1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Անզսպելի կարոտի կանչն ու «պետական հանցագործը»

Անզսպելի կարոտի կանչն ու «պետական հանցագործը»

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Ես ուսում ու գաղափար չունեմ, ես սիրտ ունեմ, որ խոսք ու խրատ չհասկնա... Որ կարոտցավ, կծռի, որ ծռավ՝ օրենք ու սահման կմոռնա...»:

Առաքել Էլոյան

 

Չէ, Առաքել Էլոյանը նշանավոր մարդ չէ, հազիվ թե նրան որեւէ մեկը ճանաչի, եթե չի կարդացել Հրաչյա Քոչարի «Կարոտ» վիպակը, իսկ թե կարդացել է, հազիվ թե մոռանա աշխարհ ու պետություններ խառնած միամիտ Առաքելին ու նրա կարոտը... Թեեւ Հրաչյա Քոչարը, ասենք, անգլիացի գրող Օրուելի համբավը չունի, հենց միայն այս վիպակով արժանի էր առավել լայն ճանաչման, քան հայ իրականության մեջ ծնված գրողի ու նրա ստեղծագործության նեղ աշխարհագրության սահմաններն են։ Պարզ ու միամիտ գյուղացի Առաքելը շատերի նման կորցրել է Երկիրը, ինքնամփոփվել, տրվել բնությանը ու ներքուստ այրվում է հոգու մեջ անթեղված կարոտի անլռելի կանչից։ Չկա մեկը, ում հետ կիսի կարոտի համր, բայց եւ անլուռ ցավը, որ մի օր՝ որպես բացված վերքը, մղում է առաջ, դեպի անթույլատրելիի սահմանը... Ու գյուղում ամենքի ծաղրին արժանացած, «տախտակը պակաս» Առաքելը հայտնվում է իր կարոտի գրկում, այնտեղ, որտեղ, գուցե շատերը կերազեին լինել, սակայն միայն Առաքելն է համարձակվում ունկնդիր լինել սրտի ձայնին ու գնալ կանչի ետեւից... Նա գնում է մանկության լեռները՝ կորցրած հայրենիքի համուհոտն առնելու, խոնարհվելու նախնյաց գերեզմաններին, հիշելու... Եվ որպես կծիկը, քանդվում է մի ողջ պատմություն՝ անհատների, ժողովուրդների, պետությունների աբսուրդ հարաբերության... Թե փորձենք վերապատմել ընթերցողին լարվածության մեջ պահող դրամատիկ վիպակը, զարմանալիորեն կհայտնաբերենք, որ այն նույնքան զավեշտալի է, որքան դրամատիկ...

Այո, զավեշտալի, եթե չլիներ այն ողբերգությունը, որ ընկած է պատմության հենքում, չլիներ ցեղասպանությունը ու միլիոնավոր զոհերի ահասարսուռ հառաչի հիշողության կանչը, կանչ, որի ետեւից անայլայլ գնաց Առաքել Էլոյանը, ու պետություններ խառնվեցին՝ պարզելու այդ «դավաճանական» քայլի էությունը։ Մոսկվայից Անկարա ու Անկարայից Մոսկվա՝ անհանգստության, միեւնույն ժամանակ երկու պետությունների միջեւ միմյանց նկատմամբ հարգալից հավաստիացումներով գրություններ էին հղվում Առաքել որդի Հակոբի Էլոյանին գտնելու ու Խորհրդային Միություն վերադարձնելու, նրա հանցավորությունը պարզելու ու պատժելու հեռանկարով։ Ի վերջո, թուրքական կառավարության ջանքերով հայտնաբերվում է «կորուսյալը» եւ որակվում որպես անգլիական հետախուզության գործակալ՝ հայտարարվելով երկու բարեկամ պետությունների թշնամի։ Խորհրդային Միությանը հանձնված «գործակալ» քաղաքացու հանդեպ, իհարկե, անհապաղ սկսվում է մեծ ու լուրջ դատավարություն։ Միամիտ Առաքելը, որ շատ բան էր պարզել իր համար Երկիր այցելելուց հետո, եղածը անթաքույց պատմում է դատարանում, սակայն, որքան էլ հետաքրքրված նրա պատմությամբ ու ընդունելով դրա հավաստիությունը, Առաքելին բաժին ընկած թշնամու պիտակը գետին չպիտի մնար, թեեւ Առաքելի համար արդեն կարեւոր չէր վայելած ազատության դիմաց անազատությամբ հատուցելը, եթե անգամ մահվան սպառնալիք լիներ այն. «Մահվանից էն կողմ ոչ չարչարանք կա, ոչ ահ ու սարսափ, ուրեմն ինչու հոգուդ մեղք անես, ծուռը շիտակ ասես, շիտակը՝ ծուռ»։

Սակայն շիտակ խոսքն առավել էր կասկածներ առաջացնում, քան աշխարհին անհայտ գյուղացու՝ օտարերկրյա գործակալ ու «պետական հանցագործ» լինելը։ Ու չնայած համագյուղացիներն արդեն այլ աչքով էին նայում նրան ու Երկրից իրենց կարոտն էլ նրա պատմությունների միջոցով էին ուզում առնել, Առաքելն առաջվա պես սակավախոս մնաց ու նրանց հետաքրքրասիրությունը բավարարեց հակիրճ ամփոփումով. «Նպատ լեռան ստորոտի Հովհաննու մեծ վանքը դարձյալ կանգուն է մնում իր տեղում, եւ Մուրադ գետն էլ, մեր Արածանին, դարձյալ առաջվա պես հոսում է մարգագետինների միջով՝ արեւելքից դեպի արեւմուտք…»: Ասել է թե՝ հավերժը բնությունն է, իսկ մարդկային կրքերը չնչին են դրա դեմ ու փոփոխական... Վիպակում թուրք տեսակի էությունը Քոչարը բացում է Առաքելի ու լեռներում ծվարած զինյալ քրդերի հանդիպման դրվագներով, քրդեր, որ թուրքական իշխանությունների հրահրմամբ կոտորում էին հայերին, իսկ հայերի կոտորվելուց հետո թուրքերն անցնում էին քրդերին ոչնչացնելու գործին։ Քուրդ տեսակին Առաքելը լավ էր ճանաչում՝ թե՛ նրանց վատն էր տեսել, թե՛ լավը, եւ չէր ընդհանրացնում նրանց ու ամենքին իր արժանի տեղն էր դնում։

Հրաչյա Քոչարի տաղանդավոր գրիչը իր ժողովրդի լուռ ցավի վկան ու արտահայտիչն է, նրա վերածնման ու հարատեւման հավատավորը։ Ասես նյարդերի գերպրկվածությամբ է նա թղթին հանձնում ողջ գերդաստանը կորցրած Նահապետի տառապանքն ու մեռյալությունից հառնող նրա վերածննդի պատկերը, վերածնունդ, որին, ի վերջո, հանգում է ինքն իրեն հաղթահարած հերոսը. «Հայ ազգ դիմացկուն ի Նուբար, քարի պես պինդ ի, ծովի պես անսպառ ի. էդ ինչի՞ց ի, Նուբար... որովհետեւ հայ ազգ արդար ի, սիրտ մաքուր ի, աշխատանք կսիրե, կյանք կսիրե, էդ պատճառով էլ կմեռնի, հարություն կառնի...»:

Այդպես էլ գրողը. ամեն ընթերցանության հետ հարություն է առնում մեր հիշողության դաշտում. փետրվարի 1-ը (հունվարի 19) Հրաչյա Քոչարի Գաբրիելյանի (Հրաչյա Քոչար) ծննդյան օրն է։

Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]