Փաշինյանը խաղաղության հասնելու համար օգտակար չի համարում մեխանիկական փոխադարձության սկզբունքը
2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի բանակցությունները հաջողություն են գրանցել, երբ երկրները որոշել են դուրս գալ մեխանիկական փոխադարձության սկզբունքից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Երևանում անցկացվող «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» միջազգային համաժողովի ընթացքում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանում շատ է քննարկվում, այսպես կոչված, փոխադարձության սկզբունքը, որ Հայաստանը պետք է անի քայլեր, ինչը որ ուրիշներն են անում, և ուրիշները պետք է անեն քայլեր, ինչը որ Հայաստանում են անում: Ես կարծում եմ, որ այս տրամաբանությունը երբեք չի բերի իրադրության փոփոխության, և մենք դա տեսանք 2024 թվականին: Պետք է շատ պարզ արձանագրել՝ ե՞րբ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների հաջող ավարտը․ այն ժամանակ, երբ մենք որոշում կայացրեցինք դուրս գալ մեխանիկական փոխադարձության սկզբունքից: Այսինքն, մենք տեսանք, որ կա մի իրավիճակ, որ խաղաղության համաձայնագրի տեքստն ավելի լավը դարձնելու որևէ պոտենցիալ այլևս չկա և մեր առաջ եկավ ընտրություն՝ շարունակե՞լ փոխադարձության «պինգ-պոնգը», թե, այնուամենայնիվ, գնալ այլ տրամաբանություն կառուցելու ճանապարհով»,- ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը հավելեց՝ այժմ Ադրբեջանի համար բաց չէ Հայաստանի երկաթուղին, և, եթե լիներ փոխադարձության սկզբունքի տրամաբանությունը, Ադրբեջանի երկաթուղին ևս պետք է փակ լիներ Հայաստանի համար: