Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Դեկտեմբեր

Սերժ Սարգսյանը խոսել է ԼՂ խնդրի լուծման հարցում աշխարհաքաղաքական զարգացումների վտանգների մասին


ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածաշրջանում անկայունության ցանկացած դրսևորում բացասաբար է ազդում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կայունության վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում ասաց ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրված Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե ինչպես են ազդում տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացումներն Արցախի հիմնախնդրի լուծման վրա՝ մասնավորապես վերջին սիրիական հրթիռակոծությունների ֆոնի վրա:

«Լեռնային Ղարաբաղի հարցն այնքան տարողունակ է և միևնույն ժամանակ այնքան պարզ, որ կարելի է շաբաթներով խոսել, սակայն կարելի է նաև հակիրճ պատասխանել: Այո, շատ զգայուն հարց է և տարածաշրջանում ցանկացած անկայունության դեպք մշտապես բացասաբար է անդրադառնում կայունության վրա: Մեր պարագայում ամենակարևորն իհարկե կայունությունն է: Իհարկե, կարևոր է բանակցությունների ակտիվ առաջխաղացումը, սակայն պետք է կայունություն, հանդարտություն լինի»,- ասաց Սարգսյանը: Նա նշեց, որ հնարավոր չէ մի ձեռքով ստորագրել ինչ-որ մի բան, բանակցել, իսկ մյուս ձեռքով՝ կրակել՝ արձանագրելով, որ այդ կրակոցները մշտապես խանգարում են:

«Հաջորդ հանգամանքն այն է, որ տարածաշրջան կարող են տեղափոխվել այն մարդիկ, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել հենց սիրիական իրադարձություններին: Նրանք արդեն պատերազմ տեսած, մարդիկ սպանած, թալան արած և այլ տարրեր են, ովքեր մշտապես իրենցից վտանգ են ներկայացնում»,- նշեց վարչապետի թեկնածուն:

Նա ընդգծեց, որ իհարկե, որոշակի ազդեցություն է թողնում նաև սիրիահայերի ներգաղթը, տեղափոխումը Հայաստան: Նրա համոզմամբ՝ թեպետ դա ունի դրական կողմեր, ողջունելի քայլ է, սակայն այդ երկրում հայերն ունեն պատմական ժառանգություն, որի մի մասը, ցավոք սրտի, իհարկե արդեն խոնարհված վիճակում է, բայց բոլոր պարագաներում այդ ժառանգությանը պետք է տիրություն արվի:

«Կարծում եմ, որ ամենակարևոր հանգամանքներից մեկն էլ այն է, որ ցանկացած հակամարտություն միշտ բերում է տարբեր հակադիր ուժերի միջև բևեռացման: Եվ այս բևեռացումը, որ այսօր կա մի կողմից Ռուսաստանի, մյուս կողմից Միացյալ Նահանգների կամ Արևմուտքի հետ, իհարկե հղի է ավելի մեծ վտանգներով և մեզ պարտադրում է խելամիտ և մյուս կողմից հաստատակամ քաղաքականություն վարել: Այո, մենք ունենք դաշնակիցներ, գործընկերներ, և մենք պետք է այդ կանոնները պահպանենք, հակառակ պարագայում, երբ, ինչպես ասում են, այդ ուղտը մեր դռանն էլ չոքի, կարողանանք ակնկալել համապատասխան վերաբերմունք՝ ինչպես դաշնակցային, այնպես էլ գործընկերային»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը:  




Այս թեմայով

... վերջին լուր "Ղարաբաղյան հիմնահարց" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ