Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց 2024թ. պետական բյուջեի նախագծին

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց 2024թ. պետական բյուջեի նախագծին

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օրեր շարունակ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նախագծի քննարկումից հետո գլխադասային հանձնաժողովում բյուջեի նախագիծը ներկայացրեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

Նախարարն ասաց, որ իրենց քաղաքականությունը և մոտեցումն ուղղված է առաջին հերթին կառավարության ծրագրով նախանշված միջոցառումների պատշաճ իրականացմանը:  

«Եվ այս բյուջեում ամենակարևոր տեղն ունի դպրոցաշինության ծրագիրը: Բնականաբար, բոլոր ծախսերն ու միջոցառումները պետք է իրականացնենք այնպես, որ մեծացնենք Հայաստանի տնտեսության ներուժը, որ կարողանանք հետագայում ավելի մեծ տնտեսական աճ ապահովել՝ միաժամանակ պահպանելով հարկաբյուջետային կայունությունը, կառավարելի պահելով պարտքի մակարդակը և ամեն ինչ անելով, որ պարտքի մակարդակը պահպանենք 50 տոկոսից ցածր մակարդակում»,-ասաց Հովհաննիսյանը:

Ներկայացված նախագծով նախատեսվում է, որ բյուջեի պակասուրդը կկազմի 3.2 մլրդ դրամ:

«Բայց, հաշվի առնելով հավելյալ ծախսերի պահանջը և ակնկալվող ծրագրերը, մենք նախատեսել ենք, որ նախկինում Լեռնային Ղարաբաղին ուղղվող աջակցության ամբողջ գումարը՝ 144 մլրդ դրամը դեֆիցիտից կբարձրանա վերև և կհայտնվի մեր ծախսերի մեջ՝ որպես աջակցություն մեր հայրենակիցներին: Դրա արդյունքում մենք մյուս տարի կունենանք 4.6 տոկոս դեֆիցիտ»,-ասաց նախարարը:

Նա վստահեցրեց, որ դա ֆիսկալ վիճակի վրա էական ազդեցություն չի ունենա: Գումարները, որոնք նախկինում տրամադրում էին որպես վարկային միջոցներ, հիմա կտրամադրեն որպես ծախս, այդ ծախսն արդեն պետք է իրականացնի Հայաստանի Հանրապետությունը:

Հարկային եկամուտները 2024թ. պետական բյուջեի նախագծով պլանավորվում են 2 տրլն 566 մլրդ դրամի չափով: Նախարարը հավանական համարեց, որ այդ գումարը կավելանա: Նպատակ ունեն հիփոթեքային վարկերի գծով տրամադրվող հետվերադարձն արտացոլել բյուջեում:

Ընթացիկ ծախսերը կկազմեն 2 տրլն 321 մլրդ դրամ, իսկ կապիտալ ծախսերը՝  710 մլրդ դրամ:

Բյուջեի նախագիծը հանձնաժողովում ստացավ 4 կողմ, 1 դեմ ձայներ: Այն քննարկվի ԱԺ լիագումար նիստում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am