Հարկավոր է ձեռնարկել միջոցներ` նոր, հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարություն մշակելու ուղղությամբ. Կարեն Կարապետյան
ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հակակոռուպցիոն գործող ռազմավարության արդյունքների և նոր ռազմավարության մշակման վերաբերյալ հանձնարարականներ տվեց: Վարչապետը հիշեցրեց, որ 2015 թվականին ընդունվել է Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարությունը։ «Այս ժամանակահատվածում Կառավարության նախաձեռնությամբ իրականացվել են մի շարք միջոցառումներ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին և կոռուպցիոն երևույթների կանխարագելմանը։ Ռազմավարությունից բխող որոշ միջոցառումներ դեռևս ընթացքի մեջ են, սակայն հարկավոր է արդեն այս փուլում ձեռնարկել միջոցներ` նոր, հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարություն մշակելու ուղղությամբ, զուգահեռ ներդնելով նոր ռազմավարության կատարման մոնիթորինգի և արդյունքների գնահատման մեխանիզմներ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Կարեն Կարապետյանը հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարեց սահմանված ժամկետներում՝ ավարտին հասցնել գործող հակակոռուպցիոն ռազմավարությունից բխող անհրաժեշտ օրենսդրական փաթեթների մշակման և միջոցառումների կատարման աշխատանքները, 30-օրյա ժամկետում՝ ըստ ոլորտի՝ մշակել հակակոռուպցիոն նոր ռազմավարության վերաբերյալ առաջարկություններ և դրանք ներկայացնել Արդարադատության նախարարությանը։
Վարչապետը կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարեց 15- օրյա ժամկետում ավարտին հասցնել ներկայումս գործող չորս ոլորտային հակակոռուպցիոն միջոցառումների մոնիթորինգի և գնահատման մեխանիզմների մշակման աշխատանքները, սահմանված ժամկետներում ամփոփել հակակոռոպցիոն ռազմավարությամբ նախատեսված և իրականացված միջոցառումները և դրանց արդյունքները, այնուհետև ներկայացնել ամփոփ տեղեկատվություն՝ ապահովելով դրա հասանելիությունը հնարավորինս լայն զանգվածներին։
Արդարադատության նախարարին էլ հանձնարարվեց ձեռնարկել միջոցներ նոր, հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարություն մշակելու ուղղությամբ, հստակ արձանագրել թիրախային նոր ոլորտներ, մոնիթորինգային և գնահատման ցուցանիշներ, ինչպես նաև կոնկրետ միջոցառումներ ուղղված կոռուպցիայի կանխարգելմանը և կոռուպցիոն հանցագործությունների քննության համակարգի արդյունավետության բարձրացմանը։ Փաստաթղթի մշակման աշխատանքներում հնարավորինս ներգրավել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, գործարարների, իրավաբան գիտնականների և այլ շահագրգիռ կողմերի:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում