ԹՐԻՓՓ-ից առավելություններ են ստանալու տարածաշրջանի բոլոր երկրները. Փաշինյան
1 րոպեի ընթերցում

Հայաստանի տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի իրագործումից առավելություններ են ստանալու տարածաշրջանի, ինչպես նաև տարածաշրջանից դուրս նախագծին մասնակցություն ունեցող բոլոր երկրները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները: ԹՐԻՓՓ-ը մեր «Խաղաղության խաչմերուկ» նախագծի համատեքստում ենք դիտարկում և մենք դա տեսնում ենք որպես խաղաղության և ոչ թե հակառակի գործիք: Պետք է օգտվել այդ հնարավորությունից»,-ասաց Փաշինյանը:
Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը Երևանն ու Վաշինգտոնը նախաստորագրել էին մայիսի 26-ին։ Ստորագրման գործընթացն ավարտվել էր հունիսի 4-ին՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ստորագրություններով։ Հուլիսին Կառավարությունը հավանություն էր տվել համաձայնագիրը վավերացնելու նախագծին։