ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դիմադրության» շարժումը հետաձգել է հուլիսի 21-ին նախատեսված հանրահավաքը՝ պայմանավորված առաջիկա օրերին սպասվող աննախադեպ շոգ եղանակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է շարժման համակարգող, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
«Սիրելի հայրենակիցներ, մի շարք գործընկերներ և քաղաքացիներ առաջարկել են հետաձգել հինգշաբթի օրը՝ հուլիսի 21-ի հանրահավաքը՝ հաշվի առնելով առաջիկա օրերին սպասվող աննախադեպ շոգ եղանակը:
Մենք քննարկել ենք այդ առաջարկը եւ որոշել հանրահավաքը տեղափոխել հաջորդ ուրբաթ՝ հուլիսի 29-ին:
Միևնույն ժամանակ շարունակում ենք շարժման ընդլայնմանն ուղղված կազմակերպական աշխատանքները և ուշադիր հետևում քաղաքական բոլոր զարգացումներին։ Եթե շտապ հավաքվելու անհրաժեշտություն լինի, անմիջապես կտեղեկացնենք։
Հանդիպում ենք հուլիսի 29-ին` ուրբաթ օրը, ժամը 19։30-ին, Ֆրանսիայի հրապարակում»,- գրել է Սաղաթելյանը։