Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Ադրբեջանցիները շարունակում են կաշառել եվրոպացի պատգամավորներին, բայց ավելի զգուշավոր են դարձել. ադրբեջանագետը «խավիարային դիվանագիտության» մասին

Ադրբեջանցիները շարունակում են կաշառել եվրոպացի պատգամավորներին, բայց 
ավելի զգուշավոր են դարձել. ադրբեջանագետը «խավիարային 
դիվանագիտության» մասին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված բազում խնդիրները կամ ընդհանրապես այդ իրավունքների բացակայության հանգամանքը դրդում է ադրբեջանցիներին գնալ կոնկրետ գործողությունների՝ այդ ամենը կոծկելու նպատակով։ Կեղծ իմիջ ձևավորելու համար նրանք կաշառում են եվրոպացի պատգամավորներին։ Նախկինում գրանցվել են հայտնի սկանդալներ, որոնք ստացել են «խավիարային դիվանագիտություն» անվանումը, քանի որ կաշառքի հանգամանքն էապես ազդել է եվրոպացի շատ պատգամավորների կարծիքի, խոսքի, մոտեցումների, հրապարակումների ու զեկույցների վրա։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ Տաթև Հայրապետյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից եվրոպացի պատգամավորներին կաշառելու պրակտիկային։

Եվրոպական խորհրդարանը հրապարակել է հուլիսի 13-ին ընդունված բանաձևը թափանցիկության, հաշվետվողականության և հակակոռուպցիոն կանոնների բարեփոխման առաջարկությունների վերաբերյալ, որտեղ անդրադարձ կա նաև Ադրբեջանին։ Բանաձևում նշվում է, որ Ադրբեջանը լայնածավալ ազդեցության և կոռուպցիայի հիմնավոր կասկածներ հարուցող գործողություններ է իրականացրել ԵԽԽՎ պատգամավորների նկատմամբ և կարողացել է կանխել իր ընտրությունների հետ կապված հետաքննությունը, ինչպես նաև կոծկել է իր կողմից մարդու իրավունքների ոտնահարումները:

«Աղմկահարույց զեկույցները վկայում են, որ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի գործողությունները ներառում են լայն ցանց և ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամիդ Սեիդովն ուղղակիորեն ներքաշված է ապօրինի գործարքների մեջ։ Երբ մենք գնում էինք Ստրասբուրգ, ադրբեջանցիներն արդեն շատ զգուշավոր էին գործում։ Այդուհանդերձ, փաստերը դրանից չեն վերացել, և նույն Սեիդովը շարունակում է գլխավորել ադրբեջանական պատվիրակությունը»,- ասաց Հայրապետյանը։

Անդրադառնալով այն դիտարկմանը, որ Ալիևի վարչակարգին չկանգնեցրեց նույնիսկ ԵԽԽՎ նախկին ղեկավար Պեդրո Ագրամունտի սկանդալային պաշտոնանկությունը, ադրբեջանագետն ընդգծեց, որ «խավիարային գործարքները» շարունակվում են նաև մեր օրերում։ Ըստ նրա՝ նույն Ագրամունտը և մյուսները տևական ժամանակ եղել են վերոնշյալ կառույցում՝ նպաստելով ադրբեջանամետ ձևակերպումներին, որոնք չեն արտացոլել իրավիճակը թե՛ Ադրբեջանի ներքին զարգացումների, թե՛ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ։ Ի վերջո, բոլոր փաթեթները հավաքվում են, և պաշտոնական Բաքուն այդ ամենն իր ձեռքին դաձնում է գործիք։ Ճիշտ է, փաստերը հրապարակվում են, մարդիկ անցնում են դատական գործընթացների միջով, սակայն հսկայական վնասը մնում է։

«Ադրբեջանը բազմաթիվ քաղբանտարկյալների, մարդու իրավունքների խախտումների համար չի արժանանում պարսավանքի, մինչդեռ նույն եվրոպական երկրները նմանատիպ երևույթների դեպքում արժանանում են խիստ քննադատության։ Փաստորեն Եվրոպայի համար կան լավ և վատ բռնակալներ։ Ալիևն այս պարագայում ընդունելի բռնակալ է, ինչը նրան մեր տարածաշրջանում դարձնում է ավելի սանձարձակ։ Եվ հետո ադրբեջանցիները ցույց են տալիս, որ իրենց համար ոչ մի արժեք չեն ներկայացում ԵԽԽՎ բանաձևերը, նրանք արհամարհանք են դրսևորում այն կառույցների նկատմամբ, որոնց անդամագրված են։ Եթե վերոհիշյալ կառույցնեերում դրսևորվեր սկզբունքայնություն, ապա կդրվեր Ադրբեջանի հեռացման կամ առկախման հարցը, այսինքն՝ կարվեին քայլեր, որոնք կդրդեին Բաքվին հարգել եվրոպական բանաձևերը»,- նշեց Հայրապետյանը։

Նրա դիտարկմամբ՝ եթե կաշառող կողմը չի պատժվում, եթե սկանդալների մեջ ներքաշված նույն մարդիկ շարունակում են մնալ եվրոպական կառույցներում, ապա այդ դեպքում գործ ունենք միակողմանի պատժի հետ, երբ պատժվում են միայն կաշառվողները։ Բայց դա չի նշանակում, որ կաշառողները չեն շարունակելու իրենց գործունեությունը։ Պարզապես ադրբեջանցիները կդրսևորեն զգուշավորություն՝ փորձելով գտնել այլընտրանքային աղբյուրներ։ Նրանց վարքագիծը դրսևորվում է տարբեր ձևերով, այսինքն՝ մի կողմից առկա է ուղիղ կաշառք տալու իրողությունը, մյուս կողմից ակնառու է, թե ինչպես նույն ժողովրդավար Եվրոպայի ներկայացուցիչները մեկնում են Բաքու, սեղմում Ալիևի ձեռքը՝ նրան համարելով հուսալի գործընկեր գազի դիվերսիֆիկացիայի համատեքստում, մինչդեռ այդ ամենը զուգահեռվում է «գազային բլեֆի» թեմային, որն անշուշտ որոշ չափով ազդում է Հարավային Կովկասում ԵՄ-ի քաղաքականության վրա։

Փաստերը դիտարկելիս՝ ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը չունի գազային այն պաշարները, որպեսզի կարողանա Եվրոպայի նման մեծ տարածքին մատակարարել պահաջված քանակով։ Ադրբեջանն ինքն է գազ ձեռք բերում Իրանից, Թուրքմենստանից, Ռուսաստանից, և հաճախ վաճառում է նաև ռուսական գազը։ Հայրապետյանի կարծիքով՝ գործ ունենք մեծ գործարքի հետ, որի պարագայում մի կողմից եվրոպացիները կարծում են, թե դիվերսիֆիկացնում են ռուսական գազը՝ օգտագործելով ադրբեջանականը, բայց իրականում իրացնում են նույն ռուսական էներգակիրը, որն իրենց հասնում է ադրբեջանական խողովակներով։

«Աբսուրդն այն է, որ Եվրոպան պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի դեմ, սակայն Հարավային Կովկասում աջակցում է ագրեսիվ գործողությունների գնացած և բռնապետական վարչակարգի ջատագով Ադրբեջանին՝ ցույց տալով, որ վերջինս մեր տարածաշրջանում իրենց գործընկերն է։ ԵՄ-ն միշտ Հայաստանի ու Վրաստանի հետ ունենում է բարեփոխումների օրակարգ, իսկ Ադրբեջանի հետ՝ էներգետիկ համագործակցության օրակարգ, մինչդեռ բարեփոխումները նույն Ադրբեջանի դեպքում ոչ մի ազդեցություն չեն ունենում»,- եզրափակեց ադրբեջանագետը։

Մանվել Մարգարյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am