասին բացահայտում են արել չեխ լրագրողները՝ ընդգծելով, որ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, Ադրբեջան ռազմական տեխնիկա արտահանելու հարցում արգելք կա, որը, փաստորեն, խախտվել է:

Նշվում է, որ զենքերն արտադրվում են չեխական Czechoslovak Group հոլդինգի կողմից, որի սեփականատերը զենքի արտադրությամբ զբաղվող հայտնի չեխ գործարար Յարոսլավ Ստրնադն է:

Ընկերությունը թեպետ հերքում է բոլոր մեղադրանքները, սակայն այդ մասին տեղեկության հրապարակումից հետո սլովակյան MSM զինագործական ընկերության աշխատակիցը խոսել է և պատմել, թե ինչպես են հին զենքերը Սլովակիայի Տրենչին քաղաքում գործող ընկերությունում վերապատրաստվել, իսկ այնուհետև Իսրայելի միջոցով տեղափոխվել Ադրբեջան:

Տեղեկությունը տարածվեց, երբ ադրբեջանական բանակը վերջերս գովազդներից մեկում պարծեցավ չեխական արտադրության զենքերով: Մասնավորապես, նրանք ի ցույց էին դրել հրետանային ինքնագնաց կայանք, 18 կիլոմետր հեռահարություն ունեցող «Դանա» տեսակի հաուբից, ինչպես նաև 20 կիլոմետր հեռահարություն ունեցող «Վամպիր» համազարկային կրակի համակարգ:

«Ամբողջ գործընթացը սկսվում է «Դանա» տեսակի հին հաուբից բերելով, որն ընկերության կողմից մասերի է բաժանվում»,- Սլովակիայի TASR լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չեխական հեռուստաընկերության լրագրողներին ասել է MSM ընկերության աշխատակիցը: Մասերի բաժանված զենքի շասսին ուղարկվում է Չեխիայի Շտերնբերկ քաղաքում տեղակայված գործարան, որը ևս պատկանում է Յարոսլավ Ստրնադին: Շասսիի վերապատրաստումը տևում է 2-3 շաբաթ, այնուհետև այն ուղարկվում է հետ՝ Սլովակիա: Հաուբիցի մնացած մասերի վերապատրաստումից հետո այն կրկին հավաքվում է և անցնում բալիստիկ փորձարկում:

Աշխատակիցը հայտնել է նաև, որ սարքերը, այդ թվում և նավիգացիոն, տեսախցիկի ու կապի համակարգերն ուղարկվում են Իսրայելից: Նա տեղեկացրել է, որ իրենք ստորագրել են պայմանագիր 2018 թվականին 18 հաուբից և 15 հրթռիային կայանք մատակարարելու վերաբերյալ: Նույն քանակությամբ դրանք մատակարարվելու են նաև 2019-ին:

Չեխիայի պաշտպանության նախարարության խոսնակ Յան Պեյշեկը հայտնել է, որ հետախուզական ծառայությունն ուսումնասիրում է զենքի արտահանման մասին տվյալները:

Չեխական լրատվամիջոցները կապվել են MSM հոլդինգի հետ, որը հաստատել է «Դանա» տեսակի հաուբիցների և RM-70 հրթիռային կայանքի մատակարարումն Իսրայելին: Մարկետինգային տնօրենը, սակայն, հրաժարվել է տրամադրել այլ տեղեկություններ՝ հաշվի առնելով դրանց գաղտնիությունը: Այդուհանդերձ, նա հերքել է զենքերի վերաբերյալ որևէ գործարքի առկայությունը Ադրբեջանի հետ:

Սակայն լրագրողները զենքի նման տեղափոխում արձանագրել են տեսախցիկների միջոցով: 2017 թվականի դեկտեմբերի 27-ին Բրատիսլավայի օդանավակայանից հրթիռային կայանքը ադրբեջանական ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռով տեղափոխվել է Իսրայել՝ Թել Ավիվ, որտեղ պետք է զենքը փոխանցվեր որպես հաճախորդ գրանցված Elbit ընկերությանը: Թել Ավիվից ինքնաթիռն ուղևորվել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու:

«Իսրայելում ոչինչ ինթնաթիռից չի իջեցվել, օդանավը միայն կանգառ է արել՝ համոզվելու, որ փաստաթղթերը կարգին են: Ինքնաթիռն Իսրայելի օդանավակայնից ուղիղ թռիչք է արել Ադրբեջան»,- MSM-ի աշխատակիցն ասել է Չեխական հեռուստաընկերությանը:

The Slovak Spectator-ը նշում է, որ գործող օրենքներով զենքի վաճառքով զբաղվող կազմակերպությունները կարող են դրանք վաճառել միայն այն երկրներին, որոնք ապահով են համարվում և այն գնորդներին, ովքեր ունեն համապատասխան հավաստագիր: Իսրայելը համապատասխանում է այդ չափորոշիչներին, մինչդեռ Ադրբեջանը՝ ոչ:

TASR գործակալությունը հայտնում է, որ Czechoslovak Group-ին պատկանող ընկերությունները փորձել են զենքն Ադրբեջանին մատակարարելու թույլտվություն ստանալ, սակայն ձախողել են դա թե Չեխիայում, թե Սլովակիայում:

Ոչ MSM-ը, ոչ Czechoslovak Group-ը չեն հաստատել, որ զենքը տեղափոխվել է Ադրբեջան: Ի պատասխան Սլովակիայի էկոնոմիկայի նախարարության հարցադրմանը՝ ընկերությունն ասել է, որ իրենք գործարքի մեջ են իսրայելական ընկերության հետ: Այդուհանդերձ, նախարարության խոսնակ Մարոշ Ստանոն հայտնել է, որ ինչպես էկոնոմիկայի, այնպես էլ արտաքին գործերի նախարարությունները ուսումնասիրում են իրադրությունը:




Այս թեմայով


https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ