Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հունիս 2022

Հայաստանն ու Արգենտինան ավելի մոտ. «Արմենպրես»-ն ու ՏԵԼԱՄ-ը ստորագրել են համագործակցության համաձայնագիր

Հայաստանն ու Արգենտինան ավելի մոտ. «Արմենպրես»-ն ու ՏԵԼԱՄ-ը ստորագրել են 
համագործակցության համաձայնագիր

ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը և Արգենտինայի ազգային ՏԵԼԱՄ լրատվական գործակալությունը երկու երկրների հումանիտար-տեղեկատվական կապերի ամրապնդման նոր հիմք են ստեղծել՝ ստորագրելով համագործակցության համաձայնագիր:

Փաստաթղթի ստորագրումը կայացել է Բուենոս Այրեսում՝ ՏԵԼԱՄ-ի կենտրոնակայանում: Արգենտինական գործակալության ղեկավարությունը մայիսի 23-ին հյուրընկալել է Արգենտինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Վիրաբյանին, ում գործուն ջանքերով կյանքի է կոչվել համագործակցության համաձայնագրի ստորագրումը, «Արմենպրես»-ի տնօրեն Նարինե Նազարյանին և դեսպանության իրավախորհրդատու Վիոլետա Առաքելյանին:

Փաստաթուղթը ստորագրել են Նարինե Նազարյանը և ՏԵԼԱՄ-ի նախագահ Բերնարդա Յորենտեն: Համաձայնագրով կողմերը նախատեսում են իրականացնել համատեղ ծրագրեր՝ ուղղված տեղեկատվական դաշտի զարգացմանը, մշակույթի, հումանիտար, տնտեսական, սպորտի բնագավառներում և քաղաքական հարցերով օբյեկտիվ ու մասնագիտական լրատվական գործունեության խրախուսմանը, տեղեկատվական հոսքերի ամրապնդմանը և երկու ժողովուրդների մերձեցմանը։ Կողմերը կօգտագործեն իրենց կուտակած փորձառությունը տարբեր ծրագրերի համատեղ իրականացումը հաջող իրագործելու համար։

«Արմենպրես»-ի տնօրենը և ՏԵԼԱՄ-ի նախագահը քննարկել են լրատվական գործակալությունների աշխատանքում թվային տեխնոլոգիաների կիրառման անհրաժեշտությունը, ժամանակակից մարտահրավերներին ընդառաջ նոր լուծումների ներդրման հրամայականը, երկուստեք ներկայացրել են լուրերի և լուսանկարների արխիվացման, բազմաժանր լրահոսի ապահովման սեփական փորձը:

«Արմենպրես»-ն արդեն 103 տարի Հայաստանի կողքին է՝ Առաջին հանրապետության տարեկիցն ու նրա պատմության վավերագրողը: Հայաստանի պետական լրատվական գործակալությունը միջազգային չորս լրատվական կազմակերպությունների անդամ է, համագործակցության փաստաթղթեր ունի աշխարհի 20 պետությունների լրատվական գործակալությունների հետ և իր փորձն ու հնարավորությունները կներդնի Լատինական Ամերիկայի տարածաշրջանը հայ ընթերցողին ավելի մոտեցնելու և ճանաչելի դարձնելու հարցում: Այդուհանդերձ, պետք է նշեմ, որ Հայաստանն ու Արգենտինան միմյանցից հեռու են միայն աշխարհագրորեն. մեր ժողովուրդների սրտերը շատ մոտ են: Մենք փոխադարձ հետաքրքրություն ունեցող շատ ոլորտներ ունենք, որոնք պետք է վեր հանենք ու ներկայացնենք մեր ընթերցողներին նաև այսօրվա փաստաթղթով հիմք դրված համագործակցությամբ»,- նշել է Նարինե Նազարյանը՝ ուրախությամբ տեղեկացնելով, որ «Արմենպրես»-ի հինգ օտար լեզուներին (անգլերեն, ռուսերեն, արաբերեն, ֆրանսերեն, թուրքերեն) ավելանալու է ևս մեկը՝ իսպաներենը. կայքի իսպաներեն բաժնի շնորհանդեսը նախատեսված է մայիսի 24-ին Արգենտինայում ՀՀ դեսպանությունում:

«Համաձայնագրի ստորագրումը մենք համարում ենք կարևոր և ռազմավարական քայլ, քանի որ Արգենտինան և Հայաստանն ամուր պատմական կապեր ունեն, և բարձր ենք գնահատում հայկական մեծ համայնքի դերը մեր երկրում», - ասել է Յորենտեն։ Նա համոզված է՝ լրատվական գործակալությունները խնդիր ունեն «ավարտելու իրենց թվայնացման գործընթացը և խոսելու այս դարաշրջանի լեզվով»: «Դրան զուգահեռ և ի լրումն այն առաքելության, որն իրականացնում է ՏԵԼԱՄ-ը 76 տարի, թվային դարաշրջանին հարմարվող գործակալությունը նոր հնարավորություններ է ստեղծում ընթերցողների հետ ուղիղ երկխոսության համար»,-ընդգծել է Յորենտեն:

«Արմենպրես»-ի տնօրենը շրջայց է կատարել ՏԵԼԱՄ-ի երեք մասնաշենքերում, ծանոթացել թվայնացման և արխիվացման ծառայություններին, վերանորոգման փուլում գտնվող ստուդիաների ձևավորման մոտեցումներին, ինչպես նաև ընթերցողների հետ ուղիղ կապի ստեղծման նպատակով այցելուների կենտրոնի կառուցման աշխատանքին:

«Արմենպրես» լրատվական գործակալությունը հիմնադրվել Է 1918 թվականի դեկտեմբերի 18-ին, երբ Հայաստանի առաջին հանրապետության Ազգային Խորհրդի որոշմամբ ստեղծվեց նախադեպը չունեցող պետական լրատվական` Հայկական հեռագրական գործակալությունը: «Արմենպրես»-ի թիմը պահպանում է գործակալության առաջատար դերը հայաստանյան լրատվադաշտում և ամուր հիմքեր է ստեղծում տարածաշրջանային և միջազգային լրատվական հարթակներում՝ գործակալության ներկայությունն ապահովելու և զարգացնելու առումով: Գործակալությունը միջազգային մամուլում Հայաստանի ամենացիտվող լրատվամիջոցն է: «Արմենպրես»-ի լրատվությունից, բացի գործընկերներից, օգտվում են այնպիսի միջազգային հսկաներ, ինչպիսիք են CNN-ը, UPI-ը, «Սինխուա»-ն, BBC-ն, «ՌԻԱ նովոստի»-ն և այլն:

ՏԵԼԱՄ լրատվական գործակալությունը հիմնադրվել է 1945 թվականին: Այն ունի բազմաթիվ բաժանորդներ, թողարկում է տեքստային, ֆոտո-վիդեո-աուդիո արտադրանք՝ յուրաքնաչյուր օր հրապարակելով 500 տեղեկատվական նյութ: Գործակալությունը Լատինական Ամերիկայի վերաբերյալ ամենաընդգրկուն լրատվություն ապահովող մեդիա ռեսուրսն է:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]