Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մասիմո Ջենտիլի Տեդեսկին Երևանի երաժշտական գրադարանը փրկելու առաջարկներ ունի

Մասիմո Ջենտիլի Տեդեսկին Երևանի երաժշտական գրադարանը փրկելու առաջարկներ 
ունի

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միլանի BRAIDANSE ազգային գրադարանի «UFFICIO Ռիկերկա» երաժշտական ֆոնդի ղեկավար Մասսիմո Ջենտիլի Տեդեսկին կարծում է, որ հայազգի և օտարազգի երաժշտագետների, կոմպոզիտորների արխիվային զանազան նյութեր պարունակող Երաժշտական գրադարանի քարտարանը թվայնացման կարիք ունի:

«Արմենպրես»հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանը նա ասաց, որ, գալով Հայաստան, հանդիպել է Հայաստանի ազգային, Կոմիտասի և այլ թանգարանների տնօրենների հետ: «Խոսել ենք Երաժշտական գրադարանի ճակատագրի, այն փրկելու, դրա հարուստ ֆոնդը թվայնացնելու մասին: Այդ իմաստով միջազգային փորձառությունը շատ կարևոր է: Երաժշտական գրադարանի այս պահին ոչ առանցքային, սակայն կարևոր խնդիրներից է թվային քարտարան ունենալը: Քարտարանները օտարերկրացիներին անմատչելի են: Շատերին կհետաքրքրի գրադարանի ֆոնդը, բայց կա լեզվական խոչընդոտը»,- նշեց Մասսիմո Ջենտիլի Տեդեսկին:

Նա ընդգծեց, որ իր աշխատանքը դժվար է բնորոշել: Զբաղվում է  քարտարանների թվայնացման կանոններով, օրենքներով, քարտարանների կառուցվածքով, դրանց պահպանման խնդիրներով, քարտարանները կազմելու, բանալի բառերը հստակեցնելու տերմինաբանությամբ:

Վերադառնալով գրադարանի քարտարանի թվայնացմանը` նա շեշտեց, որ այն երկար ու բարդ աշխատանք է: Ստանդարտացված ծրագրի վրա որոշ կետեր ավելացնել, որոնք թույլ կտան գրադարանի նյութը հասանելի դարձնել նաև Հայաստանից դուրս: Այդ նպատակով անցկացվող վարպետության դասընթացների, տարբեր հանդիպումների միջոցով մասնագետը փորձել է ուղղություն տալ Հայաստանում աշխատող մասնագետներին:

Մասսիմո Ջենտիլի Տեդեսկին ընդգծեց, որ անգամ ամենաֆանտաստիկ, անհավանական արագությամբ աշխատելու դեպքում մեկ ժամում հնարավոր է չորս նյութ քարտայնացնել: 250000 կտորը թվայնացնելու համար մեկ մարդուն երեսուն տարի կպահանջվի, իսկ երեսուն մարդուն` մեկ տարի:

Նա ասաց, որ նմանատիպ նախագիծ իրականացվել է Իտալիայում: 460 000  քարտը թվայնացվել է հինգ տարում: Աշխատել է 15 մարդ: Ներկայումս Իտալիան ունի աշխարհի ամենալավ երաժշտական քարտարանը:

Մասսիմո Ջենտիլի Տեդեսկին առաջին անգամ Հայաստան է եկել 2006-ին իր հայաստանաբնակ գործընկերների, այդ թվում՝ Խնկո-Ապոր անվ. ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանի հրավերով: «Նրանք ցանկանում էին ինձ հետ համագործակցել ու տեսնել, թե ինչ է հնարավոր անել խորհրդային ժամանակներից ժառանգություն ստացած Երաժշտական գրադարանը պահպանելու համար: Հատկապես այդ տարիներին այն շատ վատ վիճակում էր, գրադարանի հսկայական ֆոնդերը կորստյան եզրին էին: Դեռ այդ ժամանակ անգլիացի գործընկերոջս հետ հանդիպեցինք ՀՀ մշակույթի նախկին նախարարի հետ: Գրադարանի համար նոր շենք կառուցելու, գրքերը մաս-մաս այլ թանգարաններ տեղափոխելու և այլ առաջարկներ եղան»,- շեշտեց նա:

Հաջորդ անգամ 2011-ին է եկել Հայաստան: Նա խոստովանեց, որ քիչ բան էր փոխվել:

Երաժշտական գրադարանի տնօրեն Գուլո Նահատակյանի մահվանից հետո  գրադարանի ֆոնդի մի մասը տեղափոխվել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ: Կրկին Ռուզան Տոնոյանի ու Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանի աջակցությամբ Տեդեսկին եկել է Հայաստան: «Նրանք շահագրգռված են գրադարանը փրկել: Փորձում ենք հասկանալ, թե ինչ իրավիճակ է հիմա: Արդյոք թանգարանն ունի՞ բավարար տարածք ֆոնդի պահպանության համար, ի՞նչ է հարկավոր քարտարանի թվայնացման համար:

Շատ աշխատանք կա անելու: Գրադարանը շատ մեծ է, 250 000  կտոր նյութ կա այնտեղ: Առկա են երաժշտագիտական գրականություն, պարտիտուրներ: Պետք է հասկանալ, թե դրանց որ մասն է հնարավոր պահել Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Թանգարանն ունի լավ տարածք, որտեղ կարելի է ներկայացնել այդ գործերը, ունի տարածք, որտեղ կարելի է ուսումնասիրել դրանք»,-ասաց նա:

Թանգարանը կարող է դառնալ այն վայրը, որտեղ հնարավոր է հասարակայնացնել այդ երաժշտությունը, բայց առաջին խնդիրն այդ գրադարանը փրկելն է:

Երաժշտությունը մշակութային արժեք է, որը լեզվական խոչընդոտներ չունի, այն հեշտությամբ կարելի է տարածել ողջ աշխարհում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]