ԱՄՆ կոնգրեսականը և հայ համայնքի ներկայացուցիչները քննարկել են Արցախի հետ կապերի ամրապնդման հնարավորությունները
ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ կոնգրեսում Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Հավայի նահանգը ներկայացնող դեմոկրատ կոնգրեսական Թուլսի Գեբարդի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՄՆ-ի և Արցախի Հանրապետության միջև պաշտոնական, քաղաքացիական, մշակութային, կրթական կապերի ամրապնդման հնարավորությունները:
Կոնգրեսական Գեբարդը Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է: Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Րաֆֆի Համբարյանի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացին, ինչպես նաև շեշտվել է բանակցային սեղանի շուրջ Արցախի Հանրապետությանը վերադարձնելու կարևորությունը: Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչը բարձրացրել է նաև ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից կոնգրեսականներին ու սենատորներին Արցախ այցելություններից հետ պահելու հարցը, ինչը մտահոգիչ զարգացում է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում