Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Սեպտեմբեր

Հայաստանը կարևորում է տարածաշրջանում ճանապարհային անվտանգության ապահովումը. Երևանում անցկացվում է «ՏՐԱՍԵԿԱ»-ի նիստը


ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ստանձնել է «Եվրոպա-Կովկաս-Ասիա» միջազգային տրանսպորտային միջանցքի (ՏՐԱՍԵԿԱ) միջկառավարական հանձնաժողովի նախագահությունը, որի առիթով հանձնաժողովի 13-րդ նիստը մարտի 5-6-ն անցկացվում է Երևանում: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի խոսքով` Հայաստանը շահում  է այն, որ միջազգային կազմակերպության անդամ է ու նախագահող երկիր մի կառույցի, որը տեխնիկական աջակցություն ու ներդրումային ծրագրեր է իրականացնում տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում: «Հայաստանում արդեն իսկ ենթակառուցվածքային ծրագրեր իրականացվել են ՏՐԱՍԵԿԱ-ի շրջանակներում: Ժամանակին կառուցվել է օպտիկամանրաթելային գիծ Հայաստանից Վրաստան ու շարունակությունը: Տերմինալներ են կառուցվել, կան շարունակական ծրագրեր` կախված կառույցի հաստատված ծրագրերից»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց նախարարը:

Կազմակերպության միջկառավարական հանձնաժողովի նիստի բացմանը Վահան Մարտիրոսյանը շեշտեց, որ Հայաստանը չափազանց կարևորում է տարածաշրջանի միջև ճանապարհային փոխկապվածությունը: «Վերջին տարիների մեր երկրի վարած տնտեսական քաղաքականությունից ևս ակնառու է, որ ճանապարհաշինական ու ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը մեր քաղաքականության լոկոմոտիվներից են: Դրանք տարեցտարի շատանում և ընդլայնվում են»,-ավելացրեց պաշտոնյան:

Նա նշեց, որ տրանսպորտային ենթակառուցվածքների շարունակաբար բարելավման ծրագրերից խոշորագույնը «Հյուսիս-հարավ միջանցքի» շինարարությունն է: «Այն ներկայում բարեհաջող շարունակվում է մեր գործընկերների աջակցությամբ: Տրանսպորտային հաղորդակցության տեսանկյունից կարևորում ենք նաև Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի արդեն մեկնարկած հիմնանորոգման և կենսական նշանակության բարելավման մյուս ծրագրերը»,-ասաց Վահան Մարտիրոսյանը:

Նախարարը փաստեց, որ տարածաշրջանային կարևորության տեսանկյունից հետագա առաջնահերթություններից է ճանապարհային անվտանգության ապահովումը, ճանապարհների ու ծառայությունների թվայնացումը, ինչպես նաև անցակետերի արդիականացումն ու համապատասխանեցումը ժամանակակից չափանիշներին:

Հայաստանը «ՏՐԱՍԵԿԱ» ծրագրին անդամակցում է 1993թ-ից: Վերջին անգամ Հայաստանում այն անցկացվել է 2003թ-ին։ Երևանում կայացող միջոցառմանը ներկա են «ՏՐԱՍԵԿԱ» ծրագրի մասնակից շուրջ 13 երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, ՀՀ-ում «ՏՐԱՍԵԿԱ» անդամ-պետությունների դեսպանություններ, «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի մշտական քարտուղարության ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Եվրահանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաներ։

Նիստի ընթացքում նախատեսվում է հաստատել «ՏՐԱՍԵԿԱ»-ի մաստեր պլանի և Միջկառավարական հանձնաժողովի` 2016-2026թթ. համար Եվրոպա-Ասիա-Կովկաս միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման ռազմավարության իրականացմանն ուղղված գործողությունների ծրագիրը:

Նախատեսվում է հաստատել նաև հնգամյա ժամկետի համար Եվրոպա-Ասիա-Կովկաս միջազգային տրանսպորտային միջանցքի երկայնքով զարգացման ճանապարհային քարտեզը:

Միաժամանակ, միջկառավարական հանձնաժողովի կողմից կհաստատվի «ՏՐԱՍԵԿԱ»-ի ճանապարհային երթուղիների մրցակցության բարձրացմանը և հետագայում միջազգային ավտոմոբիլային փոխադրումների կատարելագործմանն ուղղված գործողությունների ծրագիրը:

Նիստի ընթացքում նախատեսվում է անցկացնել «ՏՐԱՍԵԿԱ» Միջկառավարական հանձնաժողովի Մշտական քարտուղարության գլխավոր քարտուղարի ընտրությունները, քննարկել ֆինանսավորման, ինչպես նաև հերթական 14-րդ նիստի անցկացմանն առնչվող հարցերը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ